Գիւլի պաշտօնական պատասխանը
Սերժ Սարգսեանի օդային ուղերձին

15:56 • 11.02.10
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձին, որը նա յղել էր Թուրքիայի օդային տարածքով Լոնդոն ուղևորւելիս։
Ուղերձը տեղադրւել է Թուրքիայի նախագահի պաշտօնական կայքում, որը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջութեամբ։
«Ձերդ Գերազանցութիւն, իմ սիրելի բարեկամ,
Շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ Թուրքիայի օդային տարածքով ուղևորւելու ժամանակ յղած սիրալիր ուղերձի համար։ Այդ առիթով ողջոյններս եմ յղում Ձեզ և հարևան Հայաստանի ժողովրդին։
Ես գոհունակութեամբ ընդունեցի ուղերձում արտայայտած Ձեր մտքերը։ Կիսում եմ այն կարծիքը, որ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած երկկողմ ջանքերը, խաղաղութեան մի նոր յոյս ծնելով հակամարտութիւններով լի մեր աշխարհագրութիւնում, պատշաճ հետաքրքրութիւն են առաջացրել ողջ աշխարհում։ Մեր երկրների միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին աջակցելու մեր հիմնական նպատակն էր մեր հարևան ժողովուրդների միջև երկար ժամանակ գոյութիւն ունեցող նախապաշարմունքները յաղթահարելը, փոխըմբռնման և փոխվստահութեան մթնոլորտ ձևաւորելը։
Անհրաժեշտ է, որ դուք չկասկածէք այդ նպատակին և պարտաւորութիւններին հաւատարիմ մնալու մեր վճռականութեանը, պայմանով, որ այդ վճռականութիւնը և հաւատարմութիւնը մնայ փոխադարձ։
Կիսում են նաև Ձեր այն տեսակէտը, որ պատասխանատու կառավարման համար անհրաժեշտ է ինչպէս տէր կանգնել տրւած խոստումներին, այնպէս էլ գործով աջակցել խօսքին։ Հետևաբար, մենք շարունակելու ենք աշխատել կարգաւորման գործընթացի ուղղութեամբ՝ մեր երկրների միջև ձեռք բերւած փոխըմբռնման հիմքի վրայ։ Պէտք է գիտակցենք, որ պատմական այս գործընթացն աւարտին հասցնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական համարձակութիւն և տեսլական։
Մեր ընդհանուր նպատակն է տարածաշրջանում բնակւող բոլոր ժողովուրդների համար ունենալ ապագայ, որտեղ կը լինի խաղաղութիւն, վստահութիւն, բարօրութիւն և համագործակցութիւն։ Ես անձամբ շարունակելու եմ զբաղւել այս գործընթացով՝ յոյսով, որ հնարաւոր կը լինի ապահովել մեր երկու երկրներին գոհացնող արդիւնք։
Ընդունէք, խնդրեմ, խորին յարգանքներիս հաւաստիքը»։

Tert.am

0 Պատգամ: