Մոսկւայի մէջ Ս. Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Մեդվետեւին՝ Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման մասնակցելու համար


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքին, Դմիթրի Մեդվետեւը Սերժ Սարգսեանին առաջարկել Է միասին մտածել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնը լրացնելու մասին, ինչ որ ճգնաժամի հետեւանքով նւազել Է 20% տոկոսով:
«Եթէ խօսելու լինենք մեր յարաբերութիւնների միւս պահերի մասին, ապա ընդհանուր առմամբ գործերը բնաւ էլ վատ չեն»,-ասել Է Ռուսաստանի նախագահը:
Մեդվետեւը նաեւ Սարգսեանին շնորհակալութիւն է յայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարածաշրջանային կապերի աշխուժ ամրապնդման համար: Իր կարգին ՀՀ նախագահը շնորհակալութիւն է յայտնել Մեդվետեւին «Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման գործի մէջ անձնական ներգրաււածութեան համար: «Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Ռուսաստանի ղեկավարութեանը եւ անձամբ ձեզ, Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնների զարգացմանն աջակցելու համար»,-յայտարարել Է Սարգսեանը:
Օդակայանի մէջ

Նախագահ Սերժ Սարգսեանը դէպի Մոսկւա ճանապրահւելուց առաջ, «Զւարթնոց» օդակայանի մէջ պատասխանել է լրագրողների հարցումներին: Այս հարցուպատասխանի ընթացքին, նախագահը անդրադարձել է Թուրքիա գնալու իր ծրագրին՝ յայտնելով. «Թուրքիայի նախագահ պարոն Գիւլն արձագանգեց իմ հրաւէրին, եկաւ Հայաստան, եւ ես լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրաւէրը չընդունելու համար: Իմ պաշտօնակիցը գրաւոր հրաւէր է ուղարկել, եւ եթէ մօտակայ երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձութիւններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆութբոլային թիմին՝ Հայաստանի հաւաքականին»:

Նախագահը նաեւ անդրադարձել է թուրք պաշտօնատարների յետստորագրութիւն յայտարարութիւններին, որոնք նախապայմանների ակնարկներ էին: Այս հարցի վերաբերեալ նախագահը յայտնել է, թէ «Մենք երբե՛ք որեւէ մէկի հետ նախապայմանների լեզւով չենք խօսել, հակառակը՝ միշտ պնդել ենք, որ մեր յարաբերութիւնները պէտք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խօսքը գնում էր բաւարար նախադրեալների առկայութեան մասին, եւ ես կարծում եմ, որ այսօր այդ նախադրեալներն առկայ են: Բացի դրանից, ես ընդհանրապէս յարաբերութիւններում շատ եմ կարեւորում փոխադարձութեան սկզբունքը»:
Յատկապէս Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործոց նախարարի՝ Հոկտեմբեր 11ին կատարած յայտարարութիւնները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, Հայաստանի նախագահը նշել է, որ հանրութիւնը այդ յայտարարութիւններին կը ծանօթանայ առաջին հերթին ադրբեջանական լրատւամիջոցներից, որոնց հեղինակները, բնականաբար, կը փորձեն խեղաթիւրել թուրք պաշտօնեաների յայտարարութիւնները:
«Այդուհանդերձ, եղել են այդպիսի յայտարարութիւններ, եւ իմ կարծիքով, դրանք առաջին հերթին ուղղւած են ադրբեջանական լսարանին, հակառակ պարագայում՝ ինձ համար շատ տարօրինակ է. եթէ իրօք թուրքերը չեն վաւերացնելու արձանագրութիւնները, ապա ինչո՞ւ դրանք ստորագրեցին նախօրէին: Միգուցէ նրանք մտածում էին, որ մենք կարող էինք բաւարար կամք չցուցաբերել եւ հետ նահանջի քա՞յլ կատարել. բայց բոլոր պարագաներում, այսօր գնդակը գտնւում է թուրքական դաշտում, եւ մենք բաւարար համբերութիւն ունենք սպասելու իրադարձութիւների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակաւ յայտարարել ենք, եւ առանց վարանելու շարժւելու ենք հէնց այդ ուղղութեամբ: Կը վաւերացնեն թուրքերը արձանագրութիւնները՝ կը շարունակենք գործընթացը, չեն վաւերացնի՝ մենք կաշկանդւելու ոչինչ չունենք, եւ կ՛անենք այն, ինչի մասին յայտարարել ենք», յայտնել է նախագահը:
Միւս կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Քիշինեւի մէջ կայացած նախագահ Սարգսեանի հետ ունեցած հանդիպումից յետոյ յայտարարել էր, որ արդէն իսկ հայկական կողմի հետ համաձայնութիւն է կայացել Լեռնային Ղարաբաղի յարակից շրջաններից հայկական ուժերի հեռացման հարցի շուրջ:
Նախագահ Սարգսեանը այս գծով մի հարցումի պատասխանելով՝ յայտնել է. «Մենք երբե՛ք Ադրբէջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Ադրբեջանի նախագահը դժգոհ է բանակցութիւնների ընթացքից եւ արդիւնքից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամէնը երկու հարց՝ ԼՂ վերջնական կարգավիճակի եւ միջանկեալ կարգավիճակի վերաբերեալ:
Եթէ նա դժգոհ է, ապա ես նրան ոչինչով օգնել չեմ կարող: Զարմանալին այն չէ, որ Ադրբեջանի նախագահը դժգոհ է բանակցութիւնների արդիւնքներից: Զարմանալին մի քանի մտքերի մէջ է, այդ թւում՝ նաեւ ձեր ասածի:
Ես չգիտեմ, թէ Ադրբեջանի նախագահը ո՞ւմ հետ է համաձայնեցրել, եւ եթէ նկատել էք, հէնց այդ պարբերութեան մէջ անորոշութիւններ կան: Նա չի ասում՝ ե՞րբ, որտե՞ղ»:

0 Պատգամ: