ԱԺ խմբակցութիւնները՝ ընդդէմ ԵԽԽՎ նոր բանաձևի


«Պարոն Կիրիլովը, ոչ մի անգամ չլինելով Ղարաբաղում և չընդունելով տարածաշրջան այցելութեան հրաւէրը, չի կարող ամբողջական զեկոյց տրամադրել»


16:16 • 21.05.10

Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցութիւններն այսօր խորհրդարանում կայացած ճէպազրոյցների ժամանակ քննադատեցին Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստում երէկ ընդունւած թիւ 2216 բանաձևը, որով Հայաստանին կոչ է արւում դուրս բերել զօրքերը «օկուպացւած տարածքներից»։

Խմբակցութիւնների ներկայացուցիչները նախ շեշտեցին, որ այդ կառոյցում ընդունւած բանաձևերն աւելի շատ խորհրդատւական բնոյթ են կրում և պարտադիր չեն կատարման համար, ապա գրեթէ բառացիօրէն կրկնեցին ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի բնորոշումը՝ բանաձևի հեղինակն անտեղեակ է ԼՂ իրավիճակին։
«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորները քննադատեցին բանաձևը՝ նշելով, որ այն անընդունելի է և որ հարկաւոր է պայքարել նմանատիպ բանաձևերի ընդունումը հետագայում կանխելու համար։
«Ես բանաձևին բաւական ծանօթ եմ, մենք ունենք բաւական յաջողւած կէտեր, որոնք արտացոլւած են զեկոյցում, բայց կայ նման անհեթեթ բան, որը խօսւել է ներկայացուցիչներից մէկի՝ բուլղարացի Կիրիլովի կողմից, որն ընդհանրապէս ծանօթ չի եղել իրական վիճակին, չի ուսումնասիրել խնդիրը։ Նա այն բուլղարացի պատգամաւորներից է, որը Բուլղարիայում Հայոց Ցեղասպանութեան խնդրի հետ կապւած միշտ դէմ է խօսել և դէմ է քւէարկել։ Նա ուղղակի՝ առանց ուսումնասիրելու, առանց իմանալու խնդրի ամբողջութիւնը, առանց քննարկելու նոյնիսկ Մինսկի խմբի համանախագահող պետութիւնների հետ այդ հարցերը, ուղղակի իր սուբյէկտիւ, անհեթեթ մօտեցումն է ցուցաբերել, և ես կարծում եմ՝ սա չպէտք է հետևանքներ ունենայ»,– յայտարարեց ՕԵԿ պատգամաւոր Հեղինէ Բիշարեանը։
«Սուտ, ակնյայտ կեղծ տւեալները քննարկման առարկայ չպէտք է դառնան»,– շարունակեց նոյն խմբակցութեան պատգամաւոր Յովհաննէս Մարգարեանը։
ՀՅԴ–ի պաշտօնական տեսակէտը բանաձևի շուրջ կը հնչի կուսակցութիւնում հարցը քննարկելուց յետոյ։ Այս մասին Արծւիկ Մինասեանը յայտնեց իր անձնական կարծիքը. «Սա ակամայից մեզ բոլորիս յիշեցնում է այն հնարաւոր զարգացումների մասին, որոնց մասին մենք խօսում էինք Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի դէպքում։ Եւ բնական է, որ թուրք–ադրբեջանական տանդեմի ակտիւ աշխատանքն արտաքին ոլորտում յանգեցրեց նաև այսպիսի զեկոյցի ընդունմանը, որը թէև պարտադիր բնոյթ չի կրում և խորհրդատւական փաստաթուղթ է, բայց ընդհանուր տրամադրութեան ձևաւորմանն է միտւած»։
Դաշնակցական պատգամաւորն ասաց, որ բանաձևում աւելի վտանգաւոր կէտեր են եղել, բայց ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների աշխատանքի շնորհիւ փաստաթուղթը քիչ թէ շատ փոխւել է։ «Որպէսզի չսխալւեմ, որովհետև ձևակերպումները բառացի չեմ յիշում, բայց այնպիսի դրոյթներ են եղել, որ նոյնիսկ ԼՂ մասով փորձ է արւել ներկայացնել, թէ իբր դա անջատողականների մի շարժում է եղել։ Ընդհանուր միտքը սա էր»,– յայտարարեց Մինասեանն ու աւելացրեց, որ նման փաստաթուղթն իր մէջ նաև պատերազմի վտանգ է պարունակում։
ԲՀԿ պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը տեղեկացրեց, որ նման փաստաթղթերը կատարման համար պարտադիր չեն, ապա «ծանօթացրեց» բուլղարացի պատգամաւորի անձի հետ. նա, ըստ Զոհրաբեանի, «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախաձեռնող նախագահն է։
«Այս բանաձևը մեզ համար ընդունելի չէ, որովհետև հակասում է Մադրիդեան սկզբունքներին, հակասում է հէնց ԵՄ դիրքորոշմանը ԼՂ հարցով, որը ԵՄ–ն արտայայտել է 2009թ. Աթէնքում և ԵՄ առաջընթացի մասին զեկոյցում ԼՂ–ին վերաբերող հատւածն այս բանաձևի հետ որևէ կապ չունի»,– ասաց ԲՀԿ–ական պատգամաւորը։
Բանաձևի յիշեալ կէտի մասին ՀՀԿ մամուլի խօսնակ, պատգամաւոր Էդւարդ Շարմազանովն ասաց, որ բանաձևի՝ զօրքերը դուրս բերելու մասին կէտը հիմնաւոր չէ։
«Պարոն Կիրիլովը, ոչ մի անգամ չլինելով Ղարաբաղում և չընդունելով տարածաշրջան այցելութեան հրաւէրը, չի կարող ամբողջական զեկոյց տրամադրել։ Նա գոնէ պէտք է խորհրդակցէր ֆրանսիացի համանախագահի հետ»,– յայտարարեց ՀՀԿ մամուլի խօսնակը։

Tert.am

0 Պատգամ: