ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.–
«ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ»




2010-ին կը լրանայ Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀՄ) 10-ամեայ յոբելեանը: Այդ կապակցութեամբ ՌՀՄ-ի ծրագրերը բազմաթիւ են:
Անդրադառնալով տասնամեայ գործունեութեանը՝ Համաշխարհային հայկական կոնգրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը նկատում է, որ 10 տարին բաւական մեծ տարիք է հասարակական կազմակերպութեան համար` վերլուծելու ձեռքբերումներն ու բացթողումները:
Արա Աբրահամեանը կատարւած գործերից յատկապէս առանձնացրեց ռուսահայերի հայապահպանութեանն ուղղւած ջանքերը: Ռուսաստանում հայոց լեզւի, սովորոյթների, հայի կերպարի պահպանումն էլ ՌՀՄ-ի առաջնային նպատակներից է:
Աբրահամեանը փաստում է, որ հայերը կարողանում են Ռուսաստանում գտնել իրենց ուրոյն տեղը, ստեղծել միջավայր, որ հայոց լեզուն պահպանւի եւ Հայաստանի հետ կապը չկտրւի: Նա մատնանշում է Ռուսաստանում գործող աւելի քան 400 կիրակնօրեայ դպրոցներն ու նորակառոյց եկեղեցիները:
ՌՀՄ-ի ուշադրութեան կենտրոնում են նաեւ մանկատների, ծերանոցների ու զօրամասերի խնդիրները: Շուտով կազմակերպութեան ջանքերով այլ տեսք կստանայ Ղարաբաղի 6-րդ դպրոցը:
Ռուսաստանի հայերի միութեան 10-ամեակի կապակցութեամբ լոյս կը տեսնի գիրք, որն ամփոփում է ՌՀՄ-ի տասը տարւայ անցած ճանապարհը: Տասնամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումները կշարունակւեն ողջ տարւայ ընթացքում, իսկ եզրափակիչ տօնակատարութիւնը տեղի կունենայ նոյեմբերին Մոսկւայում՝ Կրեմլի մեծ դահլիճում: Ամենայն հաւանականութեամբ տօնակատարութեանը կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:
Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւններին՝ պրն. Աբրահամեանը նշեց, որ խնդիրը յուզում է ռուսահայերին: Այդ թեմայով կազմակերպւել են բազմաթիւ քննարկումներ, կլոր սեղաններ: Պրն Աբրահամեանը նկատում է, որ խնդիրը հոգեբանական է. ժողովուրդը չի մօռացել ցեղասպանութիւնը: Միւս կողմից՝ սահմանի բացումը տնտեսական լրացուցիչ խթան կլինի:
Աբրահամյանի խօսքերով, գործ ունենք հզօր պետութեան հետ, որի դիւանագիտութիւնը երկար ժամանակ պարտութիւն չի կրել: «Թուրքիան Ադրբեջանի բարեկամն է, եւ մենք պէտք է միամիտ լինենք կարծելու, որ Ադրբեջանի շահին ի վնաս մեզ հետ որեւէ գործողութիւն կանի», ասաց Աբրահամեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով այդ խնդրին:
«Շրջափակման գինը չափազանց թանկ է, յիշենք` վրաց-օսական հակամարտութեան ժամանակ ինչ էր կատարւում Հայաստանում: Սահմանի բացումը հնարաւորութիւն կտայ, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանայ», ասաց Աբրահամյանը: Նրա խօսքերով՝ այս կերպ Հայաստանը մէկ անգամ էլ աշխարհին ապացուցեց, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխօսութեան:
ՌՀՄ նախագահի դիտարկմամբ՝ հայ-թուրքական յարաբերութիւների կարգաւորումը ազգի անվտանգութեան, շահի հարցն է, հետեւաբար պէտք է լինել ուշադիր եւ խօսել միայն խնդիրներից, արտայայտել մտահոգութիւնները:
Աբրահամեանը դրական գնահատեց Սերժ Սարգսեանի ձեռնարկած համահայկական ուղեւորութիւնը: «Ռոստովում նախագահն իր ելոյթն այսպէս սկսեց. որքան յուզող հարցեր ունէք տւէք, պատրաստ եմ ձեզ հետ քննարկել բոլոր հարցերը: Նախագահի այցելութեան նպատակն էր վերջնական ճիշտ որոշում կայացնել», ասաց նա:
Նա նկատում է, որ արձանագրութիւններում կան անհանգստութիւններ, երկիմաստ մտքեր, հասկացութիւններ, հետեւաբար դրանք պէտք է քննարկել երկխօսութեան միջոցով: «Ժամանակ ունենք, որպէսզի կարողանանք այդ հարցերը քննարկել: Ցանկանում ենք միայն մի բան, որ հերթական անգամ չսխալւենք:
Գիտակցում ենք, որ գործ ունենք տարածաշրջանի հզօր պետութեան հետ, հետեւաբար շատ կարեւոր է մեր պատրաստւածութեան աստիճանը: Մենք պէտք է պատրաստ լիենենք սահմանի բացմանը: Մեր կառավարութիւնը պէտք է իր ծրագրերն ունենայ, ժողովուրդը պէտք է հոգեպէս պատրաստ լինի, պէտք է ունենանք պրոֆեսիոնալ փորձագէտներ, որ կարողանան քննարկել հարցեր:
Եթէ սահման ենք բացում` արդիւնաւէտ օգտագործենք, եթէ ցեղասպանութեան հարց ենք քննարկում` արդիւնաւէտ քննարկենք: Եթէ անհանգստութիւններ ունենք` դեռ չի նշանակում, որ դէմ ենք նախագահին, արտաքին գործերի նախարարին, որ մեծ աշխատանք է կատարել: Ամենահեշտը պատասխանատւութիւնից փախչելն է:
Ունենք խորհրդարան, Սահմանադրական դատարան, Անվտանգութեան խորհուրդ, եկէք այս ժամանակը օգտագործենք, մինչեւ վաւերացումը ուսումնասիրենք, ոչ թէ իրարից նեղանանք, մեղադրենք: Քննարկենք այդ յարաբերութիւնների դրական ու բացասական կողմերը: Դեռ ժամանակ ունենք շտկելու արձանագրութիւնների երկիմաստ հասկացութիւնները», եզրափակեց Արա Աբրահամեանը:



ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

0 Պատգամ: