ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑ

ԿԱՏԱՐԵՑ ԱԲԽԱԶԻԱ





Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անսպասելի, չյայտարարւած այցելութիւն կատարեց Աբխազիա։
Աբխազիայի անկախութիւնը ճանաչելուց յետոյ սա Ռուսաստանի նախագահի առաջին այցելութիւնն է Աբխազիա։
Կարճատեւ աշխատանքային այցի ընթացքում Աբխազիայի նախագահ Սերգէյ Բաղապշի հետ հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թէ Ռուսաստանը զարգացնելու է «ամբողջ համալիր յարաբերութիւնները Աբխազիայի հետ` քաղաքական, տնտեսական ու անվտանգութեան ոլորտներում»։
Նա խորհրդանշական է համարել, որ Աբխազիա է այցելում օգոստոսին։ «Ուղիղ երկու տարի առաջ տեղի ունեցան յայտնի ծանր դէպքերը Հարաւային Օսիայում, որոնց հետեւանքով սկսւեցին մի ամբողջ շարք քաղաքական գործընթացներ, ներառեալ Աբխազիայի ու Հարաւային Օսիայի անկախութեան ճանաչումը որպէս միջազգային իրաւունքի անկախ սուբյէկտներ», - յայտարարել է Ռուսաստանի նախագահը` աւելացնելով, թէ Ռուսաստանի համար այդ որոշումն ընդունելը «հեշտ չէր, բայց ժամանակը ցոյց տւեց, որ դա ճիշտ որոշում էր»։
Մեդվեդեւը այցելել է Գուդաուտայում տեղակայւած ռուսական ռազմակայան։ Նա հաւաստիացրել է, որ իշխանութիւնները հնարաւորը կանեն նրանց նորմալ ծառայութիւնն ու կենցաղը ապահովելու համար։
Նա նշել է, որ անցած երկու տարիները հեշտ չէին, բայց այդ ընթացքում յաջողւել է խաղաղ կեանք ապահովել։
Նա ասել է, որ Աբխազիայում եւ Հարաւային Օսիայում ծառայող ռուսաստանցի զինւորականները «թոյլ չեն տալիս որոշակի ծայրայեղական ուժերին թելադրելու սեփական մօտեցումները, թշնամութիւն եւ ատելութիւն սերմանել ու արիւն թափել»:
Ռուսաստանի նախագահը կիրակի օրը շրջել է Սուխումիում` զրուցելով ծովափին հանգստացող ռուս զբօսաշրջիկների հետ, ասել է, թէ Ռուսաստանը օգնութիւն է ցուցաբերելու Աբխազիայի օդանաւակայանը եւ օդային հաղորդակցութիւնը վերականգնելու համար։
Նրա խօսքերով` Աբխազիան ունի բոլոր հնարաւորութիւնները Սեւ ծովի զբօսաշրջութեան կենտրոններից մէկը դառնալու համար։
«Կեանքը փոխւում է, եւ ես ուրախ եմ, որ դուք այստեղ հանգստանում էք, որ այստեղ Ձեզ դուր է գալիս։ Իսկ մենք կօգնենք», - ասել է նա ռուս զբօսաշրջիկներին։
Սերգէյ Բաղապշն ասել է, որ հիմա Աբխազիայում մէկ միլիոնից աւելի զբօսաշրջիկ է հանգստանում` համեմատելով, որ խորհրդային ժամանակներում 2-2.5 միլիոն զբօսաշրջիկ էր ժամանում Աբխազիա։
Մեդվեդեւն այցել է Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայ, Պուշկինի անւան հանրակրթական դպրոց։ Նա նաեւ ծաղկեպսակ է դրել վրաց - աբխազական պատերազմի ժամանակ զոհւածների յուշարձանին։


Հրաչ Մելքումեան

«Ազատութիւն»


0 Պատգամ: