Թուրք փորձագԷտ.–
«Մէկ ազգ, երկու պետութիւն» գաղափարը կործանման եզրին է»

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը, ցնցելով կազմաքանդում է Սուլէյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի կեանքի կոչած «Մէկ ազգ, երկու պետութիւն» գաղափարական ֆորմուլան:
Նման կարծիք է հրապարակել թուրք վերլուծաբան Ուղուր Էրգանը «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականի կայքում: Էրգանի ձևակերպմամբ` հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումը և Սերժ Սարգսեանի` Բուրսայում դիտած ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական դրօշի նկատմամբ արգելքի սահմանումը լցրեց ազերիների համբերութեան բաժակը:

«Դրա համար էլ Բաքուն թուրք շեհիդների (իսամադավան նահատակ) յուշակոթողից հանեց թուրքական դրօշները: Այժմ էլ` հասկացնել է տալիս, որ «արդէն էժան բնական գազ չկայ»,- գրում է թուրք վերլուծաբանը: Վերջինիս դիտարկմամբ` թրքազերիական «մէկ ազգ, երկու պետությիւն» գաղափարը սկսեց լուրջ ճաքեր տալ այն ժամանակ, երբ անցած տարի յուլիսին Շւէյցարիայի միջնորդութեամբ Երևանի ու Անկարայի միջև գաղտնի բանակցութիւններ սկսւեցին:
Ադրբեջանական կողմը սկսեց անհանգստանալ, իսկ երբ ՀՀ նախագահի հրաւէրով Աբդուլլահ Գիւլը մեկնեց Հայաստան` դիտելու ֆուտբոլային հանդիպումը, ադրբեջանցիների անհանգստութիւնը վերածւեց բարկութեան: Երկու պետութիւն ունեցող մէկ ազգի ներսում աստիճանաբար ի յայտ եկող պառակտումներն ու գաղափարական խրամատների առաջացումը թուրք վերլուծաբանը բաժանել է հետևեալ փուլերի`
• Նախ փակւեց մզկիթը– Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր յայտարարութիւններում նախազգուշական ակնարկներ էր յղում Թուրքիային սահմանի բացման կապակցութեամբ, այդուամենայնիւ Հայաստանի հետ գաղտնի բանակցութիւնները շարունակւեցին:
Պաշտօնական Բաքւի առաջին լուրջ արձագանքը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը եղաւ այն, որ Բաքւի շեհիդների հրապարակում գտնւող կրօնական հարցերով վարչութեանը պատկանող մզկիթը վերանորոգման պատրւակով փակւեց:
Այնուհետև Իլհամ Ալիևը գնաց Ռուսաստան, բանակցեց ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ ու իր աջակցութիւնը յայտնեց «Նաբուկո» նախագծին այլընտրանք հանդիսացող նոր էներգետիկ գծի կառուցմանը` այդ կերպ շոկի մէջ գցելով Անկարային:
• Ժամանեցին պատգամաւորները– Ադրբեջանի խորհրդարանից մի խումբ կին պատգամաւորներ ժամանեցին Անկարա, հանդիպեցին Աբդուլլահ Գիւլի, Հայաստան-Թուրքիա մերձեցմանն ընդդիմացող «Ազգայնական շարժում» և «Ժողովրդահանրապետական» կուսակցութիւնների ներկայացուցիչների և այլ քաղաքական ուժերի հետ:
Ազերի խորհրդարանականները հայ-թուրքական կարգաւորմանը բողոք յայտնելու նպատակով հեռուստաեթերով հնչեցրեցին Անկարայի վարած քաղաքականութիւնը քննադատող կարծիքներ:
• Ալիևը Ստամբուլ չեկաւ– Իլհամ Ալիևը թէև ստացաւ Ստամբուլում կազմակերպւած «Քաղաքակրթութիւնների ալեանս»-ին մասնակցելու հրաւէրը, բայց չմասնակցեց դրան` ցոյց տալով Բաքւի հակազդեցութիւնն Անկարային: Ալիևը չմասնակցեց նաև յուլիսին Ակարայում «Նաբուկո» նախագծի ստորագրման արարողութեանը և նախընտրեց մեկնել Լոնդոն:
• Էրդողանը խօսք տւեց– Մայիս ամսին Էրդողանը մեկնեց Բաքու և Ադրբեջանի խորհրդարանում յայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խօսք չի կարող լինել, քանի դեռ վերջ չի դրւել «հայկական ագրեսիային Լեռնային Ղարաբաղում»:
• Արձանագրութիւնները լարում մտցրեցին– Օգոստոսի 31-ին Անկարայի և Երևանի համատեղ յայտարարութիւնն այն մասին, որ երկու երկրների միջև նախաստորագրւել են դիւանագիտական կապեր հաստատելու և սահմանը բացելու վերաբերեալ արձանագրութիւններ, նոր վերք բացեց թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում:
• Ի պատասխան դրօշների– Ցիւրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրւած արձանագրութիւնները, հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի այցը Թուրքիա և ադրբեջանական դրօշի նկատմամբ սահմանւած արգելքը խարխլեցին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի յայտարարած «Մէկ ազգ, երկու պետութիւն» հասկացութեան հիմքերը: Բաքւի իշխանութիւնները թուրք նահատակների յուշակոթողից հանեցին թուրքական դրօշները: Բաքւում Թուրքիայի ատաշեն էլ (կցորդ) իր բողոքը յայտնեց այդ կապակցութեամբ:
• Կազմակերպութիւններ շէնքերի առջև ծածանւող դրօշներն իջեցւեցին– Այն բանից յետոյ, երբ Բաքւում գտնւող թուրք «նահատակներ»ի յուշակոթողից հանւեցին թուրքական դրօշները, յայտարարւեց, որ թուրքական ընկերութիւնների շէնքերի առջև ծածանւող թուրքական դրօշները պէտք է իջեցւեն:
«Ազատութիւն» և «Ենի Մուսաֆաթ» թերթերի տեղեկացմամբ` Ադրբեջանում գործունեութիւն ծաւալող թուրքական ընկերութիւնների շէնքերում երէկ առաւօտւանից արդէն լայնամասշտաբ ստուգայցեր են կատարւում: Այժմ չի թոյլատրւում Ադրբեջանում գործող թուրքական կազմակերպութիւնների շէնքերի առջև թուրքական դրօշ բարձրացնել:


«ՊԱՆՈՐԱՄԱ»

0 Պատգամ: