ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԷՋ
«Լինգվիստ» հրատարակչութիւնը լոյս է ընծայել յայտնի գրող, կինոդրամատուրգ եւ կինոռեժիսոր Բորիս Բարաթովի «Ղարաբաղեան քրոնիկներ։ 1989-2009» հեղինակային գիրք-ալբոմը։
Գիրքը բաղկացած է «Կեանքի ճանապարհ», «Հրեշտակը», «Մեռնել Ղարաբաղում», «Աւերւած դրախտ»», «Քսան տարի անց» բաժիններից եւ պարունակում է 512 էջ՝ նկարազարդւած աւելի քան 1000 ինքնօրինակ լուսանկարներով, որոնք հեղինակը կատարել է Ղարաբաղում, Հայաստանում, Կիլիկիայում եւ տարբեր երկրների թանգարաններում։
Միայն Ղարաբաղեան պատերազմին նւիրւած գլխում Բորիս Բարաթովի լուսանկարները լրացւած են «Ազատ Արցախ»-ի ֆոտոթղթակից Ռուսլան Սարգսեանի եւ նրա որոշ գործընկերների ռեպորտաժներով, որոնց մասին հեղինակը գրել է «Մասնագիտութիւնը՝ ռեպորտիւոր» երկէջում։ Պատկերագիտական եւ արխիւային հետազոտութիւններն անցկացրել է Աննա Պետրոսովան։
Նւազ կարեւոր չէ նշել, որ գիրք-ալբոմը պոլիգրաֆիական շատ բարձր մակարդակով տպագրւել է Իտալիայում։ «Ղարաբաղեան քրոնիկների» վրայ Բորիս Բարաթովն աշխատել է աւելի քան քսան տարի։ Գիրքն իրենից ներկայացնում է գրաւիչ ճամփորդական ակնարկներ, որոնցում զարմանալի կերպով, չափազանց ներդաշնակօրէն միահիւսւած են պատմութիւնն ու արդիականութիւնը։
Մատուցւող պատմութեան ընդհանուր հէնքի մէջ տեղ-տեղ պատմական փաստերի օգտագործումը կատարւած է խնամքով, կարելի է ասել, նրբանկատօրէն, իսկ նշանակում է՝ տաղանդով։ Բայց գիրքը ծանօթացնում է ոչ միայն պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններին, այլեւ կենդանի մարդկանց հետ, որոնցից շատերը լաւ յայտնի են Ղարաբաղում։
Նրա հերոսների մեծամասնութեան ճակատագրերը գրքում հետամտւում են այդ քսան դրամատիկ տարիների ընթացքում՝ 1989-ից մինչեւ 2009թթ.։ Թէեւ գիրք-ալբոմը կոչւում է «Ղարաբաղեան քրոնիկներ», այն չի սահմանափակւում միայն Արցախ-Ղարաբաղի պատմութիւնը ներկայացնելով, այլ բաւականին լրիւ պատկերացում է տալիս ամբողջ Հայ ժողովրդի պատմութեան մասին։ Դա իւրատեսակ խճանկարային պաննօ է, որը պատմում է հանգամանքների զօրութեամբ աշխարհով մէկ ցրւած մեր ժողովրդի տարբեր հատւածների ճակատագրերի մասին։
Շատ լուսանկարներ ուղեկցւում են չափազանց հետաքրքիր մանրապատումներով, որոնք, որպէս ոչ մեծ, բայց վառ, կոլորիտային վրձնահարւածներ՝ լրացնում են մեր հինաւուրց պատմութեան ընդհանուր պատկերը։ «Ղարաբաղեան քրոնիկները», ինչպէս հեղինակն ինքն է ասում, չքաղաքականացւած գիրք է Ղարաբաղի մասին։ Եւ դա իրօք այդպէս է։ Բայց այն առաջին հերթին հասցէագրւած է նրանց, ովքեր փորձում են հերթական անգամ Ղարաբաղի ճակատագիրը տնօրինել Եւրոպայում, Ռուսաստանում եւ Ամերիկայում։
Գիրքն այդ փաստարկւած պատասխան է նրանց, ովքեր չեն ցանկանում հաշտւել իրենց ոչ երկար, խղճուկ պատմութեան հետ եւ ճգնում են հափշտակել հայ ժողովրդի պատմութիւնը։ Հասկանալով, որ մեզ զրկելով անցեալից, մեզ կը զրկեն նաեւ ապագայից, նրանք պարզապէս ոչնչացնում են հնութեան համր վկաներին, որոնք լռին, բայց ամենայն համոզչութեամբ, անժխտելի կերպով ապացուցում են, որ Հայ ժողովուրդը հնագոյն դարերից ի վեր ապրել եւ արարել է այս հողի վրայ։ Բայց արդէն ժամանակն է, որ նրանք գիտակցեն նաեւ ուրիշ բան՝ իրենց ճիգերի ապարդիւնութիւնը, ինչը հաստատում են եւ «Ղարաբաղեան քրոնիկները»։
Գիրքն ընթերցւում է մեծ հետաքրքրութեամբ։ Քո «ուղեւորութիւնն» սկսելով «Քրոնիկների» էջերով, արդէն չես կարողանում կտրւել նրանցից՝ այնքան գրաւիչ ու ճանաչողական է ժամանակի մէջ այդ ճամփորդութիւնը մեր ողբերգական, բայց միեւնոյն ժամանակ սքանչելի պատմութեան ոլորապտոյտ եւ դժւարին քառուղիներով։
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».
0 Պատգամ:
Post a Comment