Թուրքական հերթական նկրտումների մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն Նախիջևանի Մէջլիսի նախագահի հետ հանդիպմանը յայտարարել է, թէ Թուրքիան միշտ հետաքրքրւել է Նախիջևանով: Նա ասել է, թէ Կարսի պայմանագիրը մնում է ուժի մէջ, որով Թուրքիան համարւում է Նախիջևանի անվտանգութեան երաշխաւորը: Նախիջևանի անվտանգութիւնը Թուրքիայի անվտանգութիւնն է, յայտարարել է Դաւութօղլուն:
Lragir.am 28.04.2010

Արա Պապեան
Սա առաջին դէպքը չէ, երբ մեր հարևան երկրի արտգործնախարարն աչքի է ընկնում բացառիկ երևակայութեամբ:
Նա յաճախ բաներ է տեսնում, որոնք իրականութեան մէջ չկան: Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մէջ, որով Թուրքիան համարւում է Նախի­ջևանի երաշխաւորը» դրանց թւից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականութեան և (ան) օրինականութեան հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու,[1] այսու անդրադառնամ միայն պնդման երկրորդ մասին. «...Թուրքիան համարւում է Նախիջևանի երաշխաւորը»:
Կարսի, այսպէս կոչւած, պայմանագրի նման մեկնութիւնը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք ի՞նչ է ասւած Կարսի, այսպէս կոչւած, պայմանագրի մէջ: Գրում եմ «այսպէս կոչւած», քանզի այն ընդհանրապէս պայմանագիր չէ, որովհետև չի կնքւել միջազգային իրաւունքի սուբյէկտների միջև, այլ գործարք է 2 հրացանաւոր-յանցաւոր քաղաքական ուժերի` բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանութիւնն ապօրինաբար բռնազաւթած և իշխանութեան բռանազաւթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ յօդւածում գրւած է.
«Թուրքիայի կառավարութիւնը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնները համաձայն են, որ սոյն պայմանագրի III յաւելվածում նշւած սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիայ` Ադրբեջանի խնամակալութեան ներքոյ»:
[2]
[Article 5. The Turkish Government and the Soviet Governments of Armenia and Azerbaijan are agreed that the region of Nakhichevan, within the limits specified by Annex III to the present Treaty, constitutes an autonomous territory under the protection of Azerbaijan.][3] [Статья 5. Турецкое Правительство и Советские Правительства Азербайджана и Армении соглашаются, что Нахичеванская область в границах, указанных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербайджана.][4]
Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրութիւն հրաւիրել այն յոյժ կարևոր հանգամանքի վրայ, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարւում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնւում է Ադրբեջանի «խնամակալութեան ներքոյ» (under the protection; под покровительством): Ընդհանրապէս, ըստ միջազգային իրաւունքի, «պրոտեկտորատը իրաւական յարաբերութիւն է երկու պետութիւնների միջև» (Under International Law protectorate is the legal relation between two states):[5] Այսինքն, դրանք երկու առանձին միաւորներ են և միևնոյն երկրի երկու մասերը չեն:[6] Ինչպէս, օրինակ, Թունիսը և Մարոկօն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր:
Նախիջևանի ԻՍՍՀ դրօշը, որի վրայի հայերէն
մակագրութիւնը վկայում է այդ վարչական
միաւորի հայկական էութեան մասին
Ակնյայտ է, որ Կարսի, այսպէս կոչւած, պայմանագրի 5-րդ յօդւածը կողմերից որևէ մէկին չի տւել երաշխաւորի (guarantor) կարգավիճակ: Այդ յօդւածին մաս հանդիսացող 3 կողմերից երկուսը («Թուրքիայի կառավարութիւնը և Սովետական Հայաստանի... կառավարութիւնը») ունեն իրաւահա­ւասար կարգավիճակ: Յիշեալ յօդւածի մէջ ընդհանրապէս չկայ որևէ յանձնառութիւն, այլ միայն առկայ է 3 կողմերի միջև համաձայ­նութիւն Նախիջևանի մարզի կարգավիճակի մասին: Այսինքն, սոյն յօդւածն ամրագրում է կայացած, աւարտւած պայմանաւորւածութիւն, այլ ոչ թէ ապառնի պարտաւորութիւն: Երաշխաւորող պայմանագրի էութիւնը` երաշխաւորւող յանձնառութիւնն է (The substance of a guarantee treaty is the guarantee commitment):[7] Երաշխաւորւող հյնձնառութեան բացակայութիւնը զրկում է, անգամ մեծ ցանկութեան դէպքում, Կարսի, այսպէս կոչւած, պայմանագիրը դիտարկել որպէս երաշխաւորող պայմանագիր:
Ընդսմին, երաշխաւորող պայմանագրի մէջ պէտք է յստակ լինի, թէ ով ինչ է երաշխաւորում: Օրինակ, Ազգերի լիգայի Կանոնակարգի (The Covenant of the League of Nations) 10-րդ յօդւածով կազմակերպութիւնը երաշխաւորում էր իր անդամների ՙտարածքային ամբողջականութիւնն ու գոյութիւն ունեցող քաղաքական անկախութիւնը» (the territorial integrity and existing political independence): Մեր քննարկման հերոս Թուրքիան, Յունաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, եռակողմ պայմանագրով (1959թ.) [յօդւած 2-րդ]. «...երաշխաւորում է[ր] Կիպրոսի Հանրապետութեան անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը» (...guarantee the independence, territorial integrity and security of the Republic of Cyprus):
Բերենք օրինակներ նաև մեր ժողովրդի պատմութիւնից: Յիշո՞ւմ էք Պարոյր Սևակի անմահ տողերը Անլռելի զանգակատուն-ից.
Մեր արցունքի դէմ մի կում ջուր տւին,
16-ն այսպէս մի կերպ շուռ տւին:
Աչքդ լոյս լինի, դու օգտւեցիր թւաբանութիւն.
Աճեց քո 16-ը` դարձաւ 61
:
Այստեղ յիշատակւած են 2 յայտնի պայմանագրերի` Սան-Ստեֆանոյի նախնական հաշտութեան պայմանագրի (3 մարտի, 1878թ.) և Բեռլինի պայմանագրի (13 յուլիսի, 1878թ.) հայերին վերաբերող յայտնի #16 և #61 յօդւածները, որոնք, ըստ էութեան, երաշխիքային պարտաւորութիւններ էին` յանձնառութիւններ բարեփոխումների համար: Սան-Ստեֆա­նոյի պայմանագիրը երաշխաւորում էր Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւնների կատարումը, այն է. «անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելաւումներ և բարեփոխումներ»: Ի դէպ, ուշադրութիւն դարձրէք «անյապաղ» բառին, արդեօ՞ք դա Ձեզ չի յիշեցնում «ողջամիտ ժամանակահատւածում» բառակապակ­ցութիւնը: Բեռլինի պայմանագիրը գրեթէ նոյնպիսի երաշխիքներ է տալիս, սակայն այս անգամ երաշխաւոր (guarantor) էին հանդէս գալիս արդէն պայմանագիրը կնքած բոլոր պետութիւնները. ՙառանց հետագայ յապաղման իրագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելաւումներ և բարեփոխումներ … իսկ տէրութիւնները կհսկեն դրանց կիրառումը»: Այսինքն, վերոյիշեալ պայմանագրերում առկայ էր ցանկացած երաշխա­ւորող պայմանագրի (guarantee treaty) առանցքային հարցը` երաշխաւորման առարկան:
Ամփոփելով, կարելի է անել հետևեալ եզրակացութիւնները.
1. Թուրքիան չի կարող հանդէս գալ որպէս Նախիջևանի վարչական միաւորի երաշխաւոր, քանի որ բացակայում է դրա իրաւական հիմքը: Կարսի, այսպէս կոչւած, պայմանագիրը նման իրաւասութեամբ չի օժտում Թուրքիային: Այնտեղ, ընդհանրապէս, որևէ ամրագրւած պարտաւորութիւն չկայ:
2. Կարսի, այսպէս կոչւած, պայմանագրով Հայաստանն ու Թուրքիան Նախիջևանի նկատմամբ ունեն նոյնական իրաւունքներ և պարտաւորութիւններ:
3. Կարսի, այսպէս կոչւած, պայմանագիրը խօսում է Նախիջևանի պրոտեկտորատի մասին, որը 1923թ. ի վեր գոյութիւն չունի: Ըստ այդմ, եթէ մինչևիսկ Թուրքիան իրեն Կարսի բոլշևիկա-քեմալական գործարքով համարում է Նախիջևանի պրոտեկտորատի երաշխաւորը, կրկնում ենք` առանց հիմքի, ապա Նախիջևանի պրոտեկտորատի լուծարումով, այսինքն Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան ստեղծումով և ՍՍՀՄ կազմում պարզ ինքնավարութիւն դառնալով, ի չիք է դարձել նաև այդ հիմքը:


Արա Պապեան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
29 ապրիլի, 2010թ.

[1] Արա Պապյան. Կարսի պայմանագիրն ու ՀՍՍՀ իրաւական կարգավիճակն ըստ միջազգային իրաւունքի: «Հայոց պահանջատիրութեան իրաւական հիմունքները» յօդւածների ժողովածու: Երևան, 2007, էջ 23:
[2] Հայաստանը միջազգային դիվանագիտութեան և սովետական արտաքին քաղաքականութեան փաստաթղթերում (1828-1923), խմբ. Ջ. Կիրակոսեան, Երևան, 1972, էջ 520:
[3] Soviet Treaty Series, vol. I (1917-1928), ed. by. Leonard Shapiro, Washington, 1928, p. 136.
[4] Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1966, с. 423.
[5] Branimir M. Jankovic, Public International Law, New York, 1984, p. 90.
[6] Ավելի հանգամանալից տե՜ս` Kamanda A. A Study of the Legal Status of Protectorates in Public International Law, Geneva, 1961.
[7] Georg Ress, Guarantee Treaties, Encyclopaedia of Public International Law, v II, North Holland, 1995, p. 634.

0 Պատգամ: