Հայ լրագրողները Թուրքիայում ստիպեցին հաշւի նստել իրենց հետ

14:33 / 15.10.2009
Հոկտեմբերի 14-ին Բուրսայի մարզադաշտում հազարաւոր թուրքական դրօշների կողքին ծածանւել է ընդամէնը մի քանի հայկական դրօշ, որոնցից մէկն էլ պարզել էին Հայաստանից Թուրքիա մեկնած լրագրողները:
Հայ լրագրողների պարզած դրօշն, ի դէպ, լուրջ միջադէպի պատճառ էր դարձել:
Բուրսայի մարզադաշտում էր գտնւում նաեւ NEWS.am-ի թղթակից Անդրանիկ Իսպիրեանը, որն էլ պատմեց, թէ «ինչ հիւրընկալ» են ընդունել թուրքերը հայ լրագրողներին:
«Քանի որ Բուրսայի մարզադաշտում չէին երեւում հայկական դրօշներ, հայ լրագրողները մէկ հայկական դրօշ էին պարզել, որը ծածանում էին լրագրողական տրիբունայից: Մեզ մօտեցաւ պատասխանատուներից մէկը եւ յայտարարեց, թէ լրագրողական տրիբունայից դրօշ չի կարելի ծածանել:
Ես նրան բացատրեցի, որ քանի չկայ հայկական դրօշ, մենք՝ որպէս հայ, պարտաւոր ենք մէկ դրօշ պարզել, քանի որ մենք մեր թիմի երկրպագուն ենք»,- պատմեց թղթակիցը՝ յաւելելով, որ իրեն սպառնացել են, թէ խնդիրներ կունենայ իրաւապահների հետ:
Թղթակցի փոխանցմամբ, թուրք պաշտօնեաների հետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներից մէկն էր հայ լրագրողներին ստիպում թաքցնել հայկական եռագոյնը, սակայն լրագրողը չի ենթարկւել հայ պաշտօնեային:
Դրօշը պարզելու համար թղթակիցը բանակցութիւններ է վարել նաեւ Թուրքիայի ֆեդերացիայի մամուլի պատասխանատուի հետ: «Երբ դուք Հայաստան էիք եկել, ձեր առջեւ խոչընդոտներ յարուցե՞լ են» հարցին թուրք պաշտօնեան պատասխանել է. «Ոչ, Հայաստանում մեզ շատ լաւ են դիմաւորել»:
Թուրք պատասխանատուն բանակցութիւններ է վարել նաեւ իր ղեկավարների հետ, եւ, տեսնելով, որ հայ լրագրողները մտադիր չեն ընկրկել, ստիպւած են եղել թոյլատրել Բուրսայի մարզադաշտում հայկական դրօշ պարզել:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացաւ Հայաստան-Թուրքիա հաւաքականների ֆուտբոլային հանդիպումը, որին հետեւում էին նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Աբդուլա Գիւլը: Հայաստանի հաւաքականը, ինչպէս եւ 2008թ. սեպեմբերի 6-ին Երեւանում կայացած մրցավէճում, պարտւեց 2:0 հաշւով:

0 Պատգամ: