Նաւասարդին Հայ աղջիկները զոհաբերում էին իրենց

սիրելի տղամարդկանց



16:05 • 11.08.10
«Հին տոմարով օգոստոսի 11–ը Նաւասարդն է՝ Նոր տարին, որը նշւել է Հայոց հունձքի տօնախմբութիւններով»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դիցաբան և ազգագրագէտ Գոհար Վարդումեանը՝ պատմելով, թէ ինչպէս է նախկինում նշւել Նաւասարդը Հայոց աշխարհում։
Ազգագրագէտի խօսքով, Նաւասարդը եղել է բազմազան ծէսերի մի ամբողջ տօնաշրջան, որի սկիզբը համարւում է օգոստոսի 11–ը։ «Բոլորն են մասնակցել այդ տօնախմբութիւններին՝ ժողովրդից մինչև արքունիք, ինչի համար էլ տօնը կոչւել է համաշխարհական կամ աշխարհական։ Այդ օրերին նշւող ամենամեծ տօներից է արքայական ձիարշաւն ու որսարշաւը, որը նշւել է հազարամեակներ շարունակ։ Տօնը կապւած է նաև Արարատի գագաթին Նոյեան տապանի հանգրւանի և այնտեղից Նոյի դուրս գալու հետ։ Օգոստոսի 11–ը ճիշտ այն օրն է, երբ Նոյը դուրս եկաւ տապանից, այսինքն մարդկութեան սկիզբը կապւում է Նաւասարդի հետ»,– ներկայացրեց մասնագէտը։
Դիցաբանը պատմեց, որ նաւասարդեան տօները նւիրւում էին 7 աստւածներին, տօնախմբութիւնները կատարւում էին ամբողջ երկրում՝ անգամ դրկիցներն էին մասնակցում։ Տօնախմբութեան կենտրոնը սակայն, ըստ Գոհար Վարդումեանի, եղել է Նպատ լեռը, Արածանիի ափը։ Ինչ վերաբերում է ճաշատեսակներին, մասնագէտը տեղեկացրեց, որ Նաւասարդի ժամանակ, ինչպէս այժմ Նոր տարուն, սեղաններին դրւել են բոլոր բարիքները՝ տուրք տալով այն հաւատալիքին, որ ինչպէս սկսես տարին, այնպէս էլ կանցնի։Հետաքրքրական էր նաև դիցաբանի այն տեղեկութիւնը, ըստ որի Նաւասարդը համարւել նաև Նոր պտղոց տօն։ «Այդ օրը շատ աղջիկներ զոհաբերում էին նաև իրենց կուսութիւնը իրենց սիրելի տղամարդկանց, այսինքն՝ սա ինչ–որ իմաստով նաև սիրոյ և պտղութեան օր էր»,– ասաց նա։
Tert.am

0 Պատգամ: