«Ջերմ ընդունելութիւն» Փարիզում...


03.10.2009 13:42

Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի համահայկական ուղևորութեան առաջին ժամանման կէտն է եղել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, որտեղ նախագահը, ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերի, ծաղկեպսակ է դրել Կոմիտասի յուշարձանի մօտ։
Փարիզում միաժամանակ ընթացել է ֆրանսահայերի ցոյցը, ովքեր դէմ են հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը։ Բողոքի ակցիային մասնակցել են երեք հայկական քաղաքական կուսակցութիւնների՝ ՀՅ Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնների, ինչպէս նաև հասարարական մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։
Հայաստանի նախագահին Կոմիտասի արձանի մօտ դիմաւորող ցուցարարների թիւը, համաձայն տարբեր տւեալների, 600-ից մինչև 800 մարդ էր։ Նախքան Սերժ Սարգսեանի ժամանումը յուշարձանին հարող բոլոր փողոցները փակ են եղել, իսկ ոստիկանութիւնը ցուցարարներին պահել է յուշարձանից աւելի քան 100 մ հեռաւորութեան վրայ եւ թոյլատրել է մօտենալ միայն կանանց ու սևամորթներին։
Հայաստանի նախագահին յաջողւել է մնալ յուշարձանի մօտ 3 րոպէից ոչ աւելի, քանի որ ցուցարարների մի խումբ ճեղքել է ոստիկանական պատնէշը եւ փտած ձւեր ու պաստառներ նէտել հայաստանեան պատւիրակութեան վրայ։ Ցուցարարները նաև Ֆրանսիայից են պահանջել Սերժ Սարգսեանին անյապաղ դուրս հրաւիրել Ֆրանսիայի սահմաններից։
Դրանից յետոյ ոստիկանութիւնը սկսել է ցուցարարների ծեծը` հաշւի չառնելով տարիք ու սեռ: Ոստիկաններին առաւել զայրացրել է այն հանգամանքը, որ ցուցարարների դէմ կիրառւած արցունքաբեր գազը բարձրացած քամու պատճառով իրենց կողմն է փչել։
Այդ ամէնը այնքան յանկարծակի է կատարւել, որ օրինապահները չեն հասցրել հագնել հակագազերը, ինչից էլ օգտւել են ցուցարարները՝ նէտւելով Հայաստանի նախագահի կողմը։ ՀՀ նախագահին և հայկական պատւիրակութեան միւս անդամներին արագ հեռացրել են դէպքի վայրից։

0 Պատգամ: