Արմէն Այւազեան.-

«…ժողովրդի առջև էք պատասխան տալու»




ՀՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրւած արձանագրութիւնները և Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմէն Այւազեանն իր ելոյթում մասնաւորապէս ասել է.

- Այսօր պարզ է արդէն, որ ՀՀ իշխանութիւնը հրաժարւում է կատարել իր ամենակարևոր սահմանադրական իրաւունքը և բարոյական պարտականութիւնը՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդին։

Կարող եմ բերել բազմաթիւ օրինակներ այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականութիւն։
Ա. Այվազեանը յաւելել է, որ ամբողջ աշխարհում իրաւական, քաղաքական միտքը Ցեղասպանութեան ժխտումը գնահատում է որպէս Ցեղասպանութեան եզրափակիչ փուլ։
- Մի՞թէ այս բաները չեն կարդացել ՀՀ արտգործնախարարութիւնում, ՀՀ իշխանութիւնները, որ չեն փորձում պայքարել Ցեղասպանութեան ժխտման դէմ։
Ա. Այվազեանը նշել է, որ նախաստորագրւած արձանագրութիւններով Հայաստանն ինքն է հարցականի տակ դնում իր այսօրւայ իրաւունքներն ու անվտանգութիւնը։
- Նշանակում է՝ արձանագրութիւնների ստորագրումից և վաւերացումից յետոյ Թուրքիան շարունակելու է իր թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամաբ։ Մեր ղեկավարներն ինչո՞ւ չեն մեկնաբանում Էրդողանի լկտի խօսքերը։ Գաղութարարի խօսքեր են՝ գաղութացւած պետութեան հասցէին ուղղւած։

Ի՞նչ է նշանակում՝ ձերբազատւէ՛ք Սփիւռքի ազդեցութիւնից. Սփիւռքը ձեզ լաւ բան չի տալիս։ Սփիւռքն իրենց ստեղծած միաւորն է, Սփի՛ւռքն է արգասիքը Ցեղասպանութեան։

Ուզում են Սփիւռքը, կտրելով Հայաստանից, արագացւած տեմպերով ոչնչացնել, որից յետոյ, բնականաբար, Հայաստանի հերթն է գալու։ Ի՞նչ է նշանակում, երբ Էրդողանն ասում է՝ մենք ցանկանում ենք վերադարձնել Օսմանեան կայսրութիւնը ժամանակակից Թուրքիային։ Ինչո՞ւ չեն մեկնաբանում Հայաստանի իշխանութիւններն այս արտայայտութիւնը։ Օսմանեան կայսրութիւնը հայերիս համար նշանակում է Ցեղասպանութիւն։ Քարտէզներն արդէ՛ն այդպիսին են։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարը, խօսքն աւարտելով, դիմել է այն մարդկանց, ովքեր պատրաստւում են վաւերացնել նախաստրոգարւած արձանագրութիւնները.
- Եթէ դուք գնալու էք իշխանութեան կոչերի հետևից, ժողովրդի առջև՛ էք պատասխան տալու։ Ժողովուրդը կանգնելու է և իր իրաւունքներն է պաշտպանելու, որովհետև իր անվտագութեան, կեանքի շահն է։ Մի քիչ վատ էք հաշւարկել. իշխանութիւնն էլ է վատ հաշւարկել, եթէ կարծում է, որ հայ ժողովուրդն ինքնապաշտպանութեամբ չի զբաղւելու։

0 Պատգամ: