«Պայքարը Պէտք Է Ստանայ Համահայկական Բնոյթ»


Հոկտեմբերի 9-ի մեր հանրահաւաքը նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանում, որն ունի իր առանձնայատկութիւնները: Այդ նոր իրավիճակը նոր խնդիրներ է դնում ե՛ւ կազմակերպիչներիս, ե՛ւ իշխանութիւնների առաջ:
Կազմակերպիչներիս խնդիրն այն է, որ պարտաւոր ենք շարունակել, խորացնել այս պայքարը եւ հասցնել համաժողովրդական ծաւալների, այն պէտք է համահայկական բնոյթ ստանայ` համահայկական հակազդեցութիւն ապահովելու համար. սա մեր թիւ մէկ խնդիրն է:

Իշխանութիւններն էլ պարտաւոր են հաշւի նստել ձեւաւորւած յստակ հասարակական պահանջի հետ, որը մենք արձանագրեցինք հոկտեմբերի 9-ին այդ աննախադէպ հզօր երթով, ցոյցով եւ հանրահաւաքով: Նրանք պարտաւոր են հաշւի նստելով դրա հետ, վերադառնալ ելման կէտ եւ վերսկսել բանակցութիւններն առանց նախապայմանների կարգաւորման սկզբունքով, որին դաւաճանել են:
Մեր ժողովուրդն արդէն շատ լաւ հասկանում է, որ բարձրացւած մտահոգութիւնները լուրջ են եւ առնչւում են մեր կենսական շահերին: Այս ընկալումն է, որ ստիպեց հասկանալ` խնդիրը կապ չունի սոսկ յարաբերութիւններ հաստատել-չհաստատելու, սահման բացելու-չբացելու հետ: Խնդիրն այն է, թէ ի՞նչ գնով ենք դա ուզում անել: Բանավէճը սրանում է: Մենք բազմիցս ասել ենք, որ այդ գինը չենք ուզում վճարել, մենք թուրքերին տալու բան չունենք, դուք իրաւունք չունեք մերը տալ թուրքերին:
Օր օրի աւելի յստակ է դառնում, որ կան նախապայմաններ, կայ պարտադրանք, եւ այս խնդիրը փոխկապակցւելու է Ղարաբաղի հարցի հետ: Ցիւրիխեան այդ մեծ խայտառակութիւնը յստակ ցոյց տւեց նախապայմանների առկայութիւնը:
Մեզ ուզում են համոզել, թէ իբր մեծ յաջողութիւն ենք ունեցել, որ թուրքերին չի յաջողւել յայտարարութիւն անել, բայց մեր յաղթանակն այն կլինէր, եթէ կարողանային յաջողեցնել, որ թուրքերը հրաժարւեն արձանագրութեան մէջ եղած նախապայմաններից: Թուրքերը փաստեցին, որ իրենք պահում են նախապայմանները եւ հէնց դրանցով են մտել գործընթացի մէջ:
Եթէ դա այդպէս չէր, ինչո՞ւ ամբողջ աշխարհով չկարողացան թուրքերին պարտադրել հանել այդ երկու ձեւակերպումները, որոնցից մէկն առնչւում էր Ցեղասպանութեանը, իսկ միւսը` Ղարաբաղի հարցին: Ակնյայտ է, որ կան նախապայմաններ, եւ մեզ ստիպեցին, որ մենք ստորագրենք այդ իրավիճակում: Բոլորը ուրախ էին, բոլորը ժպտում էին, բացի մեզանից, քանի որ բոլորը շահում էին այդ գործընթացից, բոլորը` բացի մեզանից:
Մենք ենք կորցնողը, եւ դա գրւած էր Էդւարդ Նալբանդեանի դէմքին: Այսօր ցաւն այն է, որ լռում է Ղարաբաղը, այս ուղտը մի օր չոքելու է նրանց առաջ: Ղարաբաղը պէտք է ակտիւանայ, չի կարելի սպասել:
Իշխանութիւններն օր օրի աւելի են զգում այս գործընթացի հետեւանքները, այս դառը, թունաւոր բաժակը ստիպում են մեզ կում-կում խմել: Ներկայ գործընթացը հիմք է ստեղծել ազգային պառակտման համար, որը խորանալով` վերածւելու է ժողովուրդ-իշխանութիւն մեծ վիհի: Իշխանութիւններն ունեն երկու ճանապարհ. կամ պէտք է սթափւեն, կանգ առնեն եւ դուրս գան այս գործընթացից, այդ ժամանակ մենք բոլորս նրանց թիկունք կը կանգնենք. ժողովրդից աջակցութիւն ստանալու միակ ճանապարհն այդ է:
Իշխանութեան միւս ճանապարհն այն է, որ եթէ շարունակեցին խորանալ գործընթացում, կամայ թե ակամայ, յայտնւելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում, իսկ այդպիսի իշխանութիւններ մենք հանդուրժել չենք կարող, նրանք պէտք է հեռանան, որպէսզի գայ մի ուժ, որը կարող է դիմադրել` թիկունքում ունենալով իր ժողովրդին:

Իշխանութիւնները պէտք է հասկանան, որ ուժը ժողովրդի մէջ է, այլ ոչ թէ դրսում, եւ եթէ այդ ուժը չես օգտագործում` ձախողւած ես ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում: Սրանից էլ բխում է մեր քայլերի տրամաբանութիւնը, նպատակն է` տապալել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումն այս գնով, եւ մենք դրան կը հասնենք:
Մենք գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով, ժողովրդին արկածախնդրութեան չենք տանելու, մեր ամէն մի քայլը լինելու է պատասխանատու եւ հաշւարկւած: Օգտագործելու ենք բոլոր հնարաւոր միջոցները:

Վաւերացման գործընթացում առաջին փուլն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է եւ պէտք է այս արձանագրութիւնները ճանաչի ոչ սահմանադրական: Հայ ժողովուրդը Սահմանադրութիւնն ընդունել է ` իրականացնելու համար իր համազգային նպատակները, որոնք ամրագրւած են Անկախութեան հռչակագրով, որն էլ շատ յստակ սահմանել է Արեւմտեան Հայաստանի եւ Ցեղասպանութեան խնդրին սատարելու պարտաւորութիւնը:
Իսկ եթէ Սահմանադրական դատարանն էլ դա չարեց, մտաւ ԱԺ, այդ ժամանակ մենք պէտք է թակենք իւրաքանչիւր պատգամաւորի դուռը եւ բացատրենք, որ սա պարզ քւէարկութիւն չէ, այլ իր որդիների, իր հայրենիքի, իր ճակատագրի քւէարկութիւնն է, նա պէտք հազար անգամ դատի ու կշռադատի, հասկանայ, որ պատասխան է տալու այդ քւէարկութեան համար: Ես վստահ եմ, որ մենք շատ հայրենասէր պատգամաւորներ ունենք, ովքեր ընկալում են այս ամէնը, բայց կաղապարւած են, կաշկանդւած են, պէտք է սթափւեն, հակառակ դէպքում կանիծւէն ողջ ժողովրդի կողմից:
Բայց եթէ անգամ ԱԺ-ն էլ վաւերացնի, այդ ժամանակ մենք այդ արձանագրութիւնները չեղեալ կը յայտարարենք նոր նախագահի, նոր իշխանութիւնների, նոր Ազգային ժողովի միջոցով: Իշխանութեան եկածների առաջին գործը պէտք է լինի այս գործընթացը չեղեալ յայտարարելը:
Մեր պայքարը ընդդէմի պայքար չէ, այլ յանունի, յանուն մեր շահերի, մեր սերունդների իրաւունքների: Մենք ասում ենք «մի՛ զիջիր», եւ դա պահանջ է: Թուրքերն այսօր իրենց հարցերը լուծել են` երկու նախապայմաններն ամրագրելով, եւ զբաղւած են Ադրբեջանի հարցերը լուծելով, Ադրբեջանի համար են պայմաններ ստեղծում` Ղարաբաղի հարցը յօգուտ իրենց լուծելու:
«Երկրորդական բաների մեջ ազատութիւն, կարեւոր բաների մեջ` միասնութիւն, եւ ամէն ինչի մէջ` սէր»: Եթէ մենք միասին լինենք, սերն ու համերաշխութիւնը մեզ միաւորի` սարեր շուռ կտանք: Մենք միշտ էլ այդպէս ենք յաղթել:

0 Պատգամ: