Հրանտ Մարգարեան.-
«Մենք ընդդիմութիւն ենք՝ նոր իշխանութիւններ
ձեւաւորելու համար»
Այն, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը կոալիցիայից դուրս գալուց յետոյ՝ որպէս լիարժէք ընդդիմութիւն չի ընկալւում, ըստ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի, ունի ե՛ւ ենթակայական, ե՛ւ առարկայական պատճառներ:
Նա նշել է, որ ընդդիմութիւն լինելու համար Դաշնակցութեանը պատճառներ չեն պակասում:- Տնտեսական քաղաքականութիւնը, սոցիալական վիճակը, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական յարաբերութիւնները՝ այս ամբողջը մաս են կազմում այն պատճառների, ինչի համար մենք ընդդիմութիւն ենք,- նշել է նա:
Հ. Մարգարեանի կարծիքով՝ հասարակութեան քաղաքականացւած մասը հասկանում է, թէ Դաշնակցութիւնն ինչ է անում. «Մենք ընդդիմութիւն ենք՝ նոր իշխանութիւններ ձեւաւորելու համար, մենք ընդդիմութիւն չենք՝ քանդելու համար: Մենք ընդդիմութիւն ենք իշխանութեանը, բայց ոչ՝ երկրին»:
Նա նշել է, որ Դաշնակցութիւնը չի անի որեւէ բան, որ արտաքին ուժերը Հայաստանի ինքնիշխանութիւնը հարցականի տակ դնելու, Ղարաբաղի հարցում հայկական կողմին «տեղը դնելու» հնարաւորութիւն ունենան: Հրանտ Մարգարեանի կարծիքով՝ եթէ կան մարդիկ, ովքեր թերահաւատ են, կարճ ժամանակի ընթացքում կը հաւատան, որ դէպի ընդդիմութիւն ամենահիմնաւոր քայլեր անողը ՀՅԴ-ն է:
Նա նշել է, որ անսխալական ուժ գոյութիւն չունի, սակայն էական, աններելի սխալներ ՀՅԴ-ի կողմից ինքը չի տեսնում.- Դրա համար էլ, երբ ժողովրդի քննադատութիւնը մեզ է ուղղւում, խօսւում է ակնկալիքների մասին, աւելի՝ մեծ ակնկալիքների մասին: Չի խօսւում մեր սխալների մասին, եւ դա արդէն մեծ փաստ է, որովհետեւ այլ ուժերին քննադատում են արածի համար, մե՛զ քննադատում են, որովհետեւ իրենց ակնկալիքներն աւելի մեծ են,- ընդգծել է Հրանտ Մարգարեանը:
«7or.am»

0 Պատգամ: