Monday, February 1, 2010

Apple-ի նոր հրաշքը` iPad

Apple-ի նոր հրաշքը` iPad


Արմէն Քոլոյեան

Apple ընկերութեան նախագահ Սթիվ Ջոբսին անւանում են նոր արտադրանքի շնորհանդէսի անզուգական վարպետ։
Ամէն անգամ, երբ Apple-ը սարքաւորում է թողարկում, դահլիճ են հրաւիրում մեծահարուստների, շօու-բիզնեսի աստղերի, տեղեկատւական տեխնոլոգիաների առաջատարների եւ լրագրողների մի մեծ խումբ։ Ըստ ականատեսների, այդ մարդիկ համակւած են անհամբերութեամբ. չէ՞ որ սարքաւորման մասին ինֆորմացիան Apple-ը պետական գաղտնիքի նման է պահում։ Յունւարի 27-ին Apple-ի հերթական «պրէմիերան» էր։
«Մի հետաքրքիր բան ունենք ձեզ ցոյց տալու։ Մօտս կայ մի օրինակ, ահա այն` դա անւանել ենք iPad», - ներկաներին դիմել է Սթիվ Ջոբսը։
2001 թւականից ի վեր Apple-ը վաճառել է iPod տեսակի աւելի քան 250 միլիոն սարք։
Ինչպէս մեկնաբաններն են նշում, հոռետեսները տարիներ շարունակ ասել են` էլ ի՞նչ է հնարաւոր ստեղծել, եթէ կան փոքրիկ համակարգիչներ, նօութբուք, նէթբուք, եթէ կայ փոքրիկ «հնարամիտ» հեռախօս` սմարթֆոն։
Ահա եւ Սթիվ Ջոբսի պատասխանը` iPad` սարք, որն ունի ե'ւ սմարթֆոնի, ե'ւ նէթբուքի ֆունկցիաներ։
Բարակ, թեթեւ, փոքրիկ գրքի չափով, հզօր մարտկոցով սարքն ունի 16-ից 64 գիգաբայթ յիշողութիւն։
Նորամուծութիւններից մէկը, ըստ մասնագէտների, յիրաւի ֆանտաստիկ է` iPad-ը կարող է միանալ գրադարաններին եւ գրքեր ներբեռնել, նոյնը եւ մամուլին է վերաբերում։ Այդ սարքով կարելի է զանգահարել, նայել ֆիլմեր, բացել քարտէզներ, կողմնացոյցով ու նաւիգացիայով գտնել աշխարհի ցանկացած կէտ, լսել երաժշտութիւն, խաղալ խաղեր, գրել-կարդալ։
Գինը, կախւած յիշողութեան ծաւալից, 500-ից 830 դոլար է։ Միակ բանը, որ առայժմ չկայ, տեսախցիկն է, ինչը եւ մատնանշում են քննադատները։
Ո՞րն է յաջորդ քայլը. տեղեկատւական տեխնոլոգիաների մասնագէտներն ասում են, թէ գնդակը Microsoft-ի դաշտում է, այդ գերհզօր ընկերութիւնն է պարտաւոր մի նոր հրաշք ներկայացնել։
Apple-ի եւ Microsoft-ի հիմնադիր-առաջնորդները` Սթիվ Ջոբսը եւ Բիլ Գէյթսը միմեանց մասին ընդգծւած յարգանքով եւ բարեկամական տոնով են խօսում։ Մասնագէտների համոզմամբ` տեղեկատւական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը այդ երկու ընկերութիւնների մշտական մրցակցութիւնն է։


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: