ԼՂՀ ԱԳՆ գրադարանը համալրւել է «Արցախ» գրքով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան գիտական գրադարանը նւէր է ստացել եպիսկոպոս Մակար Բարխուդարեանցի «Արցախ» գրքի ռուսերէն տարբերակը, որը լոյս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Նաուկա» /գիտութիւն/ հրատարակչութիւնում:
Հրատարակութիւնը պատրաստել են Բելլա և Վահէ Գրիգորեանները, հայերէնից թարգմանութեան հեղինակն է Նելսոն Ալէքսանեանը: Թարգմանութեան ժամանակ պահպանւել են բոլոր նրբերանգներն ու հեղինակի տերմինաբանութիւնը:
Առաջին անգամ գիրքը հայերէն լեզւով հրատարակւել է 1895թ-ին Բաքւում: Այն ունի պատմական և աղբիւրագիտական բացառիկ նշանակութիւն: Պատմաբան, ազգագրագէտ, մանկավարժ, հոգևոր գործիչ, ծնունդով արցախցի Մակար Բարխուդարեանցը տեղեկութիւններ է տւել երկրի բնական ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի, ժողովրդագրութեան մասին, նկարագրել է պատմական յուշարձանները, հաւաքել և վերծանել է տապանաքարերի, եկեղեցական և վանական պատերի գրութիւնները: Գիրքը բազմիցս օգտագործւել է գիտական ուսումնասիրութիւններում, որպէս ուղեցոյց է ծառայել Արցախի հետագայ նկարագրութիւններում և առ այսօր էլ երկրի նիւթական և հոգևոր մշակոյթի մասին ամբողջական պատկերացում տւող բացառիկ աշխատութիւն է մնում:
Գրքի ռուսերէն թարգմանութիւնը նւիրւած է Ղարաբաղ-Արցախի ազատութեան և անկախութեան համար նահատակւած զինւորների և խաղաղ բնակիչների յիշատակին:
Երկրագէտների, պատմաբանների, աստւածաբանների, քաղաքագէտների և սովորական ընթերցողների համար նախատեսւած այս գրքի թարգմանութիւնը թոյլ է տւել ընդլայնել Արցախի մասին ստոյգ տեղեկատւութիւն ստանալ ցանկացողների շրջանակը: Գիրքը տարածւել է Սանկտ-Պետերբուրգի և Մոսկւայի հեղինակաւոր գիտական հաստատութիւններում և գրադարաններում: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից:
ARrmAr.

0 Պատգամ: