ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ - Արցախի անկախութեան 19-րդ տարեդարձին նւիրւած ՀՅԴ աւանդական միջոցառումը, Հանրապետական մարզադաշտի փակ դահլիճ էր հաւաքել ՀՅԴ անդամների, ազատամարտիկների, Արցախի խնդրով մտահոգ եւ Արցախով հպարտ մասսաներին:
Մինչ ժողովրդական հաւաքի սկսւելը՝ մասնակիցները ֆոտոցուցադրութեան միջոցով դիտեցին, վերյիշեցին Արցախեան գոյամարտի տարիները: Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը (խօսքը ամբողջութեամբ տեսնել կողքի սիւնակում), որը կոչ արեց յարատեւ պայքարի, այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի պետութիւնը չի ճանաչւած եւ անկախութիւնը չի ամրագրւած միջազգայնօրէն ճանաչմամբ:
ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկեանը, յայտնեց, որ Ադրբեջանի նախագահը Բաքւում աշխարհի ամենամեծ՝ 100-մետրանոց դրօշի բարձրացման ժամանակ հպարտացել եւ յոյս է յայտնել, որ այդ դրօշը մի օր ծածանւի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Ի պատասխան Ալիեւի յայտարարութեան՝ Գեղամ Մանուկեանը ցոյց տւեց մի ադրբեջանական դրօշ, որը երկար տարիներ պահւում էր շէնգաւիթցի ազատամարտիկ Մանուկի տանը: «Այս դրօշը Մանուկը վերցրել է Շուշիում՝ ադրբեջանական զօրամասի վրայից:
Ադրբեջանը դեռ շատ դրօշներ ունի հաւաքելու Հայաստանից եւ Արցախից, մինչեւ մտածի նոր դրօշների մասին»,- ասաց նա եւ յիշեցրեց մի քանի օր առաջ Թալիշի շրջանի դիրքերում ադրբեջանական զոհերի մասին:Այնուհետեւ խօսք տրւեց օրւայ բանախօս ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարցերի յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանին, որը իր խօսքում նշեց. «Չի կարելի զիջելով ազգային շահն ու նպատակները՝ զարգանալ: Անկախութեան 20 տարիների ընթացքում մի անգամ Լեւոն Տէր-Պետրոսեանն էր որոշել զարգանալ՝ զիջելով եւ զարգացման համար զոհաբերւելու էր Ղարաբաղը, հիմա որոշել են զարգանալ՝ պահանջատիրութիւնից հրաժարւելով»,- ասաց նա եւ աւելացրեց, որ բոլոր ազգերը զարգանալու համար հող ու տարածքներ են ձեռք բերում, իսկ մենք, զիջելով տարածքները, մոռանում ենք, որ մեր զարգացման աղբիւրը հէնց դրանց օգտագործումն է:
ՀՅԴ-ն գործող իշխանութիւններից պահանջում է չանել քայլեր, որոնք շտկելը հետագայում հնարաւոր չի լինի: Ա. Ռուստամեանը կոչ արեց դուրս գալ հայ-թուրքական արձանագրութիւններից, ոչ թէ կասեցնել դրանք, քանի որ այս դէպքում թելադրողը դարձեալ Թուրքիան է դուրս գալիս:Անդրադառնալով ԼՂՀ-ի խնդրին՝ Ա. Ռուստամեանն նշեց, որ այն դարձեալ ակտիւացել է, բայց ոչ յօգուտ մեզ, որովհետեւ այդ գործընթացի մէջ շնորհիւ հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւնների՝ ակտիւօրէն ներգրաււել է Թուրքիան:
«Ոչ մի իշխանութիւն ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում, իրաւունք չունի շեղւել ԼՂՀ-ի ժողովրդի երկու հանրաքւէներով առաջադրած կամքից: ԼՂՀ-ն անկախութիւնից պակաս ոչինչ չի ակնկալում եւ ոչ ոք իրաւունք չունի որեւէ այլ կարգավիճակի մասին խօսել»,- եզրափակեց Ա. Ռուստամեանը:Նրա ասութեամբ՝ այսօր ՀՅԴ-ի հիմնական խնդիրը նոր, ազգային իշխանութեան ձեւաւորումն է:
Իշխանութեան պէտք է գայ այն ուժը, որ կարող է երկիրը ղեկավարել «զարգանալ՝ չզիջելով» կարգախօսով:Հաւաքը շարունակւեց տօնական համերգով:Համերգից յետոյ տեղի ունեցած երդման արարողութիւնների ընթացքում 18 նորագիրներ համալրեցին ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան շարքերը՝ կնքահայրութեամբ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի:
Երդման արարողութիւնից յետոյ՝ ներկաները երգեցին «Վէրքերով լի»-ն, որից յետոյ տեղի ունեցաւ ինքնաբուխ ժողովրդական տօնախմբութիւն՝ երգ ու պարով:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ– Թեհրան
0 Պատգամ:
Post a Comment