ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՍԽՒՈՂ ՌԵՍՈՒՐՍԸ
Հայաստանի բոլոր իշխանութիւններին բոլոր ընդդիմութիւնները քննադատել են Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերը զիջելու, նահանջ արձանագրելու, զիջողական կեցւածքի համար: Եթէ մի պահ ուշադրութիւն չդարձնենք ծախելու, յանձնելու կամ այլ այդօրինակ ձեւակերպումներին, այլ արձանագրենք քննադատութեան փաստն ինքնին, ապա պէտք է խոստովանենք, որ այդ քննադատութիւնները իրենց զգալի մասով եղել են իրականութեանը մօտ:
Հայաստանի բանակցային դիրքը Ղարաբաղի հարցում տարեցտարի սկսել է բարդանալ: Խօսքն առաւելապէս երկարաժամկէտ իրավիճակի մասին է: Այսինքն, Հայաստանի իշխանութիւնները Ղարաբաղի հարցով իրար են ժառանգել, մեծ հաշւով, երկարաժամկէտ առումով աննպաստ իրավիճակներ: Դրա պատճառների մասին դատողութիւնները տարբեր են` անձնական վերաբերմունքներից, ցանկութիւններից եւ նկարագրից սկսած, մինչեւ քաղաքական անհեռատեսութիւն եւ դիւանագիտական ապաշնորհութիւն: Բայց խնդիրը թերեւս գտնւում է այլ դաշտում եւ բոլորովին այլ է էական պատճառը:
Կարելի է իհարկէ տարբեր կերպ բնորոշել Հայաստանի երեք նախագահների քաղաքականութիւնը Ղարաբաղի հարցում, կարելի է դա համարել մեծ հաշւով շարունակական, կամ համարել իրար հակասող, կարելի է հերոսացնել կամ դաւաճան որակել նախագահներին: Բայց դրանք թերեւս խնդիրը շեղում են բուն առանցքից: Իսկ առանցքը թերեւս հետեւեալն է. ինչ ռեսուրսով է Հայաստանը մտել Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթաց, ինչ ռեսուրսով է այդ գործընթացի մէջ եւ ինչ ռեսուրսով է մնալու այդ գործընթացի մասնակից: Օրինակ, Ադրբեջանը գործընթացին մասնակցում է իր նաւթով, գազով, Կասպիցի աւազանի եւ Միջին Ասիայի դարպասի իր աշխարհագրական դիրքով: Իսկ ինչով է բանակցային գործընթացին մասնակցում Հայաստանը: Երբ ասենք աշխարհը Հայաստանին ասում է, գուցէ ոչ ուղղակի, թէ օրինակ ինչ ես դու առաջարկում մեզ, ինչ կարող է դրան իրապէս պատասխանել Հայաստանը:
Երբ փորձում ենք մտածել այդ մասին, ապա թերեւս ցաւով տեսնում ենք, որ Հայաստանը բանակցային գործընթացին մասնակցում է միայն իր ունեցած տարածքային ռեսուրսով: Այսինքն, մենք միայն տարածք ունենք տալու, ուրիշ ոչ մի բան: Բայց արդեօք դա էր այն միակ ռեսուրսը, որը կարող էր ունենալ Հայաստանը: Այսինքն, արդեօք նաւթի, գազի բացակայութեան պայմաններում Հայաստանին միայն իր յաղթանակն էր մնացել, որպէս բանակցային գործընթացում սեղանին դնելու ռեսուրս: Թերեւս ոչ:
Հայաստանի ռեսուրսը երեւի թէ պէտք է լինէր բոլորովին այլ: Հայաստանը պէտք է ապաւինէր քաղաքակրթական ռեսուրսին, պէտք է տարիների ընթացքում առաւել խորացնէր իր եւ Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական, արժէհամակարգային տարբերութիւնը, Հայաստանը պէտք է բանակցային գործընթացին մասնակցէր իր տեխնոլոգիական ռեսուրսով, ժողովրդավարական, ժամանակակից մրցունակ պետութեան արժէհամակարգով:
Մինչդեռ 1980-ականների վերջից եւ 1990-ականների սկզբից ակնյայտօրէն նշմարւող այդ տարբերութիւնն անկախութեան առաջին տարիներից կամաց-կամաց սկսեց հետեւողականօրէն տարէց–տարի չեզոքացւել, փոշիանալ, Հայաստանում սաղմնաւորւեց, յետոյ բիւրեղացաւ պետական եւ հասարակական կեանքի կազմակերպման արեւելեան մոդելը, որտեղ ժողովրդավարական արժէհամակարգի գոյութիւն եթէ կայ էլ, ապա առաւելապէս ձեւական, տրաֆարետային, իրական կեանքի հետ որեւէ կապ չունեցող: Այժմ պետութեան այդ որակը կարծես թէ հասել է գագաթնակէտին, Երեւանի կենտրոնում գնդակահարւել են ցուցարարներ, կան քաղբանտարկյալներ, "ընտրական" մեխանիզմի աշխատանքը վստահւած է թաղային եւ քրէական հեղինակութիւններին, իրական ընդդիմութեան ցանկացած դրսեւորում արժանանում է իշխանական դաժան հետապնդումների:
Այդպիսի ռեսուրսով որեւէ իշխանութիւն ինչ էլ ցանկանայ եւ ինչպէս էլ պատկերացնի Ղարաբաղի հարցի լուծումը, անկարող է լինելու բանակցային գործընթացում հասնել ամուր դիրքի: Կամ, թերեւս կարելի է ձեւակերպել հետեւեալը. եթէ որեւէ իշխանութիւն իրապէս ունի Ղարաբաղի հարցում ամուր դիրքի, ընդ որում երկարաժամկէտ առումով ամուր դիրքի հասնելու իրական եւ անկեղծ ցանկութիւն, ապա դրա իրականացման միակ տարբերակը երկրի ներքին կեանքում համակարգային եւ որակական իրական բարեփոխումների արագ իրականացումն է:
Ցանկացած քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթաց ռեսուրսների պայքար է` մտաւոր, նիւթական, ֆիզիկական, արժէքային, սոցիալ-հոգեբանական: Հայաստանն այդ առումով, առկայ գործընթացում Ադրբեջանի հանդէպ իրական առաւելութիւն կարող էր եւ կարող է ունենալ միայն արժէքային եւ սոցիալ-հոգեբանական ռեսուրսի առումով, մինչդեռ հէնց այդ ռեսուրսը Հայաստանի վերնախաւերը փոշիացրել են աւելի քան մէկուկէս տասնամեակ: Աւելին, Ղարաբաղի հարցն ել օգտագործւում է այդ փոշիացման համար պատասխանատւութիւնից խուսափելու նպատակով:

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
«Լրագիր»

0 Պատգամ: