Էրդողանը Մինսկի խմբին
մեղադրում է «անբարեխղճութեան» մէջ

01.02.2010 Ազա Բաբայեան«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման հարցում»։ Կիրակի օրը յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի պետական TRT հեռուստատեսութեան եթերում, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանը ընդգծել է, որ Մինսկի խմբի ջանքերը արդիւնաւէտ չեն։
«Եթէ վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացեալ Նահանգները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկէին, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենայ այսօրւայ խնդիրները», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ յաւելելով, թէ Միացեալ ազգերի կազմակերպութիւնը Հայաստանին «օկուպանտ» երկիր է ճանաչել, եւ եթէ Մինսկի համանախագահ երկրները բաւարար ճնշում գործադրէին Հայաստանի վրայ, Հայաստանը «գրաւեալ տարածքները» կը վերադարձներ Ադրբեջանին եւ խնդիրը արդէն լուծւած կը լիներ։
Էրդողանը նաեւ յայտարարել է, որ Թուրքիայում այժմ ապրում է 170 հազար Հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, իսկ մնացած 100 հազարը Թուրքիայում բնակւում են ապօրինի։ - «Մենք սա չենք նկատում, քանի որ չենք ցանկանում աւելորդ խոչընդոտներ ստեղծել, սակայն Հայաստանը Թուրքիայի ջանքերին դրական պատասխան չի տալիս», - դժգոհել է Էրդողանը։
Անդրադառնալով Հայ-թրքական արձանագրութիւններին՝ Թուրքիայի վարչապետը յայտարարել է, թէ Հայաստանը Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը լուրջ չի վերաբերւում, եւ արձանագրութիւնների վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի իշխանութիւնների մօտ տպաւորութիւն է ստեղծել, որ Հայաստանը փորձում է ճշգրտումներ մտցնել դրանցում։
Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը ստորագրւած արձանագրութիւնները ներկայացրել խորհրդարան, եւ միայն խորհրդարանը կարող է որոշել՝ վաւերացնել դրանք, թէ ոչ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս գա էրդողանի խօսքով՝ «գրաւեալ տարածքներից»։ - «Ես անձամբ այս հարցում աջակցութեան խնդրանքով դիմել եմ ԱՄՆ-ի նախագահ Օբամային, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւին եւ վարչապետ Պուտինին։ Հայաստանը պէտք է հաշւի առնի սա, որովհետեւ մենք կատարել են արձանագրութիւնների հետ կապւած մեր պարտաւորութիւնները»։
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: