ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՎԱՆԿՈՒՎԵՐՈՒՄ
21-ամեայ վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլին Վանկուվերում պատրաստւելով սահնակային սպորտի մրցումներին, մարզման ժամանակ լուրջ վնասւածք է ստացել, իսկ հիւանդանոցում ուշքի չգալով` մահացել է:
Միջադէպը տեղի է ունեցել օլիմպիական խաղերի բացման արարողութիւնից մի քանի ժամ առաջ: Նոդար Կումարիտաշվիլու սահնակը 145 կմ/ժամ արագութեան ժամանակ շրջւել է, դուրս եկել մրցուղեակից եւ բախւել երկաթեայ արգելապատնէշին:
Նրան ուղղաթիռով անմիջապէս տեղափոխել են մօտակայ հիւանդանոց, սակայն բժիշկներին չի յաջողւել փրկել մահացու վնասւածքներ ստացած մարզիկին: Վրաստանի օլիմպիականների ղեկավար Իրակլի Ջափարիձեն բացման արարողութիւնից առաջ յայտարարել է, որ վրացի մարզիկները հնարաւոր է չմասնակցեն խաղերին, քանի որ հոգեբանօրէն ճնշւած վիճակում են գտնւում այդ պատահարից յետոյ:
Ի դէպ, մինչ այդ մարզումների ժամանակ վնասւածքներ էին ստացել եւս 10 սահորդներ, իսկ սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Եոզէֆ Ֆենդտը նախապէս զգուշացրել էր, որ Վանկուվերի մրցուղեակը իր յատկանիշներով բաւականին վտանգաւոր է մարզիկների համար: Նոդար Կումարիտաշվիլին այս տարի մասնակցել էր աշխարհի գաւաթի հինգ փուլերին եւ ընդհանուր հաշւարկով զբաղեցնում էր 44-րդ տեղը:
«Ա+1»

0 Պատգամ:
Post a Comment