Sunday, February 7, 2010

Ղարաբաղեան խնդիր

Ղարաբաղեան խնդիր
Ադրբեջանցի վերլուծաբանները Ղարաբաղեան նոր պատերազմի հաւանականութիւնը մեծ չեն համարում



06.02.2010
Տիգրան Աւետիսեան«Չնայած Միացեալ Նահանգների Ազգային հետախուզութեան տնօրէնի յայտարարութեանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողութիւնների վերսկսումը քիչ հաւանական է», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում շաբաթ օրը այսպիսի կարծիք յայտնեց ադրբեջանցի վերլուծաբան, Eurasianet էլեկտրոնային պարբերականի քաղաքական մեկնաբան Շահին Աբասովը։
ԱՄՆ Ազգային հետախուզութեան տնօրէն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդէս գալով Սենատի Հետախուզութեան հարցերի կոմիտէի լսումներում, յայտարարել էր, թէ մեծացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը։
Մեկնաբանելով Դենիս Բլերի ներկայացրած զեկոյցի հյիշեալ հատւածը, Ռազմավարական եւ ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսեանը նշել էր, թէ այդպիսով Վաշինգթոնը որոշակի զգուշացում է յղում Բաքւին, քանի որ յատկապէս ադրբեջանցիներն են պարբերաբար հանդէս գալիս ռազմատենչ յայտարարութիւններով։ Մինչդեռ, ըստ ադրբեջանցի մեկնաբան Շահին Աբասովի, Բլերն ընդամէնն ուրւագծել էր ընդհանուր մի պատկեր` մատնանշելով կոնֆլիկտային մի շարք տարածաշրջաններ, եւ ամենայն հաւանականութեամբ, նկատի չէր ունեցել Հայ-ադրբեջանական զիւած բախման վերսկսման կոնկրէտ ու վերահաս հնարաւորութիւնը։
Ղարաբաղեան կարգաւորման ուղղութեամբ վերջին շրջանում նկատւող բանակցային ակտիւութեանը, ադրբեջանցի վերլուծաբանի խօսքերով, երկակի բնոյթ ունի. - «Չնայած գործընթացն ակտիւացել է, ինչն, ըստ էութեան, դրական է, այն կարող է յանգեցնել երկու արդիւնքի` կամ կարգաւորմանը միտւած դրական բեկման, կամ առաւել ետընթացի։ Իսկ ետընթացը միշտ էլ յղի է ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգով»։
Հայ-ադրբեջանական զինւած հակամարտութիւն վերսկսումը քիչ հաւանական է համարում նաեւ ադրբեջանական «Երրորդ հայեացք» անւանումը կրող տեղեկատւական-վերլուծական գործակալութեան գլխաւոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Ռաջաբովը։ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում Ռաջաբովն այդ գնահատականը հիմնաւորեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, իր խօսքերով` «խոհեմ» կեցւածքով։
«Ադրբեջանը ղեկավարում է բաւական իրատէս եւ իմաստուն նախագահ։ Հայաստանի նախագահը, իր հերթին, լաւ գիտի պատերազմի գինը, ուստի ես աւելի հակւած եմ ենթադրել, որ կողմերը շահագրգիռ են հարցի քաղաքական կարգաւորմամբ», - ասաց Ռաջաբովը։
Ադրբեջանցի վերլուծաբանն այս փուլում ոչ տեղին եւ վնասակար է համարում Միսնկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտօնեայի կողմից պատերազմի վերսկսման հաւանականութեան մասին յայտարարութիւնները, քանի որ դրանք չափազանց զգայուն են ընկալւում ինչպէս Ադրբեջանում, այնպէս էլ Հայաստանում։
«Մինչդեռ, ինչպէս ասում են` վատ-լաւ, բայց բանակցութիւններն ընթանում են, եւ հարկ է նպաստել այդ ընթացքին», - ասում է Ռաջաբովը։

0 Պատգամ: