ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆՆ ԱՌՆՉՒՈՂ ԵՐԿՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԴԷՊՔ ԱՄՆ– Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Միացեալ Նահանգներում վերջին օրերին Հայոց Ցեղասպանութեան տարելիցի հետ կապւած երկու հանգամանք խորապէս ցնցել է ինձ եւ ոչ միայն ինձ: Այդ երկու հանգամանքներն էլ առաջին հայեացքից կարող են անկարեւոր եւ աննշան թւալ, բայց յղի են լուրջ հետեւանքներով, որոնք կանխելն առաւել հեշտ է, քան չեզոքացնելը:
Առաջինըՙ երեք օր առաջ USArmenia TV-ի («Արմենիա TV»-ի Սփիւռքին ուղղւող տարբերակը) եթերում էր երգչուհի Քրիստինէ Պեպէլեանը , որ այս անգամ Լոս Անջէլեսից վարում էր այն տասնեակ անբովանդակ եթերներից մէկը, որոնք սովորաբար ստանձնում է Հայաստանում: Այս անգամ, սակայն, Քրիստինէի հիւրերն էին երկու երիտասարդ, որոնք ներկայացնում էին տխրահռչակ «Կեանքի խօսք» աղանդը: Ողջ հաղորդումը նւիրւած էր նրան, որ երիտասարդներն ապրիլի 24-ին կազմակերպում են խաչաձեւ երթ` Գլէնդեյլի փողոցներով, եւ հրաւիրում էին բոլոր հայերին` միանալ իրենց միջոցառմանը:
Բնականաբար, աղանդներին յատուկ քարոզչութեան բոլոր կանոնների համաձայն, իրենց աղանդի անունը երիտասարդները մի քանի անգամ միայն յիշատակեցին` փոխարէն կենտրոնանալու իրենց «քրիստոնէական» եւ «հրաշալի» մտայաղացման վրայ, ու մինչ Քրիստինէ Պէպելեանը տալիս էր այն հարցերը, որ Հայ «հեռուստահաղորդավարներն» ուղղում են իրենց հիւրերին գովազդելու նպատակով, երիտասարդներն աւելի մեծ ոգեւորութեամբ էին պատմում իրենց «ազգանւէր» եւ «բացառիկ» մտայղացման մասին: Անթոյլատրելի է, որ կրօնական աղանդը` հոգեորսութեան PR ապահովելու նպատակով շահարկում է նահատակների ոգեկոչման հանգամանքը:
Առաւել տխուր է, որ այդ քարոզին ջանադրաբար մասնակցում է հայկական շօու բիզնեսի ներկայացուցիչներից մէկը: Արդեօք այս երգչուհի՞ն էլ միւսների պէս (ըստ մամուլի հրապարակումների` Արմինկան, Շպռոտը, Անդրէն եւ այլք կեանքի խօսքականներ են) զինւորագրւել է «Կեանքի խօսք» աղանդին, թէ՞ ոչ:
Որ հայաստանեան «Շանթ»-ի գործընկեր ARTN TV-ն իր եթերը պարբերաբար տրամադրում է հայկական ամենատարբեր աղանդաւորական կազմակերպութիւններին` եթերային ժամերգութիւնների եւ անգրագէտ քարոզների համար` յայտնի է բոլորին, բայց որ CS Holding-ն էլ նման գործողութիւնից չի խորշում` նորութիւն էր:
Երկրորդ հանգամանքը, որ առաւել լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, վերաբերում է Հայաստանեայց Առաքելական եկեղեցու արեւելեան թեմի Նիւ Եորքի Սբ. Վարդան Մայր տաճարիՙ ապրիլի 23-ի երեկոյեան տեղի ունեցած համերգից յետոյ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանի ելոյթին: Իր խօսքում դեսպանն ասաց, որ (մէջբերում ենք ոչ բառացի եւ թարգմանւած) «ճնշւած եւ հարստահարւած ազգի ազատ լինելու ցանկութեամբ պայմանաւորւած ապստամբելու արդար հանգամանքը որեւէ կերպ իրաւունք չի տալիս հարստահարող եւ ճնշող միաւորին իրականացնելու Ցեղասպանութիւն»:
Թէեւ դեսպանի ելոյթը վերջում ծափահարութիւնների արժանացաւ, սակայն ակնյայտ էր եկեղեցու դահլիճում տիրող դժգոհութիւնը: Դեսպան Նազարեանի սխալը ոչ միայն պայմանաւորւած է պատմութեան այդ շրջանի անտեղեակութեամբ, այլեւ վտանգաւոր է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտօնն ամենակորեւորներից է, եւ նման պաշտօնեայի կողմից այսպիսի խօսքերի արտաբերումը կարող է ԱԳՆ-ից իր դեսպաններին տրւող ցեղասպանութեան մասին պաշտօնական ուղենիշների բացակայութեան ապացոյց համարւել: Թէեւ դեսպան Նազարեանն իր խօսքում խստօրէն դատապարտեց ցեղասպանութիւնը, սակայն ինքը ջուր լցրեց նոյն թուրքերի ջրաղացին, ըստ որոնցՙ իրենք ճնշել են հայերի ըմբոստութիւնները: Ըմբոստութիւններ չեն եղել, եղել են ինքնապաշտպանութեան դէպքեր, որոնք պատասխան էին տասնամեակներ շարունակ տարւող ցեղասպանական գործողութիւններին եւ ջարդերին, որոնք վերջնական քաղաքական-գաղափարախօսութեան եւ խիստ կազմակերպւած համակարգային տեսք ստացան Առաջին համաշխարհայինի օրերին: Ցեղասպանութիւնը նախագծւել եւ իրականացւել է ոչ թէ ի պատասխան հայերի արդար կամ հիմնաւոր պահանջների, այլ` որպէս միակ լուծում ազատւելու համար բնիկ տարրից, որ Թուրքիայի ֆինանսական, տնտեսական եւ մշակութային կեանքի առաջատարն ու դոմինանտն էր եւ որ թուրքերին ներշնչում էր նոյն այն զգացողութիւնը, ինչ երեք տասնամեակ անց` դրդելու էր Հիտլերին իրականացնելու XX դ.-ի երկրորդ Ցեղասպանութիւնը` հրէական Հոլոքոսթը:
Դահլիճում ներկայ իմ մի հրէայ բարեկամը, որ եկել էր յարգելու Հայոց Եղեռնի զոհերի յիշատակը, դժգոհութիւն արտայայտելով` ասաց. «Դա նոյնն է, ինչ Իսրայէլի դեսպանն ասեր, որ հրէաները դժգոհ էին Երրորդ ռէյխի ճնշումներից եւ մտմտում էին արդարացիօրէն ապստամբել, երբ Հիտլերը որոշում ընդունեց այդ արդար պահանջները ցեղասպանութեան միջոցով լուծելու: Անհնար է»: Իմ հրէայ բարեկամն արդարացի է: Հրէաների պարագայում դա անհնար է, անհնար պէտք է լինէր նաեւ հայերի պարագայում: Այժմ ստիպւած ենք ասել` նման տեսակէտների արտայայտումը Հայաստանի պաշտօնեաների կողմից անթոյլատրելի է:
Թէեւ Կարէն Նազարեանը փորձառութիւն ունեցող դիւանագէտ է եւ անգլերէն վարժ է կարդում, բայց ՄԱԿ-ում դիւանագէտ լինելու հանգամանքը պարտականութիւնների առաւել լայն շրջանակ է ենթադրում. օրինակ` սեփական պատմութեան ամենաողբերգական եւ քաղաքականապէս առօրեական հարցի համակարգային գիտութիւն եւ այդ հարցի ազգային շահից բխող լուսաբանում ու քարոզում:


ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ,
Պատմաբան, Սորբոնի համալսարանի քաղաքագիտութեան դոկտորանտ,
24 ապրիլի, 2010 թ.,
Նիւ Եորք, ԱՄՆ

0 Պատգամ: