Տնտեսութիւն
ԱՄՀ-ն կառավարութեանը յորդորում է օգնել աղքատներին


17.02.2010
Ռուբէն Մելոյեան
Արժոյթի միջազգային հիմնադրամը դէմ չէ Հայաստանում գազի սակագնի սպասւող բարձրացման հետ կապւած սուբսիդաւորմանը, եթէ այն հասցէագրւած է: Այդ մասին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարեց Հիմնադրամի հայաստանեան առաքելութեան ղեկավար Մարկ Լիւիսը:
Ապրիլի 1-ից Հայաստանում բարձրանալու է բնական գազի սակագինը: Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերութեան` Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողով ներկայացրած յայտի, փոքր սպառողների` բնակչութեան համար գազի 1 խորանարդ մետրը այսուհետ կարժէնայ 136 դրամ (մօտ 0.3 դոլար)` նախկին 96 դրամի փոխարէն:
Թէեւ վերջնական գինը յայտնի կը դառնայ միայն յաջորդ շաբաթ, սակայն փորձագէտները վստահ են, որ յանձնաժողովը աննշան տարբերութեամբ հաստատելու է ներկայացւած յայտը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ գազի թանկացումից տուժողները հիմնականում լինելու են հասարակութեան սոցիալապէս անապահով խաւերը:
Հայաստանի կառավարութիւնը արդէն իսկ յայտարարել է, թէ որեւէ տեսակի փոխհատուցում չի նախատեսում: Մասնաւորապէս, վարչապետ Տիգրան Սարգսեանը գազի գնի սուբսիդաւորման հաւանականութեան վերաբերեալ հարցին արձագանքել էր. - «Իմ մտքով այդպիսի բան չի անցել, եւ ձեզ խորհուրդ եմ տալիս չյուշել ոչ մէկին նման բաներ: Ոչ, ես կողմնակից չեմ»:
Կառավարութեան փաստարկներից մէկն էլ այն է, որ սուբսիդաւորմանը դէմ են միջազգային դոնոր կազմակերպութիւնները: «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում, սակայն, Արժոյթի միջազգային հիմնադրամի հայաստանեան առաքելութեան ղեկավար Մարկ Լիւիսը ասաց, թէ իրենք ամենեւին էլ դէմ չեն սուբսիդաւորմանը, եթէ այն հասցէագրւած է. - «Սակագների այս կարգի փոփոխութիւնների դէպքում շատ արդիւնւէտ կարող է լինել հասցէագրւած, ոչ թէ ընդհանուր սուբսիդաւորումը: Այլ կերպ ասած, եթէ սակագների փոփոխութիւնը բացասական ազդեցութիւն պէտք է ունենայ, պէտք է փորձել օգնել այն խաւերին, որոնց վրայ ազդեցութիւնը առաւել զգալի կլինի, ոչ թէ հարուստներին, որոնք դրա կարիքը չունեն: Դրա համար, որոշ դէպքերում մենք կողմ ենք աղքատ խաւերին կառավարութիւնների կողմից ցուցաբերւող աջակցութեանը»:
Արժոյթի միջազգային հիմնադրամի առաքելութիւնը քննարկում է այս հարցը Հայաստանի կառավարութեան հետ, եւ, ըստ Մարկ Լիւիսի, Հիմնադրամի դիրքորոշումն այն է, որ եթէ պետական աջակցութիւնը ճիշտ կառավարւի, հասցէագրւած սուբսիդիաների տրամադրումը համարժէք պատասխան կը լինի գնային այս փոփոխութիւններին:
Շաբաթասկզբին կայացած հանրային քննարկումների ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերութեան փոխնախագահ Վահագն Առաքելեանը յայտարարել էր, թէ սոցիալապէս անապահովների համար գազի թանկացումը կազմելու է միջինը ամսական 2 հազար դրամ, իսկ դրա փոխհատուցումը կառավարութեան խնդիրն է:
«Քիչ չէ, ես չեմ ասում քիչ է: Մէկի համար քիչ է, մէկի համար` չէ, բայց դա մենք չենք կարող սուբսիդաւորել: Դա մեր խնդիրը չէ` սոցիալական հարց լուծելը: Նման հարցը պէտք է տալ կառավարութեանը, որովհետեւ ինքը գիտի` ովքեր են քիչ սպառողները», - ասել էր Առաքելեանը եւ մանրամասնել. - «Մենք բաւականին հարկեր ենք աւելացնելու` 5 միլիարդ դրամ` աւելացւած արժէքի հարկը, դա մի քանի անգամ աւելի շատ է, քան անհրաժեշտ կը լինի այդ մարդկանց փոխհատուցելու համար: Ընդ որում, ովքե՞ր են վճարելու դրա համար` ունեւորները. է, թողէք, թող ունեւորները վճարեն»:
«Դա էլ կը լինի սոցիալական երկիր, որ թողնեք, որ ունեւորները թանկ վճարեն այն բանի համար, ինչի համար պէտք է վճարեն», - ամփոփել էր «ՀայՌուսգազարդ»-ի փոխնախագահը:

«Ազատութիւն»

0 Պատգամ: