ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հարցազրոյցը
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերութեանը

16:52 / 13.02.2010
*-Պարոն նախագահ, արձանագրութիւնները երկու երկրների կողմից վաւերացւելուց յետոյ որո՞նք են լինելու յաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպէս ասած, այն «երջանիկ աւարտը», որին դուք ցանկանում էք հասնել:
**-Այդ արձանագրութիւնները գտնւում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց յետոյ ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վաւերացման գործընթացը սկսելու համար: Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թէ ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վաւերացումը: Ընդհակառակը, ակնյայտ է, որ թուրքերն են ձգձգում:
*-Թուրքե՞րն են ձգձգում վաւերացումը:
**-Այո, դա միանշանակ է, որովհետև մենք յայտարարել ենք, և վերջին անգամ ես երէկ յայտարարեցի, որ որպէս խորհրդարանական մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժի առաջնորդ, ես բացառում եմ թուրքերի կողմից այդ արձանագրութիւններն առանց նախապայմանի վաւերացման պարագայում ՀՀ խորհրդարանի կողմից արձանագրութիւնների չվաւերացումը:
*- Պարոն նախագահ, արձանագրութիւնները թուրքերի և ձեր կողմից վաւերացւլուց յետոյ, ո՞րն է լինելու յաջորդ քայլը, որպէսզի գործընթացն աւարտուն տեսք ստանայ, երկու երկրների միջև յարաբերութիւնները կարգաւորւեն:
**- Արձանագրութիւնները վաւերացնելուց և դրանց ուժի մէջ մտնելուց յետոյ պէտք է բացւի սահմանը, այնուհետև ստեղծւի միջկառավարական յանձնաժողով, որը կունենայ ենթայանձնաժողովներ, և մենք կսկսենք մեր երկխօսութիւնը: Այսինքն, արձանագրութիւնները վաւերացնելով՝ մենք ոչ թէ գործընթաց ենք աւարտում, այլ գործընթաց ենք սկսում:
*- Սահմանի բացումը կամ վերաբացումը Ձեզ համար, փաստօրէն, կարևոր է առևտրի համար, նաև դէպի աշխարհ ելք ունենալու տեսակէտից: Իսկ ի՞նչ էք կարծում, այլ երկրների համար կարևո՞ր է սահմանի բացումը, օրինակ՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար:
**- Կարծում եմ, այո: Եւ հէնց այդ պատճառով և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, և՛ Եւրամիութիւնը սատարում են այս գործընթացին: Այսինքն, խօսքը միայն սահման բացելու մասին չէ: Խօսքը յարաբերութիւններ հաստատելու մասին է:
*- Դուք նախատեսո՞ւմ էք ձեր յարաբերութիւններն ընդլայնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ. դուք այդ երկու «աշխարհների» միջև էք:
**- Այո, մենք շատ լաւ յարաբերութիւններ ունենք Ռուսաստանի Դաշնութեան հետ, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Շատ կառոյցներում միասին ենք ներկայացւած: Մեր յարաբերութիւնները գնալով խորանում են: Մենք լաւ յարաբերութիւններ ունենք Միացեալ Նահանգների հետ: Միացեալ Նահանգներում բնակւում են բազմաթիւ հայեր, որոնք բնական կամուրջ են հանդիսանում մեր և Միացեալ Նահանգների միջև յարաբերութիւններում: Եւ մեզ համար լաւագոյն վիճակն այն է, երբ Միացեալ Նահանգների և Ռուսաստանի միջև լաւ յարաբերութիւններ են:
*- Դուք իրաւացիօրէն նշեցիք ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ապրող բազմաթիւ հայերի մասին: Շատ հայեր նաև Հայաստանից են հեռացել, ովքեր այսօր օժանդակում են իրենց ընտանիքներին: Դուք մտադի՞ր էք որևէ կերպ նրանց յետ հրաւիրել Հայաստան:
**- Իհարկէ, ոչ միայն այն հայերն են օժանդակում իրենց բարեկամներին և Հայաստանի տնտեսութեանը, ովքեր Հայաստանի անկախութիւնից յետոյ գնացել են Հայաստանից, այլ նաև այն հայերը, ովքեր Ցեղասպանութեան հետևանքով են սփռւել ամբողջ աշխարհում: Աշխարհի հայութիւնը մշտապէս օժանդակում է, օգնում է մեզ: Մեր գնահատականներով աշխարհում այսօր ապրում է աւելի քան 10 միլիոն Հայ, որից ընդամէնը 3 միլիոնն է Հայաստանի Հանրապետութիւնում: Մենք երջանիկ կը լինենք, շատ ուրախ կլինենք, որ մնացած 7 միլիոնն էլ վերադառնայ Հայաստան: Բայց հասկանում ենք, որ, իհարկէ, այդպէս դժւար կարող է լինել։ Մեր նպատակն է, որ գոնէ բոլոր այն հայերը, ովքեր ծնւել են Հայաստանում` վերադառնան Հայաստան:
*- Ի՞նչ կասէք Միացեալ Նահանգների նախագահի մասին, ով ասում էր, որ «Ամերիկան արժանի է ունենալու առաջնորդ, ով ճշմարտօրէն կը խօսի Հայոց Ցեղասպանութեան մասին և ճշմարտօրէն կարձագանքի բոլոր ցեղասպանութիւններին: Ես մտադիր եմ լինելու այդ նախագահը»: Դա ասում էր Նախագահ Բարաք Օբաման: Նա արձագանքո՞ւմ է: Իր նախագահութեան օրօք նա այդպիսի՞ նախագահ է:
**- Արձագանքել է: Իհարկէ, ոչ այն ծաւալով, ինչ ծաւալով, երբ նա դեռ նախագահի պաշտօնում ընտրւած չէր: Բայց նա բառացիօրէն ասել է, որ ինքը չի փոխել իր կարծիքը:
*- Փաստօրէն, դուք շարունակում էք ակնկալել նրա աջակցութիւնը:
**- Գիտէք, եթէ «ցեղասպանութիւն» բառն արտասանելը կամ ցեղասպանութեան մասին խօսելն օժանդակութիւն է, ապա կարելի է և այդպէս ասել: Ես համարում եմ, որ դա արդարութեան ընդունում է, ճշմարտութեան մասին խօսել է:
*- Դուք կուզենայի՞ք, որ նա ասէր այդ բառը:
**- Իհարկէ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: