Իսրաէլցի փորձագէտները երեք խոչընդոտ են տեսնում հայ-թուրքական արձանագրութիւնների իրականացման ճանապարհին

17:57 / 13.10.2009
Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը ուղղւած ստորագրւած արձանագրութիւնները թոյլ են տալիս յուսալ, որ Հարաւային Կովկասի ամենաբարդ եւ ձգձգւած հակամարտութիւններից մէկը շուտով կը լուծւի։ Այս կարծիքին են Իսրայէլի ազգային անվտանգութեան ուսումնասիրութեան (INSS) ինստիտուտի փորձագէտները։
INSS փորձագէտները պնդում են՝ "Գաղտնիք չէ, որ Թուրքիան ուզում է դառնալ Եւրամիութեան անդամ։ Սակայն դա խնդրայարոյց հարց է, քանի որ շատ բան է կախւած հայ-թուրքական սահմանի բացումից եւ Հայոց ցեղասպանութեան իրողութեան ճանաչումից։ Սակայն միեւնոյն ժամանակ պէտք է նաեւ նկատի ունենալ, որ Եւրամիութիւնում նախագահող Շւէդիան ողջունում է Թուրքիայի անդամակցումը Եւրամիութեանը, այնպէս որ վերջինիս համար ԵՄ-ի դռներն ինչ որ առումով բացւում են։
Հայաստանն էլ, դատապարտւած լինելով շրջափակմանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ անկայունութեանը՝ Վրաստանի կողմից, գնացել է երկու մեծ զիջման։ Առաջինը՝ համաձայնել է միջկառավարական պատմաբանների յանձնաժողով ստեղծելուն, որն ուսումնասիրելու է Օսմանեան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացւած զանգւային ջարդերի պատմական փաստերը եւ արխիվները։ Թէեւ պնդում են, որ արեւմտեան մի շարք պատմաբաններ այդ իրադարձութիւնները ճանաչել են իբրեւ ցեղասպանութիւն։
Եւ երկրորդը՝ այս ողջ ժամանակ Թուրքիան խուսափում էր նրանից, որ եթէ ճանաչի Ցեղասպանութեան փաստը, Հայաստանը տարածքային փոխհատուցում կը պահանջի։ Թուրքիայի մտահոգութիւնները նաեւ պայմանաւորւած էին նրանով, որ անկախութիւնից յետոյ պաշտօնական Երեւանը հրաժարւեց ճանաչել Թուրքիայի սահմանները։ Հիմա, վերոնշեալ արձանագրութիւնները իրենց մէջ ներառում են նաեւ սահմանազատման դրոյթը։
Հարկ է նշել, որ այդ զիջումն ունի սոսկ խորհրդանշական բնոյթ, քանի որ Հայաստանը աւելի թոյլ է Թուրքիայից եւ դժւար թէ լրջօրէն յաւակնի առաջ քաշելու Թուրքիայից տարածքներ պահանջելու հարցը։
Այնուամենայնիւ, չնայած եկել են համաձայնութեան, միեւնոյն է, դեռեւս մնում են երկու կողմերի խորհրդարանների կողմից փաստաթղթի վաւերացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան , Ադրբեջանի ընդդիմութեան եւ հայ համայնքի դժգոհութեան
խնդիրները։

0 Պատգամ: