Չառլզ Թեննոք.– Ադրբեջանն իր դիրքորոշմամբ կարող է յարուցել արեւմտեան գործընկերների գրգռւածութիւնը


11:02 / 19.10.2009
Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները մթագնած են Հայոց ցեղասպանութեամբ, որն իրականացւել է Օսմանեան Թուրքիայում՝ մօտ 100 տարի առաջ,- գրում է Մարդու իրաւունքների հարցերով Եւրախորհրդարանի ենթակոմիտէի փոխնախագահ եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցութեան արտաքին քաղաքականութեան հարցերի պատասխանատու Չառլզ Թեննոքը։

Ըստ նրա, հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ արձանագրութիւնները դարձել են երկու երկրների յարաբերութիւնների գագաթնակէտը։ Հարցն այն է,- գրում է Թեննոքը,- թէ կեանքի կկոչւի՞ արդեօք այդ արձանագրութիւնների բովանդակութիւնը։
«Իհարկէ, երկրներից իւրաքանչիւրը դրանից կստանայ իր շահաբաժինը. Թուրքիան՝ ցանկանալով տպաւորութիւն թողնել Արեւմուտքի վրայ, ձգտում է ԵՄ անդամութեան եւ տարածաշրջանի քաղաքական ծանրակշիռ դերակատարի կարգավիճակի, այն դէպքում, երբ մեկուսացւած ու շրջափակման մէջ գտնւող Հայաստանը ստիպւած է որոշ առումով անտեսել Ցեղասպանութեան հարցը՝ սահմանի բացման դիմաց։
Թուրքական նախաձեռնութիւնը ռազմավարական երկարատեւ մտորումների արդիւնք էր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բաց տեքստով առկայ չէ արձանագրութիւններում, սակայն այն ենթադրւում է, ինչի ապացոյցն էր Ցիւրիխում այդ թեմայով ճառ ասելու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի մտադրութիւնը։
Եւ միայն ԱՄՆ-ի կողմից ցուցաբերւած ճնշումը վերջին վայրկեանին թոյլ տւեց խուսափել դրանից։ Հայաստանի հետ յարաբերութիւններում ձեռք բերւած ճեղքումը յանգեցրեց Թուրքիայի մահմեդական եղբօր ու դաշնակից Ադրբեջանի հետ յարաբերութիւնների վատացման։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրութիւնների ստորագրումից ընդամէնը մէկ օր յետոյ ասաց այն, ինչը թոյլ չտւեցին ասել Դավութօղլուին. այն է՝ արձանագրութիւնները չեն վաւերացւի երկրի խորհրդարանի կողմից, եթէ Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։
Այդ յայտարարութիւնից յետոյ երկիւղ առաջացաւ, որ նախաձեռնութիւնը դատապարտւած է ձախողման, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հասկացնել տւեց, որ „զօրահանդէսի հրամանատարը“ Թուրքիան է՝ հոկտեմբերի 14-ին մեկնելով թուրքական Բուրսա քաղաք, որտեղ պէտք է կայանար երկու երկրների ֆուտբոլի հաւաքականների հանդիպումը։
Էրդողանի յայտարարութիւնից պարզ է դառնում, որ այդ հակամարտութիւնը ունի միայն մէկ լուծում, այն դէպքում, երբ աշխարհը յոյս ունէր, որ վերջին իրադարձութիւններից յետոյ Ադրբեջանը դրա կարգաւորման շուրջ առաւել բանական առաջարկութիւններ կանէր։ Սակայն Բաքուն գիտակցում է, որ այդ հարցով ցանկացած զիջում նշանակում է հայկական դիւանագիտութեան յաղթանակ՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման քողի ներքոյ։ Ալիեւը բազմիցս հասկացրել է, որ դա դէմ է Ադրբեջանի ազգային շահերին։
Ադրբեջանը ունի գազի ու նաւթի պաշարներ, սակայն դէպի եւրոպական շուկաներ էներգետիկ պաշարների տեղափոխման համար հարկաւոր է Թուրքիան։ Այդ կապակցութեամբ շատ վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի գլխաւոր առաջնահերթութիւնը փոխաբեռնման կէտի կարգավիճակն է՝ Արեւմուտքին էներգետիկ պաշարներով ապահովելու հարցում։
Իսկ Ադրբեջանն իր դիրքորոշմամբ կարող է յարուցել Nabucco գազային նախագծի արեւմտեան գործընկերների գրգռւածութիւնը, որտեղ Թուրքիան կարեւոր դէր է կատարում. դա կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ եւ հէնց Ադրբեջանի համար՝ էկոնոմիկայի ու անվտանգութեան եւրոատլանտեան կառոյցներում ընդգրկւելու նրա մտադրութիւններում»,- գրում է Չառլզ Թեննոքը EWEUROPE-ի էջերում։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: