Հայ ներգաղթեալի ինքնասպանութեան համար Գերմանիայի ընդդիմութիւնը մեղադրում է իշխանութեանը
18:56 • 31.07.10
Գերմանիայում կախւելու միջոցով ինքնասպանութիւն է գործել արտաքսման ենթակայ 58-ամեայ հայազգի Սլավիկ Կ-ն։ Նա կախւել է Ներքին Սաքսոնիայում արտաքսման ենթակայ անձանց համար նախատեսւած վայրում։ Ինչպէս յայտնում է «Ռեգնումը», շրջանի իշխանութիւնները քննարկում են մահացածի կնոջ արտաքսման հարցը։ Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ նրանց որդին երկրում օրինական է բնակւում և ստացել է մշտական բնակութեան իրաւունք։
Գերմանիայի ՆԳՆ-ն չի կարծում, որ իշխանութիւններն են մեղաւոր հայ ներգաղթեալի ինքնասպանութեան համար։ Իսկ ընդդիմադիր «կանաչների» կուսակցութեան ներկայացուցիչները բազմիցս քննադատութեամբ են հանդէս եկել նման վայրերում մարդկանց պահելու դէմ և պահանջել հրաժարւել երեխաներին, հոգեպէս անհաւասարակշիռ մարդկանց կալանաւորելուց՝ նաև անընդունելի համարելով ընտանիքի անդամներին բաժանելը։
Ընդդիմութիւնը իշխանական մարմիններին քննադատում է այն բանի համար, որ վերջիններս մտադիր էին ամէն գնով երկրից արտաքսել Սլավիկ Կ.-ին, որի փաստաթղթերում թերութիւններ են եղել։ Ինչպէս գրում է Hannoversche Allgemeine Zeitung թերթը, տղամարդու փաստաթղթերում անճշտութիւններ կային. պարզ չէր՝ նա Հայաստանից է եկել, թէ Ադրբեջանից։ Սակայն նախօրէին Գերմանիայի ՆԳՆ-ից յայտնել են, որ հայկական կողմը հաստատել է մահացածի՝ ՀՀ քաղաքացի լինելը։
Սլավիկ Կ.-ն կախւել է պատուհանի վանդակաճաղից թէյնիկի մալուխով։ «Կանաչները» համոզւած են, որ ինքնասպանութեան պատճառը Ներքին Սաքսոնիայի իշխանութիւնների անմարդկային վերաբերմունքն է։

Tert.am

0 Պատգամ: