Հայաստանի խորհրդարանը վաւերացրել է «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու համաձայնագիրը

18:16 / 02.02.2010
Հայաստանի Ազգային Ժողովը փետրւարի 2-ին վաւերացրել է Հայաստանի Հանրապետութեան եւ «Ասիական զարգացման բանկի» միջեւ կնքւած վարկային համաձայնագրերը, որոնք վերաբերում են «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի վարկաւորմանը:
Ըստ այդ համաձայնագրերի, բանկը մինչեւ 2017թ. վերջը Հայաստանին է տրամադրելու 500 միլիոն դոլարի վարկ` ճանապարհի կառուցման համար:
Ի դէպ, այս գումարը միայն մի փոքր մասն է այն գումարի որն անհրաժեշտ է «Հիւսիս-հարաւի» կառուցման համար:
Ծրագրի իրագործման համար, ընդհանուր առմամբ, պահանջւում է 1,5 միլիարդ դոլար։ Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանի խօսքով, ֆինանսաւորման մնացած մասը տրամադրելու շուրջ բանակցութիւններ են վարւում Համաշխարհային բանկի, Եւրոբանկի, Ճապոնիայի զարգացման գործակալութեան հետ։
Համաձայնագրերին կողմ են քւէարկել կառավարող կոալիցիայի ներկայացուցիչներն ու ՀՅԴ-ն, իսկ դէմ՝ «Ժառանգութիւնն» ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը: Վերջինս իր խօսքում նկատել է, որ կառավարութիւնը որեւէ հաշւարկ-հիմնաւորում չի ներկայացրել, թէ ինչպէս է վերադարձւելու այդ ահռելի վարկը:

0 Պատգամ: