ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

Ո՞րն է լինելու մեր պատասխանը ազատագրւած տարածքները յետ ստանալու, իսկ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը՝ անորոշութեան մէջ թողնելու Բաքւի մտադրութեանը։

Ակնյայտ է, որ նման սցենարը նախապատրաստւում է ոչ միայն Բաքւում, այլեւ Անկարայում։
Թուրքիայի ղեկավարութիւնը ներկայումս իր վրայ է վերցրել Արեւմուտքում հանրային կարծիք ձեւաւորելու բեռը, իսկ Ադրբեջանին հրել է ռուսական դաշտ։ Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի վարչապետը, նախագահը, արտգործնախարարը եւ խորհրդարանի նախագահը իրենց շարունակական յայտարարութիւններով վերածւել են իւրայատուկ «Ղարաբաղեան բլբուլների»՝ այս առումով գերազանցելով Մոսկւայում Ադրբեջանի դեսպան, տխրահռչակ Բիւլբիւլօղլուին։
Միաժամանակ նրանք օրնիբուն զանգում են մէկ Վաշինգտոն, մէկ՝ Մոսկւա, մէկ՝ Փարիզ՝ միջազգային ասպարէզում ստեղծելով համընդհանուր իրարանցում եւ ինչ-որ մօտալուտ իրադարձութիւնների հիւանդագին սպասումներ։ Պարզ է, որ այս համակարգւած քարոզարշաւի միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը աշխատում են միջազգային ճնշումները կենտրոնացնել ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վրայ։ Եւ ահա Եւրոպայից ու ԱՄՆ-ից արդէն հնչում են «պատւիրւած ակնարկներ» առ այն, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կարող է զիջումներ պարտադրել Հայաստանին, բայց չգիտես ինչու դա չի անում։
Ստացւում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մեր դէմ արդէն գործարկւել է ուղղակի եւ անուղղակի (Ռուսաստանի միջոցով) ճնշումների մի ամբողջական, համակարգւած մեխանիզմ, որն աշխատում է ժամացոյցի ճշգրտութեամբ։ Զուգահեռաբար, 1920 թւականի ապրիլեան յայտնի իրադարձութիւնների օրինակով, Բաքուն պատրաստւում է առերեւոյթ «անձնատուր լինել» Մոսկւային, քաջ գիտակցելով, որ ներկայ հանգրւանում կարեւորը Ղարաբաղեան ճակատում առկայ ստատուս քվոյի վերացումն է, ինչը կը յանգեցնի անդառնալի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ոչ միայն Հայաստանի, այլեւ հէնց Ռուսաստանի համար։ Քանզի «աւանսը», որ կարող է ստանալ Բաքուն, ոչ թէ կը բաւարարի, այլ միայն ու միայն կը մեծացնի նրա ախորժակը, իսկ ահա Թուրքիայի համար այն կը դառնայ Արեւմուտքի աջակցութեամբ ԼՂՀ կարգավիճակի հարցը վերջնականապէս թաղելու հնարաւորութիւն։ Եւ այդ պարագայում կրկին ասպարէզ կը բերւի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը մոռացութեան տալու դիմաց ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրին թուրք-ադրբեջանական աջակցութեան խոստումը։
Ուրեմն առանց ԼՂՀ կարգավիճակի յստակեցման, Ղարաբաղեան ստատուս քվոյի ցանկացած փոփոխութիւն առաջ է բերելու այնպիսի «շղթայական ռեակցիա», որի հետեւանքները սրբագրելու համար անխուսափելի է դառնալու նոր պատերազմը, քանզի պատերազմը կանխելու միակ հնարաւորութիւնը ուժերի ներկայ յարաբերակցութեան պահպանումն է, որ յենւում է հէնց ստատուս քվոյի վրայ։
Ուրեմն Ադրբեջանի կեղծ «անձնատւութեան» դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրւած տարածքների զոհաբերութիւնը ոչ միայն Երեւանի, այլեւ Մոսկւայի համար կարող է դառնալ վաղւայ տարածաշրջանային մեծ պատերազմի նախերգանքը։
Հարց է առաջանում. իսկ մի՞թէ Ադրբեջանի ներկայ ռազմաշունչ կեցւածքի պայմաններում հակառակ տարբերակը, այսինքն՝ ստատուս քվոյի պահպանումը, 100 տոկոսով երաշխաւորում է երկարատեւ խաղաղութիւնը։ Խաղաղութիւնը՝ ո՛չ, բայց անվտանգութիւնը երաշխաւորում է, քանզի ադրբեջանական բլից-կրիգը ուղղակի բացառւում է, իսկ ահա երկարատեւ պատերազմի հաւանականութիւնը մեր տարածաշրջանում հաւասար է զրօ–ի։
Այսպիսով, ներկայումս ստեղծւել է մի այնպիսի վիճակ, երբ հայկական կողմի համար իր ներկայ դիրքերից նահանջն ուղղակի մահւան է հաւասարազօր։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Հայոց Աշխարհ»

0 Պատգամ: