Սահմանը չբացւեց.
թուրքերը
Հայաստան են եկել
Չեխիայով և Վրաստանով
11:27 • 11.09.10
«Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում Ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդւել է մեծ թւով տուժածների (նախնական հաշւարկների համաձայն` 12 000 զոհ և 17 000 վիրաւոր) և հազարաւոր փլուզւած շինութիւնների մասին։ Չարենցաւան, Աբովեան քաղաքները և յարակից գիւղային համայնքները ամենաշատ տուժածների թւում են։ Շարքից դուրս են եկել մարզի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը։ Բազմաթիւ վթարներ են առաջացել` կապի, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցութեան ուղիներում։ Առաջացել են բազմաթիւ հրդեհների օջախներ, աւերւել է մարզի հիւանդանոցների մեծ մասը։ Հազարաւոր մարդիկ մնացել են անօթևան։ Երևանի միջազգային օդանաւակայանը տուժել է երկրաշարժից, սակայն դեռևս ենթակայ է շահագործման»։
Սա Եւրա ատլանտեան աղէտների արձագանքման համակարգման կենտրոնի (ԵԱԱՀԿ) կողմից սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացւելիք երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքի սցենարի մի հատւածն է։
Դաշտային վարժանքը կանցկացւի Կոտայքի մարզում տեղակայւած 11 վայրերում։ Դրան կմասնակցեն Հայկական տեղական արտակարգ իրավիճակների իրաւասու (LEMA), ԵԱԱՀԿ թիմը (EADRCC), ՆԱՏՕ-ի օդային վաղ ազդարարման և վերահսկման ուժերը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենեակը, վարժանքի հրամանատարային տարրերով աշխատող ազգային փորձագէտները, Եւրա–ատլանտեան աղէտների արձագանքման միաւորը (ԵԱԱՄ), հասարակական կազմակերպութիւններ և լրատւական խումբը։
Վարժանքի շրջանակներում կը խաղարկւի Միջգերատեսչական միացեալ լրատւական կենտրոն, որի գլխաւոր խնդիրն է հանրային իրազեկման գործընթացների ապահովումը։ Աղէտի դէպքում կազմակերպւող, շահագրգիռ տարբեր գերատեսչութիւնների և կազմակերպութիւնների ներկայացուցիչներից կազմւած կենտրոնը գործում է որպէս միջնորդ` իշխանութիւնների և հասարակութեան միջև, հետևում է իրադարձութիւնների ընթացքին, անընդհատ կապի մէջ է ճգնաժամային կառավարման թիմի և համագործակցող միւս կողմերի հետ։
Վարժանքին կմասնակցեն նաև արտասասահմանեան 28 երկրներից և միջազգային 5 կազմակերպութիւններից ժամանած 333 փորձագէտներ և դիտորդներ։
Ի դէպ, վարժանքին կմասնակցեն նաև 10 թուրք մասնագէտներ։ Հարցին, թէ ինչպէ՞ս են թուրքերը ժամանել Հայաստան՝ «Արտակարգ ալիք» լրատւական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորեանը Tert.am-ին ասաց. «Շատ ջիգեարով»։ Նրա տեղեկացմամբ՝ թուրքերը Հայաստան են ժամանել Վրաստանի և Չեխիայի տարածքով։
Վարժանքի պաշտօնական մեկնարկը կտրւի սեպտեմբերի 12-ին Լուսակերտում։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment