Րաֆֆի Յովհաննիսեանը հասարակական միասնութեան կոչ է անում


01.02.2010
Կարինէ Քալանթարեան

«Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամաւոր («Ժառանգուիւն») Րաֆֆի Յովհաննիսեանը, խօսելով Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանեան պատւիրակութեան կազմի հետ կատարւածի մասին, ասաց. - «Թէ' Եւրոպայում, թէ' մեր երկրում վախկոտութիւնը եւ ունայնութիւնը տակաւին չափանիշներ են»:
«Եւ հէնց այդ մտայնութիւնը, հէնց այդ փոքրիկ տեսադաշտն է, այդ դաւային մեթոդաբանութիւնն է, որ ծնում է այն իրավիճակը, որ Եւրոպայում եւ Հայաստանում՝ որպէս Եւրոպայի մաս, լինում են քաղաքական բանտարկեալներ», - «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց նա՝ շարունակելով. - «Որ Եւրոպայի կառոյցների բարձրաստիճան պաշտօնեաներ են ընտրւում այն մարդիկ, ովքեր պաշտօնապէս ժխտում են Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ոճիրները»:
«Ես կարծում եմ՝ սրանք փոխկապակցւած խնդիրներ են, եւ պայքարը, իհարկէ, շարունակւելու է», - յայտարարեց Յովհաննիսեանը՝ մանրամասնելով. - «Եւ սա միայն «Ժառանգութիւն» խմբակցութեան խնդիրը, հարւածը, պայքարը չէ: Սա Հայաստանի ու իւրաքանչիւր հայ քաղաքացու արժանապատւութեան խնդիր է՝ որ ինքը ներկայացւած լինի, որ իրենից ձայն, ներկայացւածութիւն եւ քւէի իրաւունք չվերցւի»:
«Սա մարտակոչ է Հայաստանի հասարակութեանը, Հայաստանի քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին», - շարունակեց Րաֆֆի Յովհաննիսեանը: - «Բաւ է, որ ամէն մէկը կարծի, որ ինքն է միակ ներկայացուցիչը... Ո'չ «Ժառանգութիւն»-ը, ո'չ ՀԱԿ-ը, ո'չ Դաշնակցութիւնը, որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չէ: Եւ միակը չի կարող լինել: Հիմա խնդիրը այն է, որ թէ' բովանդակային, թէ' ձեւաչափային առումով, կարծում եմ, հասարակութիւնը պէտք է վերակազմակերպւի եւ յանդիմանի իր ներկայացուցիչներին՝ կուսակցութիւններին, պատգամաւորներին, որ չտառապի այլեւս բացառիկութեան այս ախտով, այս հիւանդութեամբ»:
Դիտարկմանը, որ «Ժառանգութիւն»-ը, ի թիւս հայաստանեան այլ քաղաքական ու հասարական ուժերի, միացել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը՝ Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ պայքարում, սակայն ԵԽԽՎ-ում երկու կուսակցութիւնների ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներով են հանդէս եկել, եւ հարցին, թէ արդեօ՞ք դրանից յետոյ կը շարունակւի «Ժառանգութիւն» - ՀՅԴ համագործակցութիւնը, Րաֆֆի Յովհաննիսեանը արձագանքեց. - «Եթէ Դաշնակցութիւնը եւ «Ժառագութիւն»-ը քաղաքական հասուն ուժեր են... իրենք այս հարցին լուծում պէտք է գտած լինէին: Բայց, ցաւօք սրտի, Հայաստանի խորհրդարանը՝ իր ղեկավարութեամբ, նաեւ պատւիրակութեան անդամներով գնացին մեղսակցային գործարքի եւ հաղորդակցութեան ուղիները բաց չպահւեցին»:
Անդրադառնալով Հայ-թրքական արձանագրութիւններին՝ Յովհաննիսեանը ասաց. - «Ես չգիտեմ, թէ Դաշնակցութեան տեսակէտը ինչպիսի հոլովոյթ կունենայ, ինչպիսի էվոլյուցիա, «ժառանգութիւն»-ը դէմ է՝ ոչ թէ «կողմ» վերապահումներով, այլ դէմ է, եւ մենք կը մնանք դէմ»:

0 Պատգամ: