ՄԵՐ ԱՄՐՈՑԸ ՉԻ ՍԱԿԱՐԿԵԼՈՒ

Սիրելի ժողովուրդ, անցfալ հանրահաuաքին ես իմ ելոյթն սկսեցի շնորհակալութfամբ: Շնորհակալութիւն էի յայտնում բոլոր նրանց, ովքեր արթնացրին մեր հասարակական միտքը, բոլորիս ոտքի հանեցին, եւ բողոքի այս ալիքը, «Ոչ»-ի այս շարժումը կեանք դարձաւ:

Այսօր, ցաւօք, ելոյթս պէտք է սկսեմ ցաւակցութեամբ: Ես ցաւակցում եմ մեր բոլոր հայրենակիցներին` այստեղ հաւաքւած եւ նրանց, որ հետեւելու են այս արարողութեանը, իրադարձութեանը հեռուստատեսութեամբ, ռադիոյով կամ այլ ձեւերով: Ցաւակցում եմ, որովհետեւ մեզ չյաջողւեց կանխել այդ չարաբաստիկ ստորագրութիւնը:
Ստորագրութիւնը փաստաթղթի տակ դրւեց: Դուք տեսաք, թէ ինչպէս դրւեց: Դուք տեսաք, թէ ինչ դժւարութեամբ դա արւեց: Եւ իմ միւս ցաւակցութիւնն ուղղւած է մեր իշխանութիւններին, որոնց այսպէս ճզմել են, եւ արտաքին գործերի նախարարին, որը թոյլ է տալիս, որ մի ինչ-որ միջազգային չինովնիկ թշերին խփի` ինչպէս փոքրիկ երեխային, որին խաբել են ու ստորագրել տւել ինչ-որ թուղթ:
Բայց նաեւ ուզում եմ ձեզ նորից շնորհակալութիւն յայտնել եւ այս մեծ շարժման յաջողութիւնների մասին էլ խօսել: Ես խոնարհում եմ գլուխս այն քաջ տղաների առջեւ, որոնք (ո՞նց է կոչւում, Բուրսա, չէ՞. առաջ դա յունական Բրուսսա քաղաքն էր) Բրուսսայի թուրքական ստադիոնում չվախեցան եւ պլակատ բարձրացրին` «Սասունի եւ Բիթլիսի հայերը քեզ հետ են, Հայաստան»:
Այ, էդպիսի տղերք ունենք մենք: Նոյնիսկ Թուրքիայի խորքում, այդ ամբողջ ոստիկանական ոհմակների, նացիոնալիստների շարանների առաջ չվախեցան, հայատառ, հայալեզու պլակատը բարձրացրին: Եւ այնպէս չէ, որ մենք չենք յաջողում: Մեր նախորդ հսկայական հանրահաւաքը բերեց նրան, որ միւս օրը` չարաբաստիկ ստորագրութիւնից ժամեր առաջ, ՀՀ նախագահը ուղերձով հանդէս եկաւ: Նա իր ուղերձում ասաց բոլոր այն մտահոգութիւնների մասին, որ ունենք մենք բոլորս: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղերձն ուշացած է: Այո, ուշացած է: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղերձը, քանի դեռ չեն եղել Սահմանադրական դատարանի եւ պառլամենտական լսումները, իրաւական ուժ չունի:
Այո, չունի: Բայց դա նշանակում է, որ իշխանութիւնը մեր մտահոգութիւնը սկսում է հասկանալ: Ուրեմն, մենք պէտք է աւելի ուժեղ սեղմենք: Մենք պէտք է աւելի ուժեղ բարձրացնենք մեր «Ո՛չ»-ի ձայնը, որպէսզի իշխանութիւններին թոյլ չտանք կատարելու երկրորդ սխալը: Այսօր մենք արդղն գիտենք` Թուրքիան շտապում է վաւերացնել փաստաթղթերը:
Թուրքիան շտապում է, եւ արդէն այս ամսի 21-ին վաւերացման համար թուրքական խորհրդարան են մտնելու այդ արձանագրութիւնները: Սա նշանակում է, որ նրանք եւ նրանց միջազգային հովանաւորները հասկացել են, որ Հայաստանում բարձրանում է հզօր ալիք, որը կսրբի այդ ստորագրութիւնները, իսկ եթէ ժողովրդի ձայնը ստորագրողները չլսեն, ապա կսրբի ստորագրողներին:
Մենք հիմա գործ ենք ունենալու մեր խորհրդարանի հետ: Խորհրդարանում կայ 131 պատգամաւոր: «Ժառանգութեան» եւ Դաշնակցութեան պատգամաւորների դիրքորոշումը ձեզ յայտնի է: Մնացածներից շատ-շատերը հոգու խորքում մեզ հետ են, բայց վախեցած են, խաբւած են, ճնշւած են: Մենք նրանց կը վերադարձնենք հայ ժողովրդի գիրկը: Հայաստանի պատգամաւորը պէտք է ընտրութիւն կատարի` ում է նա ծառայում` ժողովրդի՞ն, թե՞ իշխանութիւններին:
Պատգամաւորը պէտք է ծառայի իր ժողովրդին, որը նրան ուղարկել է Ազգային ժողով: Եւ մենք կը պարտադրենք հաշւի նստել մեր կամքի հետ: Ինչպէ՞ս ենք դա անելու: Դուք կլսէք դա հետագայ ելոյթներում: Կոնկրէտ առաջարկութիւններ կանի ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Իսկ ես ուզում եմ այսօր բոլոր պատգամաւորեներին (կոալիցիոն կամ անկախ) ասել` Հայաստանի Հանրապետութեան նախագահի ուղերձը պէտք է ձեզ համար դառնայ ուղեցոյց, եւ չփորձեք փախչել այնտեղ արտայայտւած մտահոգութիւններից:
Մեր աչքի առաջ պէտք է քւէարկէք: Եւ, Աստւած մի արասցէ, որ դուք կատարէք ոչ թէ մեր ժողովրդի, այլ ուրիշի կամքը: Ո՞ր ուրիշի: Մենք տեսանք, թէ ինչպէս հայ ժողովրդի տասնամեակների պայքարի արդիւնքում միջազգային լռութեան պատը սկսեց փլւել: Մենք տեսանք, թէ ինչպէս երկիր երկրի հետեւից, խորհրդարան խորհրդարանի հետեւից, միջազգային կառոյցներ սկսեցին ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը: Իհարկէ, սա միայն առաջին քայլն էր:
Որովհետեւ քանի՞ կոպեկ արժէ Ցեղասպանութեան ճանաչումը, եթէ չկայ հատուցում: Այս դատը իրական իմաստով դատ է. դատը պէտք է պատժի եւ հատուցի զոհին իր կորուստները: Ուրեմն, հատուցումն է լինելու մեր հիմնական պահանջը:
Եւ ահա այդ միջազգային պատը, կարեւորագոյն գերտերութիւնների արտգործնախարարների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների ճանապարհով, կարծրացաւ Էդւարդ Նալբանդեանի մեջքին, եւ մենք նորից պէտք է ճեղքենք այդ պատը:
Մենք, իհարկէ, կճեղքենք միասին, մենք նորից կճեղքենք: Եւ մեր իշխանութիւնները պիտի մի բան հասկանան` որ պէտք է կանգնեն ժողովրդի կողքին եւ դիմադրեն Հայաստանի վրայ եղած միջազգային ճնշումներին: Ու եթէ կանգնեն դիմադրելու, ապա մեր ուժը հզօր կլինի, մենք միասին կը յաղթենք: Բայց եթէ մեր իշխանութիւնը գործիք դարձաւ օտար ուժերի ձեռքում մեր ժողովրդի կամքը կոտրելու համար, ապա վա~յ այդ իշխանութեանը: Վա~յ այդ իշխանութեանը: Իշխանութիւնը, որն իր ժողովրդի պատւիրանը չի կատարում, երկար կեանք չունի:
Սիրելի ժողովուրդ, անցել են այն ժամանակները, երբ մենք` հայերս, անընդհատ դիմադրողի, պաշտպանւողի դերում էինք: Տեսանք` ինչի բերեց անընդհատ դիմադրելն ու պաշտպանւելը: Նա, ով ի սկզբանէ որպէս մարտավարութիւն է ընտրել պաշտպանւելը, ի սկզբանէ էլ պարտւած է: Մենք անցնում ենք յարձակման, մենք անցնում ենք գրոհի:
Մեր դէմ միացել են աշխարհի որոշ ուժեր, բայց ոչ բոլորը: Նրանք, իհարկէ, ունեն իրենց շահերը` ինչ-որ տեղ նաւթ, ինչ-որ տեղ ծով, ինչ-որ տեղ էլ Թուրքիայի շահերն է պէտք բաւարարել, ինչ-որ տեղ` Ռուսաստանի յոյսերը: Բայց մեր շահերը մենք պէտք է պարտադրենք:
Սիրելի ժողովուրդ, ԱՄՆ-ի հիմնադիր գործիչներից յայտնի փիլիսոփա Բենջամին Ֆրանկլինը մի նախադասութիւն է մի անգամ ասել. «Ո՛չ ամրոցը, ոչ էլ կոյսը երկար չեն դիմանայ, եթէ սկսեցին սակարկել»: Ես չգիտեմ` ում դերում են իրենց պատկերացնում մեր իշխանութիւնները, բայց մենք ամրոց ենք, որը չի սակարկելու: Մենք մեր շահերի շուրջ չենք սակարկելու: Մենք զիջելու բան չունենք: Ես չեմ ուզում ձեր ուշադրութիւնը նորից սեւեռել արձանագրութիւնների բովանդակութեանը, բոլոր վտանգները ձեզ յայտնի են: Թուրքիան շտապում է: Թուրքիան արդէն ստանում է այն, ինչ ուզում է:
Դուք գիտէք, որ Եւրամիութեան Եւրայանձնաժողովի բանաձեւը, զեկոյցը Թուրքիայի մասին պատրաստւած էր շատ կոշտ: Վերջին օրերին բոլոր կոշտ, Թուրքիային քննադատող մասերը հանւեցին, որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ բանակցութիւններ է սկսել: Մենք մեր ձեռքով, այն ձեռքով, որը ստորագրեց այդ չարաբաստիկ թուղթը, բացում ենք Թուրքիայի ճանապարհը դէպի Եւրոպա: Եւ Եւրոպայից նա մեզ վերջնականապէս կխեղդի: Մենք կը կասեցնենք նրա ընթացքը: Միայն մեր շահերն են մեզ համար հետաքրքիր: Ոչ թուրքերի, ոչ ռուսների, ոչ ամերիկացիների շահերը ոչ մի կոպէկ չարժեն, եթէ հայերի շահերի հետ հաշւի չեն նստում:

0 Պատգամ: