Դինքի ընտանիքը դատախազութիւնից պահանջում է արագացնել գործողութիւնները

16:33 / 01.05.2010
Հայազգի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող երկու փաստաբանները Դինքի սպանութիւնը մանրամասն հետաքննող դատախազներ նշանակելու խնդրանքով դիմել են Ստամբուլի դատախազութիւն, քանի որ այս գործընթացը ձգւում է արդէն 3 տարի, գրում է թրքական Today’s Zaman-ը։
Ինչպէս նշում է թերթը, իրաւաբանները նաեւ խնդրել են, որ նշանակւած դատախազներն իրենց ժամանակը կենտրոնացնեն յատկապէս այս հետաքննութեան վրայ. «Այս հետաքննութիւնը վարող դատախազը կամ դատախազները պէտք է ազատւեն այլ աշխատանքներից եւ չմասնակցեն ոչ մի այլ լսումների։ Գործում ներգրաւած մարդկանց թիւը մեծ է, հետաքննութիւնը լարւած ուշադրութիւն եւ շատ ժամանակ է պահանջում։ Ահա թէ ինչու մենք դատախազութիւնից պահանջում ենք ուժերը կենտրոնացնել նախեւառաջ այս հետաքննութեան վրայ»,- նշել է փաստաբան Ֆեթհիե Չեթինը։
Երէկ երեկոյեան դատախազութիւն ներկայացւած հայցում սպանութիւնը նկարագրւում է տարբեր փուլերով. «նախապատրաստութիւն», «հասարակական կարծիքի ձեւաւորում», «գործողութիւն», «մանիպուլեացիայ» եւ «հետքերի վերացում»՝ սպանութիւնից յետոյ։


NEWS.am

0 Պատգամ: