Միկլոշկոյի ելոյթը
ադրբեջանցիներին
«հունից հանել է»
Սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի ունեցաւ «Հարաւային Կովկաս. ինչպէս կառուցել էֆեկտիւ տարածաշրջանային քաղաքականութիւն» նստաշրջանը, որի նախագահն էր Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի (ԵՀՄՖ) ղեկավար՝ Աշոտ Գրիգորեանը, իսկ ելոյթ ունեցողների շարքում` Եւրամիութեան, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի խոշոր քաղաքական գործիչներ, պատգամաւորներ: Սլովակիայի յայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն նստաշրջանի մեկնաբանն էր:
ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւած է.
«Պարոն Գրիգորեանը մեզ յայտնեց, որ նստաշրջանը անցաւ չափազանց լարւած: Յատկապէս հետաքրքրութեամբ ընդունւեց Վահան Յովհաննիսեանի ելոյթը, որի ընթացքում Յովհաննիսեանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից հնչեցւող «տարածքային ամբողջականութեան» սկզբունքի, «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի նկատմամբ առաւելութեան սնանկութիւնը` միաժամանակ հասկացնելով, որ առանց Արցախի իշխանութիւնների հետ ուղիղ բանակցութիւններ սկսելու Ադրբեջանը ոչ մի արդիւնք չի ստանալու:
Անդրադառնալով Արցախը և Հայաստանը «ոչնչացելու» ադրբեջանական իշխանութիւնների ամպագորգոռ յայտարարութիւններին, Յովհաննիսեանը նշեց, որ դրանք ստիպում են Հայաստանին և սփիւռքին առաւել համախմբւել ու շատ աւելի հզօրացնել երկրի պաշտպանութիւնը, որն առանց այն էլ խիստ բարձր մակարդակի վրայ է գտնւում:
Ներկայ ադրբեջանցի պատգամաւորներին և քաղաքական գործիչներին «հունից հանեց» Ֆրանտիշեկ Միկլոշկոյի եզրափակիչ ելոյթը, որի ընթացքում Միկլոշկոն նշեց Նախիջևանում ոչնչացւած վեց հազար խաչքարների մասին, ինչպէս նաև ջերմութեամբ խօսեց Արցախի այսօրւայ ժողովրդավարութեան շուրջ:
Միկլոշկոն խիստ մեղադրանքով դիմեց մասնակից ԵՄ պատգամաւորներին` պահանջելով գործուն միջամտութիւն Արցախին սատարելու հարցում:
Նստաշրջանը աւարտւեց Գրիգորեանի եզրափակմամբ` Հարաւային Կովկասի Հանրապետութիւնների միջև կոնստրուկտիւ համագործակցութեան նախագիծ մշակելու և մինչ յաջորդ տարւայ ֆորումն ակտիւ համագործակցութիւն սկսելու առաջարկով: Առաջին անգամ համագործակցութեան այդպիսի առաջարկն ընդունւեց բոլոր ներկայացուցիչների կողմից»:

ԱՅՍՕՐ, 14:08
Aysor.am

0 Պատգամ: