«Շանթ» հեռուստաընկերութիւն.–
«Յաղթանակի» մասին խօսելը վաղ է


17:04 • 13.02.10
Դատաւոր Ս. Արամեանի կայացրած դատական ակտն ակնյայտօրէն անհիմն է ու անարդար։ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով «32 ատամի» դատական հայցը բաւարարելու մասին տեղեկութիւնը՝ այս մասին ասաց «Շանթ» ՍՊԸ–ի ներկայացուցիչ Արամ Կարախանեանը։
«32 փրոդաքշնի» կողմից տրամադրւած տեղեկութիւնը, ըստ նրա, ամբողջական չէ։ Յիշեցնենք, որ փետրւարի 10–ին «32 ատամ» ակումբի պրոդիւսեր Կարէն Բաբաջանեանը Tert.am–ի հետ զրոյցում ասել էր. «Մենք յաղթեցինք։ Մեր և «Շանթ» հեռուստաընկերութեան միջև կնքւած պայմանագիրը լուծւեց»։
Արամ Կարախանեանի խօսքով՝ Արաբկիր և Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը 2010թ. փետրւարի 9–ին իսկապէս հրապարակել է վճիռը, որով բաւարարւել էր «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցը կողմերի միջև կնքւած պայմանագրի լուծման և «32 ատամ» հիւմորային հաղորդման ցուցադրումը «Շանթ» հեռուստաընկերութեան եթերով արգելելու մասին։
Իսկ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի գումարային պահանջի քննութիւնը դատարանը կասեցրել է մինչև նոյն դատարանի կողմից «Շանթ» ՍՊԸ-ի՝ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի դէմ ներկայացւած գումարային պահանջի գործով վերջնական որոշում կայացնելը։
«Դատարանը նման որոշում կայացնելով անտեսել է գործի հանգամանքները, գործող օրէնսդրութիւնը և ՀՀ Վճռաբէկ դատարանի նախադեպային որոշումները։ Վճիռը ենթակայ է բողոքարկման և այն բողոքարկւելու է «Շանթ» հեռուստաընկերութեան կողմից, հետևաբար չի ստանայ օրինական ուժ»,– ասաց Արամ Կարախանեանը։
Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ նոյն դատարանում արդէն սկսւել է «Շանթ» հեռուստաընկերութեան հայցի քննութիւնն ընդդէմ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի։
«Նշւածը հաշւի առնելով «Յաղթանակի» մասին խօսելը վաղ է»,– եզրափակեց փաստաբանը։


Tert.am

0 Պատգամ: