ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԸ ԾՆՒԻ
3000 ԵՐԵԽԱՅ
Այս տարւայ կտրւածքով ԼՂՀ-ում կծնւի մօտ 3000 երեխայ: Նախորդ տարւայ հոկտեմբերին գործարար Լեւոն Հայրապետեանը ԼՂՀ-ում կազմակերպել էր աշխարհի ամենամեծ հարսանիքը' մէկ օրւայ ընթացքում 700 ամուսնութիւն է եղել:
Երեխանների աննախադէպ ծնելիութիւնը հէնց այդ մեծ հարսանիքի շնորհիւ է: Ընդհանրապէս պատերազմից յետոյ ԼՂՀ-ում ամէն տարի ծնւել է մօտ 2500 երեխայ: ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբաեանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ ԼՂՀ տնտեսութիւնն այսօր զարգանում է համաչափ եւ բոլոր ուղղութիւններով:
«Միջազգային հանրութեան կողմից ԼՂՀ-ի ճանաչւած չլինելը դանդաղեցնում է երկրի զարգացման տեմպերը, սակայն չի կարող վճռական դեր ունենալ: ԼՂՀ-ի ճանաչւած չլինելը մեզ զրկում է միջազգային կառոյցների հետ համագործակցութիւնից, վարկեր ստանալուց: Ես չեմ ցանկանում դրա վրայ շատ կենտրոնանալ, քանի որ այսօր ե՛ւ ԼՂՀ բնակչութիւնը, ե՛ւ իշխանութիւնները յաղթահարում են իրենց առջեւ դրւած բոլոր խնդիրները»,- ասաց պարոն Բաբաեանը:
Ըստ նախարարի' ԼՂՀ տնտեսութեան գերակայ ուղղութիւններն են արդիւնաբերությիւնը, շինարարութիւնը, գիւղատնտեսութիւնը. «Վերջին տարիներին մեր շինարարութեան եւ արդիւնաբերութեան աճը կազմել է 20-25 տոկոս, գիւղատնտեսութեանը' 10 տոկոս, որը բարձր ցուցանիշ է»:
Այս տարւայ տւեալներով' ԼՂՀ-ում 44 հազարից աւելի բնակիչ ապահովւած է աշխատանքով: «Վերջին 5 տարւայ ընթացքում ԼՂՀ-ում ստեղծւել է աւելի քան 15 հազար աշխատատեղ եւ միջին աշխատավարձը 88 հազար դրամ է»,- «Ա1+»-ին ասաց նախարարը:
ԼՂՀ-ում գործազրկութեան թիւը 5-6 տոկոս է: Այս ցուցանիշը նախարարը համարում է բաւականին ցածր եւ յատկապէս վերջին 2 տարւայ աշխատանքի արդիւնք: Ի դէպ, նախարարը նշեց, որ վերջին տարիներին ԼՂՀ-ում բնակչութեան աճ է արձանագրւել՝ եւ բնական, եւ մեխանիկական աճով: Կոնկրետ թւեր նախարարը հարկ չհամարեց նշել' հասկանալի պատճառներով:
0 Պատգամ:
Post a Comment