Thursday, February 4, 2010

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՒԱՅ.....

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՒԱՅ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԸ


Աթէնք, Հայաստան լրատու,
03.02.2010.
Փետրւարի 2-ին Աթէնքի Սպայից Ակումբի սրահում, նախաձեռնութեամբ Յունաստանում ՀՀ Ռազմական կցորդ գնդապետ Սամուէլ Ռամազեանի, հանդիսաւորապէս նշւեց Հայոց Բանակի կազմաւորման 18-րդ տարեդարձը:
ՀՀ Դեսպան Գագիկ Ղալաչեանի եւ Ռազմական կցորդ Սամուէլ Ռամազեանի հրաւէրով պաշտօնական ընդունելութեանն ու հանդիսութեանը ներկայ էին Յունաստանում հաւատարմագրւած դիւանագիտական հաստատութիւնների ներկայացուցիչներ ու Ռազմական կցորդներ, Յունաստանի Զինեալ Ուժերի տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտօնեաներ եւ սպաներ, Յունահայոց հոգեւոր դասը, հայկական տարբեր կազմակերպութիւնների անդամներ, ինչպէս նաեւ Էւելպիդոն ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ:
Շուրջ մի քանի տասնեակ Յունաստանում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացուցիչների կողքին յատկանշական էր, Թուրքիայի դեսպանութեան փոխ ռազմական կցորդի ներկայութիւնը, որ 2005.թ ի վեր, առաջին անգամ էր տեղի ունենում:
Գնդապետ Ռամազեանը ՀՀ ՊՆ Սէյրան Օհանեանի հրամանագրով Ծովակալ Իսակովի եւ Մարշալ Բաղրամեանի շքանշաններով պարգեւատրեց Յոյն բարձրաստիճան զինւորականներ` Յունաստանի յատուկ զօրքերի հրամանատար Գեներալ Մայոր Թեոկլիդոս Ռուսակիսին, ռազմածովային ուժերի կապիտան եւ Հայաստանում նախկին ռազմական կցորդ` Գեորգիոս Ռիղանակոսին, պահեստային Գեներալ Լետենանդ ու Հայաստանում Յունաստանի նախկին ռազմական կցորդ` Խրիստոս Լեվտերիոտիսին, ազգային պաշտպանութեան գլխաւոր շտաբի ռազմակրթական վարչութեան պետ` բրիգադի Գեներալ Ադամ Թոմաիդիսին, եւ Գնդապետ Լեոնիդաս Պապագեորգիուին:
Նշենք, որ Յունաստանն առաջին երկրներից էր, որ հաւատարիմ երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութեան` աջակցութիւն ցուցաբերեց նորաստեղծ Հայոց Ազգային Բանակին, վերջինիս սպայակազմի պատրաստութեան համար բացելով իր ռազմաուսումնական հաստատութիւնների դռները: 1994 թ. մինչ այժմ, Յունաստանում իրենց սպայական ուսումնառութիւնն են անցել մօտ 130 ՀՀ ԶՈՒ սպաներ: Ներկայում մօտ 3 տասնեակ ՀՀ ԶՈՒ կուրսանտներ ուսանում են Յունաստանի Ցամաքային զօրքերի Էվելպիդոն ռազմական ակադեմիայում և Սալոնիկի Ռազմաբժշկական ակադեմիայում:

«Լրագիր»

0 Պատգամ: