ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ
ՀԱՄԱԺՈՂՈՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպութիւնը յայտարարում է «Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ» 2-րդ տարեկան համաժողովի մասին, որը տեղի կունենայ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում, 2010 թւականի փետրւարի 28-ից մինչև մարտի 2-ը:
Համաժողովի օրակարգում համակողմանի քննարկումներ են՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հեռանկարների, հայութեան առջև ծառացած ներկայ մարտահրաւէրների, ռազմավարական նոր մօտեցումների հետ կապւած արդիական խնդիրների շուրջ:
PFA-ը «Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ» 2-րդ համաժողովին մասնակցելու է հրաւիրել մտաւորականների, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բաւականին ներկայացուցչական հատւած՝ քննարկելու Հայաստանի և Սփիւռքի միջև նոր առանցքային յարաբերութիւնների և ժամանակի թելադրանքով պարտադրւած մարտահրաւէրներին իրատեսօրէն արձագանքելու հնարաւորութիւնները:
Յիշեցնենք, որ PFA-ը մասնակցիների աննախադէպ ներկայացուցչականութիւն էր ապահովել համաշխարհային տնտեսական ճգնաժամին նւիրւած իր 1-ին Բարձր մակարդակի համաժողովում, որը տեղի ունեցաւ 2009թ. մայիսի 25-ին, Երեւանում: Նրա հրաւէրով համաժողովին մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի տնտեսագէտներ, բարձրաստիճան հեղինակաւոր մասնակիցներ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններից, ինչպէս նաև տնտեսագիտական ոլորտի առաջատար գործիչներ Հայաստանից, այդ թւում՝ ՀՀ հինգ նախկին վարչապետեր:
Համաժողովի առաջին օրը՝ փետրւարի 28 ին, Վաշինգթոնի բարձրակարգ ընդունելութիւնների Cosmos ակումբում PFA-ը կը ներկայացնի իր ՝«Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ. Անկախութիւնից 20 տարի անց» զեկոյցը: Երկրորդ օրը՝ մարտի 1-ին, Համաժողովը կը շարունակւի Ջորջթաուն համալսարանում: Այդ օրը համաժողովում յատուկ ուղերձով հանդէս կը գայ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը:
Երրորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների շուրջ երկխօսութիւնը կը շարունակւի երիտասարդ մասնագէտների շրջանակում: Նրանց համար Վաշինգտոնում բարենպաստ մասնագիտական դաշտ ապահովելու նպատակով նախատեսւած են թեմատիկ ուսուցողական հանդիպումներ՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպութիւնների և ընկերութիւնների հետ:
Համաժողովի օրակարգը կը հրապարակի մօտ օրերս: Լրացուցիչ տեղեկութիւնների, ինչպէս նաև մարտի 1-ի և 2-ի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք գրել
forum@pf-armenia.org հասցէով: Լուսաբանման նպատակով լրատւամիջոցները կարող են յայտ ներկայացնել exrelations@pf-armenia.org հասցէով:


«Լրագիր»

0 Պատգամ: