Զինորները չեն գցել իրենց զէնքերը.
Պարզաբանում է Պաշտպանութեան Նախարարութիւնը

«Կոչ ենք անում լրատւամիջոցներին զերծ մնալ չճշտւած, իրականութեանը չհամապատասխանող տեղեկատւութիւն տարածելուց»
18:01 • 10.09.10
ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորև.«Մի շարք լրատւամիջոցներ սեպտեմբերի 10-ին տեղեկատւութիւն են տարածել, թէ Արարատի մարզում տեղակայւած N զօրամասում պայմանագրային հիմունքներով ծառայութիւն անցկացնող զինծառայողները «դժգոհութիւն են բարձրացրել, գցել են իրենց զէնքերը և հրաժարւում են կատարել հրամանատարութեան հրամաները»:
Այս կապակցութեամբ Պաշտպանութեան Նախարարութեան Տ և ՀԿ վարչութիւնը պարզաբանում է. սեպտեմբերի 10-ին նշւած զօրամասից մարտական հերթապահութեան հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական յենակէտ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսւած շարժական գազօջախներ, ինչը արգելւած է մարտական հերթապահութեան կրման և յենակէտում հակահրդեհային անվտանգութեան պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգութեան նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական յենակէտ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհութիւնը և տարաձայնութեան պատճառ է հանդիսացել զօրամասի հրամանատարութեան և պայմանագրային զինծառայողների միջև:
Միջադէպի կապակցութեամբ զօրամաս են այցելել բանակային զօրամիաւորման հրամանատարութեան ներկայացուցիչները: Զօրամասի անձնակազմի հետ զրոյցից յետոյ միջադէպը հարթւել է: N զօրամասի պայմանագրային զինծառայողները շարունակում են իրականացնել մարտական հերթապահութիւնը:
«Կոչ ենք անում լրատւամիջոցներին զերծ մնալ չճշտւած, իրականութեանը չհամապատասխանող տեղեկատւութիւն տարածելուց»։

Tert.am

0 Պատգամ: