Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
Օրհնւեց 42-րդ շրջանի
Համահայկական
խաղերի ջահը
42-րդ Համահայկական խաղերը
նւիրւում են
հայ մարզուհիներին
Օրհնւած կրակը վառ է մնալու մինչեւ շաբաթ, սեպտեմբերի 11–ը, որով
խաղերի բացման ընթացքում կը բոցավառւի 42-րդ շրջանի Համահայկական
մարզական խաղերի հրապարակային ջահը՝ մարզաւանում:
«ԱԼԻՔ» – Հ.Մ.Ա.Կ.-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ - Երէկ՝ չորեքշաբթի, սեպտեմբերի 8-ի առաւօտեան Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 42-րդ շրջանի Համահայկական մարզական խաղերի ջահի օրհնութեան արարողութիւնը: Դեռ արարողութիւնից առաջ, Հ.Մ.Ա.Կ.-ի աղջ. բասկետբոլի խմբի անդամուհիները եւ ջահակիր չորս մարզիկները եկեղեցի էին փութացել եւ մոմեր վառելով եկեղեցու աւանդատանը, մարզական երդման հետ միատեղ, կատարեցին նաեւ ցանկացած երդում ու աղօթք՝ բարեյաջող խաղաշրջան անցկացնելու համար:
Արարողութիւնը, որին ներկայ էին Հ. Մ. Ա. Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ պրն. Էդւարդ Բաբախանեանն ու միւս վարչականներ, ինչպէս նաեւ Համահայկական խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի անդամները, տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում կանգնեցւած Մեծ Եղեռնի Նահատակների յուշարձանի առջեւ: Արարողութեան ընթացքում ներկայ էին բասկետբոլի խմբի աղջիկները՝ իրենց զգեստներով:
Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, փոխանցելով թեմակալ առաջնորդի ողջոյնի խօսքը, յիշեցրեց, որ սեպտեմբերի 8-ը Ս. Մարիամ Աստւածածնի ծննդեան տօնն է, եւ միասին աղօթում ենք, որ Ս. Մարիամ Աստւածածնի օրհնութիւնն ու բարեխօսութիւնը, մեր երիտասարդների ու երիտասարդուհիների հետ լինի եւ ամէն ինչ յաջողութեամբ իր աւարտին հասնի:Այնուհետեւ նա օրհնեց խաղերի ջահակիր վաստակաւոր մարզուհի Օդետ Աղաջանեանի ձեռքում վառւած ջահը, ջահակիրներին ու մարզիկներին:
Օդետ Աղաջանեանը ապա ջահը վազքով փոխադրեց մինչեւ եկեղեցու մուտքը, որտեղ եւ յանձնեց այն մարզիկներին, որոնք մինչեւ «Արարատ» մարզաւան պիտի փոխադրէին վազքով:Հ.Մ.Ա.Կ.–ի բռնցքամարտի մարզիկներ՝ Նարբէյ Իսրայէլեանը, Գառնի Շահմուրադեանը, Թէոդիկ Մանդանեանն ու Կարէն Թահմազեանը հերթաբար շուրջ երկու ժամ տեւողութեամբ ճանապարհը կտրելով՝ ջահը ձեռքներին՝ անցան Թեհրանի կենտրոնական պողոտաներով եւ այն փոխադրեցին «Արարատ» մարզաւան, ապա՝ Ս. Խաչ մատուռ:
Մատուռի մօտ ջահը յանձնւեց յանձնախմբի նախագահ պրն. Սաքօ Ազիզեանին, որը այն տեղադրեց մատուռի մէջ: Օրհնւած կրակը վառ է մնալու մինչեւ շաբաթ, սեպտեմբերի 11–ը, որով խաղերի բացման ընթացքում կը բոցավառւի 42-րդ շրջանի Համահայկական մարզական խաղերի հրապարակային ջահը՝ մարզաւանում:
42-րդ Համահայկական խաղերը նւիրւում են հայ մարզուհիներին
Դարձեալ աշնանամուտ է, եւ վերջին տասնամեակների սովորութեան համաձայն՝ շատերն ու մանաւանդ մարզիկներն ու մարզասէրները պատրաստւում են մասնակցելու կամ ներկայ գտնւելու Հ.Մ.Ա.Կ.-ի տարեկան մարզական փառատօնին՝ Համահայկական խաղերին:
46-ամեայ այս մարզական փառատօնը արդէն երկու օր անց սկսելու է իր 42–րդ շրջանը՝ Համահայկական մարզական խաղերի իր աւանդական անւանումով: Նկատի ունենալով այն իրողութիւնը, որ Իրանի Իսլամական յեղափոխութեան ու պարտադրւած պատերազմի անցուդարձերի պատճառով՝ մի քանի շրջան տեղի չունեցան այս խաղերը, ուստի եւ այս տարի իրական հաշւարկումներով կազմակերպւում են 42-րդ շրջանի Համահայկական մարզախաղերը:
Համահայկականը այն բացառիկ առիթներից է, որը ի մի է բերում ոչ միայն իրանահայ համայնքների երիտասարդութեանը, այլ երբեմն նաեւ Հայաստանի ու Սփիւռքի միւս գաղթօջախներից, հայերը միմեանց հետ շփւելով ու մտերմանալով՝ համասփիւռ հայկական ջերմ մթնոլորտ են ստեղծում՝ հէնց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ:
Համահայկական մարզական խաղերը առաջին անգամ տեղի ունեցան 1964 թւականին եւ մի քանի տարի պարտադրական դադարից բացի՝ կազմակերպւել են ամէն տարի: 1977 թւականից յետոյ, երբ խաղերը նւիրւեցին «Արարատ»-ի լեռնագնաց ու սկաուտ հանգուցեալ Ֆելիքս Մնացականեանին, գեղեցիկ սովորութիւն դարձաւ, որ իւրաքանչիւր շրջան նւիրւի այնպիսի անձանց կամ դէպքերի, որոնք ինչ-որ կերպ դերակատարութիւն են ունեցել համայնքի կամ կազմակերպութեան բարգաւաճմանն ու վերելքին:
Այս տարի 42-րդ շրջանի Համահայկական խաղերը Կազմակերպիչ յանձնախմբի որոշմամբ կոչւում են «ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻ», եւ դրանք նւիրւում են այն բոլոր մարզուհիներին, որոնք 66 տարիների ընթացքում իրենց ներգործօն դերակատարութեամբ, նպաստել են կազմակերպութեան կամ համայնքի վերելքին:Ու դա պատահական չէ:
Հայուհին ոչ միայն անհերքելի դերակատարութիւն է ունեցել մեր ժողովրդի պատմութեան մէջ, այլ նորագոյն պատմութեան շրջանում եւս, համայնքներն ու մանաւանդ իրանահայ համայնքը անմասն չեն մնացել հայուհու ներդրած կարողութիւններից: Այդ փաստը աւելի շօշափելի է հասարակական հաւաքականութիւնների եւ այս պարագայում Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան աշխատանքների շրջագծում:
Իսկ վերջին տարիների ընթացքում քիչ չեն եղել այն հերոսական ու պանծալի ձեռքբերումները, որոնք յարակից աշխատակիցներից բացի՝ միմիայն «Արարատ»-ի աղջկանց բասկետբոլի տքնաջան աշխատանքների արդիւնքներն են:Երեք տարի անընդմէջ «Արարատ»-ի աղջկանց բասկետբոլի խումբը դառնալով երկրի ախոյեան՝ նաեւ յաջողեց դառնալ Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայացուցիչը՝ արեւմտեան Ասիա-ի միջակումբային մրցութիւններում:
Դա մեծ պարծանք է ոչ միայն «Արարատ»-ի, այլ նաեւ իրանահայութեան համար, որոնց օջախներում են հասակ նետել այս հերոս աղջիկները:Ուստի՝ մեծ ակնկալիք չէ, որ 42-րդ շրջանի Համահայկական մարզական խաղերը նւիրւեն հայ մարզուհուն, ու այդպիսով արժեւորւեն ու գնահատւեն թէ՛ ներկայ եւ թէ՛ անցեալ սերունդների մարզուհիներ, գործիչներ, սկաուտներ եւ...., որոնք ինչ-որ կերպ պարծանքի ու հպարտութեան առիթներ են ստեղծել մեր եւ «Արարատ»-ի համար:
Նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից 2010 թւականը հռչակւել է Հայ կնոջ մեծարման տարի, աւելի է իմաստաւորւում 42-րդ շրջանի Համահայկական խաղերի անւանումը:Մենք պէտք է փորձենք յաճախակի տեղեկատւութիւններով իրազեկ պահել համայնքի անդամներին՝ 42-րդ Համահայկական խաղերի կապակցութեամբ:
0 Պատգամ:
Post a Comment