ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ.–

«ԱԶԱՏԱԳՐՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՐԻՒՆՆ Է ԹԱՓՒԵԼ, ԴՐԱՆՔ ՉՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ»

ԵՐԵՒԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատագրւած տարածքներում մեր եղբայրների արիւնն է թափւել, դրանք չպէտք է վերադարձնենք: Եթէ պատերազմ սկսւի, ես կպատրաստւեմ ու կգնամ կռւի»։ Օգոստոսի 3-ի ասուլիսում Լեռնային Ղարաաղի հիմնախնդրի լուծման վերաբերեալ իր դիրքորոշումը այսպէս ձեւակերպեց երգահան Ռուբէն Հախվերդեանը:
Իսկ Հայաստանի ներկայիս վիճակի վերաբերեալ նա կարծիք յայտնեց, որ «մենք ապրում ենք խորը ֆէոդալիզմի ժամանակաշրջանում, երբ «թւացեալ ազատութիւն է, անկախութիւն, սակայն Հայաստանը երբէք այսքան կախեալ վիճակում չի եղել»:
Ռ.Հախվերդեանը իրեն արտիստ է համարում, ոչ մտաւորական: Իսկական մտաւորականների կողքին տեսնում է պահից օգտւող մարդկանց, որոնք երգում են կառավարութեան դուդուկի տակ. «Նրանք բոլոր իշխանութիւնների ժամանակ բոլոր իշխանութիւնների կողմնակիցն են»:
Գնահատելով հայ երգարւեստի ներկայիս վիճակը, Ռ.Հախվերդեանը նշեց, որ ճաշակի սարսափելի անկում է նկատում: «Դա կապւած չէ միայն ժողովրդի մակարդակից, նրան ստիպում են լսել այդ երգերը, եւ թւում է` դա է հորիզոնը», - ասաց Ռ.Հախվերդեանը:
Ըստ նրա, Հայաստանում դասական երաժշտութեան փոխարէն պետութիւնը հովանաւորում է ցածրորակ երաժշտութիւնը: Մինչդեռ ոչ մի երկրում ցածրորակ երաժշտութիւնը պետական հովանաւորութիւն չի ստանում:
«Ես երբէք այնքան չեմ ստորանայ, որ իմ երգարւեստը բիզնես դարձնեմ»,- յայտարարեց Ռ.Հախվերդեանը` յաւելելով, որ ինքը բավարարւում է հացի փողով, երթեւեկում է երթուղային տաքսիով: «Ես պէտք է շփւեմ ժողովրդի հետ, վիճեմ վաճառողի հետ, որ նոր երգ ծնւի»,- ասաց երգահանը:

0 Պատգամ: