ՄԵԴՎԵԴԵՎԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանում պաշտօնական այցով գտնւող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատւին տրւած ճաշկերոյթում վերջինս հանդէս է եկել բաժակաճառով: Մասնաւորապէս խօսելով տարածաշրջանի խնդիրների մասին, Մեդվեդեւն ասել է, թէ անվտանգութեան խնդիրը կարեւորագոյն թեմայ է:
- Մենք պէտք է հետեւենք, որ լինի կարգ ու կանոն, թոյլ չտանք կոնֆլիկտների առաջացում: Մեր տարածաշրջանում խնդիրները, թէ թաքնւած, թէ երեւացող, բաւական շատ են: Եւ մեր խնդիրն է ձգտել առաւելագոյնս արագ արձագանքել նման մարտահրաւէրներին: Ռուսաստանը գիտակցում է իր դերը այդ գործընթացներում: Նոյնիսկ այնպիսի գերբարդ խնդիրը, ինչպէս Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ենթակայ է միջազգային նորմերի եւ կողմերի փոխադարձ կամքի հիման վրայ լուծման: Մենք վերջին ժամանակներս բազմիցս հանդիպել ենք: Ես, անկեղծ ասած, գոհ եմ այն դինամիկայից, որ գոյութիւն ունի: Արդիւնքը, թերեւս, աւելի համեստ է: Սակայն կարող էք չկասկածել, դա Ռուսաստանի բարի կամքն է` առաւելագոյնս նպաստել այդ շատ բարդ խնդրի կարգաւորմանը: Մենք դրա համար գործադրել ենք եւ գործադրելու ենք բոլոր ջանքերը, անձամբ ես էլ, ասել է Մեդվեդեւը:
Իսկ երէկւայ ասուլիսում պատասխանելով Հայաստանի հետ կնքւած վերջին համաձայնագրերի մասին հարցին, Մեդվեդեւն ասել էր, թէ Ռազմական բազայի մասին համաձայնագիրն ընդամենը նշանակում է, որ դրա տեղակայումը երկարացւում է մի քանի տարով: Նա ասել էր նաեւ, թե Ռուսաստանը կողմ է Ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւնը Մինսկի խմբի շրջանակում շարունակելուն եւ ինտենսիւացնելուն:

«Լրագիր»

0 Պատգամ: