Այսօր Թուրքիայում 49 միլիոն ընտրող «այո» կամ «ոչ»
կասի սահմանադրական բարեփոխումներին
Սեպտեմբեր 12, 2010 11:58
Այսօր` սեպտեմբերի 12ին, Թուրքիայում սկսւել է իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած սահմանադրական բարեփոխումների հանրաքւէն:
Թուրքիայի արեւելեան նահանգներում հանրաքւէն սկսւել է ժամը 7-ին եւ կտեւի մինչ 16:00, իսկ մնացած նահանգներում` սկսւել է 8:00-ին եւ կտեւի մինչ 17:00:
Թուրքիայում 49 միլիոն 446 հազար 369 ընտրող 151 հազար քւէատուփերի մօտ կարող է «այո» կամ «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Քւէարկութեան չմասնակցողների համար նախատեսւած է տուգանք` 22 լիրայի (15 ԱՄՆ դոլար) չափով:
Այսօր Թուրքիայում 6:00-ից մինչ 24:00 արգելւած է ալկոհոլային խմիչքներ վաճառելը եւ օգտագործելը: Բոլոր զւարճանքի վայրերը փակ են լինելու: Մինչեւ 18:00 բոլոր տիպի լրատւական միջոցներով արգելւած է ժողովրդի քւէարկութեան մասին տւեալ, գուշակութիւն կամ մեկնաբանութիւն յայտնել:
Ողիղ 30 տարի առաջ այս օրը Թուրքիայում զինւորականութիւնը իրականացրեց ռազմական յեղաշրջում, որից 2 տարի անց ընդունւեց Թուրքիայի ներկայիս Սահմանադրութիւնը, որը ըստ իշխող կուսակցութեան, զինւորական Սահմանադրութիւն է եւ անհրաժեշտ է բարեփոխել:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր 3 խմբակցութիւններն էլ դէմ են այս բարեփոխումներին: «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնները կոչ են արել «ոչ» ասել: Քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութիւնն իր համակիրներով բոյկոտելու է հանրաքւէն, քանի որ ըստ իրենց, բարեփոխումների փաթեթում ոչինչ չկայ քրդական հարցի կարգաւորման ուղղութեամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: