Saturday, February 13, 2010

Ղարաբաղեան խնդիր

Ռուսաստանցի ռազմական փորձագէտի կարծիքով, ղարաբաղեան պատերազմի վերսկսման հաւանականութիւնը մեծ չէ


10.02.2010
Գէորգ Ստամբոլցեան
«Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հաւանականութիւնը մեծ չէ», - համոզւած է ռուսաստանցի ռազմական փորձագէտ Ալեքսանդր Գոլցը։
«Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում, համեմատելով 2008-ի ամռանը Վրաստանում ստեղծւած կացութիւնն ու Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ներկայ վիճակը, Գոլցը որոշ տարբերութիւններ է մատնանշում։
«2008-ին Սահակաշվիլին կարող էր սխալ մեկնաբանել Միացեալ Նահագներից եկող ազդակները։ Ղարաբաղի խնդրում հակառակն է. թէ՛ Մոսկվան, թէ՛ Վաշինգտոնը եւ թէ՛ Եւրամիութիւնը հակամարտող երկու կողմերին էլ յստակօրէն ասում են՝ ոչ մի պատերազմ»։
Մոսկւացի վերլուծաբանի համոզմամբ, ռազմական գործողութիւնների վերսկսումը ձեռնտու չէ նախեւառաջ Ռուսաստանի իշխանութիւններին։
«Ռուսական դիւանագիտութիւնը ջանք չի խնայում պատերազմի վերսկսումը բացառելու համար», - պնդում է Գոլցը, - «եթէ յանկարծ հակամարտութիւն բռնկւի, ապա, բացասական այլ հետեւանքներից բացի, այն պարզապէս կը ոչնչացնի Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը (ՀԱՊԿ), որը ռուսական դիւանագիտութեան «զաւակն» է։ Ենթադրւում է, որ ռազմական գործողութիւնների դէպքում կազմակերպութեան անդամները ինքնաբերաբար պաշտպանելու են պատերազմող դաշնակցին։ Ֆորմալ առումով ստացւում է, որ Ռուսաստանը, կամ ասենք՝ Տաջիկստանն ու Բելառուսը, ներքաշւելու են այս հակամարտութեան մէջ՝ աջակցելով Հայաստանին։ Գործնականում, սակայն, նման բան պատկերացնելը դժւար է»։
Ալեքսանդր Գոլցը, ով Ղարաբաղեան պատերազմի տարիներին մի քանի անգամ այցելել է տարածաշրջան՝ լուսաբանելով ռազմական գործողութիւնները, անդրադառնում է նաեւ հայկական ու ադրբեջանական զինւած ուժերի մարտունակութեան ներկայ մակարդակին։
«15 ամեայ վաղեմութեան փորձից ելնելով՝ ես տպաւորութիւն ստացայ, որ երկու երկրների զինւած ուժերում հրամանատարների հիմնական մասը խորհրդային կրթութիւն ստացած սպաներն էին։ Հայկական կողմում, իհարկէ, գրագէտ սպաների քանակն աւելի մեծ էր։ Դա դրսեւորւում էր յատկապէս [ռազմական գործողութիւնների] պլանաւորման ժամանակ։ Եթէ խորհրդային անցեալ ունեցող այդ սպաներին, նաեւ Ռուսաստանի հետ ունեցած կապերի շնորհիւ, յաջողւել է ստեղծել մարտական պատրաստութեան ժամանակակից համակարգ, ապա կարող ենք ասել, որ հայկական բանակի մարտունակութեան մակարդակն աւելի բարձր է», - նշում է Ալեքսանդր Գոլցը։

«Ազատութիւն»

0 Պատգամ: