ՍԴՀԿ.– Ստեղծւած իրավիճակը պայթունավտանգ է եւ կարող է բերել քաղաքացիական անհնազանդութեան


17:02 / 17.02.2010
Սոցիալ դեմոկրատական Հնչակեան կուսակցութիւնը (ՍԴՀԿ) փաստում է, որ Հայաստանը գտնւում է համակարգային` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մէջ եւ չկայ մի ոլորտ, որտեղ կարելի լինի գրանցել որեւէ մի դրական առաջընթաց:
«Մրցակցային անհաւասար պայմանները եւ հարկային ծանր բեռը, իրաւական անպաշտպանութիւնը ի չիք են դարձնում մանր եւ միջին գործարարի վերջին ճիգերը: Գործող վարչախումբը նպատակային եւ հետեւողական քայլերով սահմանափակում է նրանց տնտեսական ազատութիւնները, վերջնականապէս ջարդում է տնտեսութեան զարգացման այդ կարեւորագոյն օղակի ողնաշարը»,- ասւած է ՍԴՀԿ (ատենապետ Լիւդմիլա Սարգսեան) յայտարարության մէջ:
«Իշխանութիւնների ապաշնորհ, անհեռատես եւ յանցաւոր անտարբերութեան արդիւնքում սահմանամերձ գիւղերը ամայանում են: ՀՀ քաղաքներից եւ գիւղերից արտագաղթը հասնում է աննախադէպ չափերի:
Գործազրկութիւնն ու ծայրայեղ աղքատութիւնը քաղաքացուն հասցրել են յուսահատութեան վերջին աստիճանին: Այս պայմաններում գազի գնի կտրուկ թանկացումը կը բերի միւս կենսական նշանակութեան ապրանքների շղթայական թանկացման:
ՍԴՀԿ կենտրոնական վարչութիւնը զգուշացնում է ՀՀ գործող իշխանութիւններին, որ ստեղծւած իրավիճակը պայթունավտանգ է, եւ այն կարող է բերել քաղաքացիական անհնազանդութեան, որի հետեւանքները անկանխատեսելի են, ինչպէս նաեւ յայտարարում է, որ հետագայ ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է գործող իշխանութիւնների վրայ»,- ասւած է ՍԴՀԿ յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: