Thursday, February 11, 2010

Տօն չունեցող մարդկանց...

Տօն չունեցող մարդկանց...
Ու Տխուր Չւերթի Անմեղ Զոհերին..
(Վարդանանքի առիթով)

Շատերի նման, ես էլ երբ անւանակոչութեանս տօնն է մօտենում, անհոգ մանկութիւնս եմ յիշում: Այն ժամանակներն ու օրերը, երբ տօնն իր իմաստն ունէր ու աւանդութիւններն էլ՝ աւանդութիւն էին ու դեռ չէին տեղաւորւել պատմութեան գիրկն անցած սովորութիւնների տոպրակի մէջ...:
Թէեւ այսօր մոռացութեան է յանձնւել, բայց այն օրերի մանուկների նման, մեր համար տօնն սկսւում էր այն օրւանից՝ երբ, տիրացուն քահանայի անունից մոմ էր բերում նրանց համար, որոնց տօը մօտենում էր արդէն: Դա նոյնիսկ եւ կրօնական որեւէ իմաստ էլ չունենար, կարեւոր էր այն տեսակէտից, որ նախ գեղեցիկ աւանդութիւն էր, եւ ապա տօնական օրեր ու տրամադրութիւն էր յիշեցնում նրանց՝ որոնք չգիտէին թէ ե՞րբ է իրենց տօնը: Դա միաժամանակ նախատօնակ ու տօնին ընդառաջ գնալու աւետիս ու թէ՝ տօնացոյց է:

+++
Թէ տօնածառը եւ թէ Վարդանանց տօնը, խորախորհուրդ իմաստներ ունէին մեզ համար: Մեր համար տօնական յատուկ նշանակութիւն ունէին՝ Ամանորից մինչեւ Վարդանանց տօնը ձգւող օրերը: Տօնածառը՝ ամանորից բացի, Վարդանանք էր յիշեցնում եւ Վարդանանքը՝ նւէրներից բացի, նաեւ ազգային կրօն... Եւ ի՜նչ երջանիկ էին այն օրերի Վարդանները, եւ նրանք, որոնց անւանակոչութեան տօնը՝ հէնց Վարդանանքին էր:
Անշուշտ այն օրերին ազգային կրօնից բան չէինք հասկանում, բայց դպրոցից ու հանգուցեալ Տէր Մինաս ու Տէր Մամբրէ քահանաներից գիտէինք արդէն, որ Վարդան Զօրավարը խաչն ու սուրը միասին է կրում...Այն օրերին չգիտէինք նաեւ, որ ոմանց հասկացողութեամբ՝ խաչն ու սուրը միմեանց հականիշ հասկացութիւններ էին... մինչդեռ չէին...
Խաչը սրբութիւն էր մեր համար, սակայն պատմութեան մէջ սրից էր արիւն թորում. մինչ ասւում էր թէ զօրութիւնը խաչինն է: Այդ տարակուսանքի մէջ էինք, երբ յետոյ իմացանք, որ ուժն ու զօրութիւնը միշտ էլ արիւն չեն ցանում եւ խեղճն ու կրակը՝ միշտ էլ խաչը չի...թէեւ միշտ փրկող ու փրկարար է: Եւ իմացանք, որ իրաւունքը ուժով են առնում, գուցէ եւ ոչ սրով, բայց միեւնոյնն է: Արդարութեան ճամբին, սուրն ու խաչը՝ երկուսն էլ դէպի նպատակ սլացող սաւառնակի զոյգ թեւերն են: Մենք այսպէս ենք սովորել, ոչ թէ երգերից, այլ պատմութիւնից մեզ հասած աւանդներից ու աւանդութիւններից:
Շատ գեղեցիկ ու նպատակասլաց սովորութիւններ ու աւանդութիւններ ենք ունեցել, եւ եթէ այսօր տարիներ անցնելուց յետոյ դարձեալ տօներն յիշում ենք աւանդութիւններից, պատճառը չպիտի փնտրենք այլ տեղեր, քանի որ դրանց գոյատեւման հիմնական գրաւականը՝ աւանդական սովորութիւններն են եղել: Սովորութիւններ, որոնք անգթութեամբ դուրս են հանւում մեր առօրեայ կենցաղից:
Դեռ տարիներ առաջ վերածւեց տօների նախօրեակին մոմերով նախատօնակի նշումը: Գուցէ հէնց այս որոշման նկատմամբ ժողովրդի կողմից յարմար հակազդեցութիւն չցուցաբերւելու հետեւանքով էր, որ շատ տարիներ յետոյ արգելւեց նաեւ տօների սեմին նշխարհի տներ տանելը...Ժողովրդին եկեղեցու հետ հաշտեցնելը հնարաւոր չի պատժական միջոցների դիմելով... այն էլ բարեկամութեան ու խաղաղութեան վարդապետի եկեղեցու հետ...
Ընդհանրապէս երբ ենք խռովել, որ այսօր հաշտեցնելու փորձեր ենք կատարում: Եթէ այդպիսի՞ է թւում, ապա պատճառն ուրիշ տեղեր որոնենք... Շատ տօներ կան, որոնց մասին տեղեակ չեն նոյնիսկ տօն ունեցողները: Եւ կան մարդիկ, որոնք միայն բերւած մոմերի շողերով են գտնում իրենց պատմութիւնը, ինքնութիւնն ու ազգի ելակէտը... Ու կան մարդիկ, որոնք ոտք չունեն եկեղեցի գնալու եւ նշխարհ բերելու համար, եւ այդ ստանում են միայն տօներից յետոյ, որն արդէն պիտանի չէ ու նշխարհը նաեւ անյարգալիր վերաբերմունքի է արժանանում...
Խօսում ենք ժամանակակից լինելուց ու նեղմտութիւնից, բայց ամենանեղմտութեամբ ու ժամանակի պայմաններին անյարիր ընթացքով, պնդում ենք հաւատացեալներին, որպէսզի միայն յատուկ ժամերին կարելի է մոմ վառել եկեղեցում... եւ մոռանում ենք, որ մենք կիրակի օրերը արձակ չենք, ու միայն մէկ - երկու ժամանոց արձակուրդներից ենք օգտւում՝ եկեղեցում մոմ վառելու համար...

+++
Ահա թէ ինչո՞ւ ենք պնդում աւանդութիւններին կառչած մնալու անհրաժեշտութեան հարցի վրայ: Եւ ահա թէ ինչո՞ւ միայն անցեալն ու անցեալի յուշերն են մեր մէջ թարմացնում տօների քաղցրութիւնն ու նազուք-ի քաղցր բուրմունքը, որի խմորն ու ձեւաւորումը պատրաստում ու կատարում էին մեր մայրերը հէնց տներում ու թխելու համար տան մօտի բառբառի-ի թխողի թոնիրն էինք փոխադրում: Այդ՝ դեռ տօն ունեցողների համար, որոնք դեռ մի ինչ որ յուշեր ունեն իրենց անցեալի տոպրակի մէջ...
Եթէ քաղցր յուշերով ենք յիշում հանգուցեալ Տէր Մինասին ու Տէր Մամբրէին, եւ եթէ դեռ անուշավաճառի նազուք-ի քաղցր բուրմունքը քաղցր ու վարդագոյն յուշեր է թարմացնում մեր մէջ, թէեւ միաժամանակ ծերացում է յուշում, բայց նաեւ ազգային ու կրօնական աւանդութիւնների միատեղ արժէքն ու արժանիքները:
Եթէ յիշում ենք Վարդանանքի 1036 մարտիրոսների արեան կանչը՝ այն էլ 1557- ձիգ տարիներ յետոյ, դա ոչ թէ մեր մտքի թարմութեան, այլ այն տիրացուներին ու հոգեւորականներին ենք պարտական, որոնք տարիներ շարունակ, այդ «հասարակ» փոխանցման գործն էին կատարում. մոմ էին միայն բերում մեր տների առջեւ... Եւ պարտական ենք բոլոր այն ուսուցիչներին, որոնք Վարդանանքը պատմում էին, ոչ միայն որպէս պարտականութիւն, այլ որպէս համոզում ու հաւատք... եւ դա էր Վարդանանքի ու դրա պատգամի անմահութեան ու այժմէականութիւնը անդադար յիշեցնելու գաղտնիքը:

+++
Եւ այսօր ես գտնւում եմ այնպիսի երջանիկ ապրումներով, ինչպէս գտնւում էի մանուկ ժամանակ: Գտնւում ենք Ամանորից մինչեւ Վարդանանք ընկաց օրերում, ճիշտ անհոգ մանուկ... Բայց սա ոչ թէ անհոգութիւնից, այլ հոգին ու միտքը տանջող այն քաղցր, բայց միաժամանակ նեղացնող արգասիքից, որն իմ մէջ թողեց Վարդանանքն ու դրա պատգամը՝ Վասն Ազգի եւ Կրօնի... եւ, որ՝ Մահ Իմացեալ Անմահութիւն է...Ահա տօն չունեցող մարդկանց, որոնք չունեն նաեւ յուշարար մոմեր... այն մխիթարութիւնը, որ 1036 մարտիրոսների մէջ անպայման եղել են՝ թէ՛ Աբրահամներ, թէ՛ Արտակներ, թէ՛ Արտիոմներ, թէ՛ Սուքիասներ ու Սահակներ՝ Վարդանի կողքին, բայց երբեք Վասակներ...
Շնորհաւորում եմ բոլոր տօն չունեցողների Վարդանանքը՝ Վարդանանց ոգով...
Մանաւանդ բոլոր նրանց՝ որոնք Թեհրան–Երեւան տխուր չւերթի վթարի հետեւանքով անմեղօրէն զոհւեցին անծանօթ դաշտերում...

Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
*Ինտերնետային խանգարումների պատճառով հնարաւոր չդարձաւ ժամանակին տեղադրել սոյն յօդւածը։

3 Պատգամ:

H. Movsisian said...

Anchap hajoikov gartatsi dramagitse.
Shad sireli yev hargeli baron Vartan shnorhavoroom em zer done maghtelov aroghjootun yev hajoghootun zez. Hooisov em vor mishd zer hodvatsnere anbagas linen mer hamaynkoom.

Շաքէ said...

Շնորհաւորելով ձեր տօնը, յոյսով եմ որ միշտ նորից հինգշաբթի օրերը կարողանանք կարդալ ձեր շատ հաճելի տրամագիծ յօդւածները։

Զարմինէ–Նիւ Եորք said...

Քաջ Վարդանանց Տօնն է այսօր
Զայն կը տօնենք Հայերս բոլոր. ...

Անունովդ Ապրիս Վարդան Դաւթեան

Ձիւնի տակ թաղուած է Նիւ Եորքը
Գարնանային պայծառ օրերու մաղթանքով՝

Զարմինէ