Պաշտօնական Անկարան նոյն նժարի վրայ դրեց
Դինքին և նացիստներին
16:07 • 14.08.10
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը դեռևս իր ողբերգական մահւանից մէկ շաբաթ առաջ դիմել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարան (ՄԻԵԴ)` բողոքարկելով Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածի յատկանիշներով իր դէմ կայացրած թուրքական դատարանի որոշումը։ Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ ՄԻԵԴ էր դիմել նաև նրա ընտանիքը` Հրանտի ներկայացրած բողոքին աւելացնելով այն, որ չնայած թուրք իրաւապահները նախօրոք իմացել են Դինքի սպանութեան մասին, ոչինչ չեն արել այդ ոճրագործութիւնը կանխելու նպատակով:
Եւ ահա ՄԻԵԴ-ը, ի մի բերելով ինչպէս Հրանտի, այնպէս էլ նրա ընտանիքի անդամների ներկայացրած դիմումները, թուրքական իշխանութիւններից պահանջել էր ներկայացնել պաշտպանութիւն: Թուրքական իշխանութիւնների ներկայացրած պաշտպանութեան տեքստի, ինչպէս նաև Դինքի ընտանիքի ներկայացրած դիմումի մանրամասները ներկայացնում է թուրքական Vatan օրաթերթը, սակայն մինչև դրան անցնելը մի փոքր յիշեցում այն մասին, թէ թուրքական դատարանը Հրանտ Դինքին ինչի համար էր դատապարտել ՔՕ 301-րդ յօդւածով, այսինքն` «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» համար:
2005թ. հոկտեմբերի 7-ին Շիշլիի դատարանը 6-ամսեայ պայմանական ազատազրկման դատապարտեց խմբագրապետին Քրէական օրէնսգրքի չարաբաստիկ 301-րդ յօդւածով` «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» համար: Այդ վճռի իրականացումը սակայն հետաձգւել էր: Դինքին նման մեղադրանք էր առաջադրւել թիւրիմացաբար: Այսինքն, խմբագրապետը, իր յօդւածներից մէկում դիմելով հայերին, կոչ էր արել «մի կողմ դնել թուրքերի նկատմամբ տածած թշնամանքը, որը թունաւորում է նրանց արիւնը», ինչպէս նաև «հանգիստ թողնել թուրքերին և զբաղւել Հայաստանով, որպէսզի թունաւոր արեան փոխարէն նրանց երակներում հոսի մաքուր արիւն»: Եւ ահա Հրանտ Դինքի խօսքերի սխալ մեկնաբանութեամբ թունաւոր արիւն էր դիտւել հենց թուրքականը, ինչի արդիւնքում էլ դատարանը, այդ ամէնը որակելով որպէս վիրաւորանք` ուղղւած «թուրքական ինքնութեանը», Դինքին դատապարտել էր 6-ամսեայ պայմանական ազատազրկման:
Հրանտ Դինքը դատավճռի առնչութեամբ հանդէս էր եկել յայտարարութեամբ և արել հետևեալ պարզաբանումը. «Երբ ասում էի թունաւոր արիւն, նկատի ունէի թուրքերի դէմ գոյութիւն ունեցող թշնամանքը: Ես կարծում եմ, որ այդ թունաւոր արիւնը թուրքերի նկատմամբ թշնամանքով թունաւորւած հայի արիւնն է, որը պէտք է մաքրւի»: Դինքը բողոքարկել էր թուրքական դատարանի վճիռը, սակայն 2006թ. յուլիսին Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր խմբագրապետի դէմ Շիշլիի դատարանի կայացրած վճիռը, ըստ որի վերջինս դատապարտւել էր 6-ամսեայ պայմանական ազատազրկման:
«Հրանտ Դինքը, դատապարտւելով «թուրքական ինքնութիւնը» վիրաւորելու մեղադրանքով, դարձել էր թիրախ ազգայնական շրջանակների համար: Հակառակ գիտական շրջանակների կողմից հրապարակւած զեկոյցին, որ Հրանտի յօդւածը որևէ յանցագործութեան տարր իր մէջ չի պարունակում, նրան դատապարտեցին: Հրանտին դատապարտելիս` նրա յօդւածն ամբողջութեամբ քննութեան չի առնւել և ուշադրութիւն չի դարձւել այն համգամանքին, որ յօդւածում տեղ գտած «Հանգիստ թողնել թուրքերին և զբաղւել Հայաստանով, որպէսզի թունաւոր արեան փոխարէն նրանց երակներում հոսի մաքուր արիւն» խօսքերով Դինքը քննադատել է Սփիւռքին: Սակայն դատաւորներն այդ յօդւածին տւեցին ցեղապաշտական երանգ: Դինքը դատապարտւեց Հայ լինելու համար և նրա նկատմամբ իրականացւեց խտրականութիւն»,- նշւում է Հրանտ Դինքի ընտանիքի կողմից ՄԻԵԴ-ին ներկայացւած դիմումում:
«Դինքի նկատմամբ 301-րդ յօդւածի յատկանիշներով կայացւած դատավճիռը, որն աւելի ուշ անփոփոխ էր թողել Թուրքիայի Վճռաբեկ դատարանը, նրա մահւան պատճառով չեղեալ է յայտարարւել: Իսկ նրա ընտանիքը կայացւած այդ որոշումից ուղղակիօրէն որևէ վնաս չի կրել և «տուժած» կողմ չի կարող համարւել: Գերմանիայում նացիստական կազմակերպութիւններից մէկի առաջնորդը դատապարտւել էր այն բանի համար, որ նացիոնալիստական սոցիալիզմը պաշտպանող և գովաբանող յօդւած էր հրապարակել: Իսկ ՄԻԵԴ-ն այդ վճիռը ճիշտ էր համարել:
Ժողովրդավարական հասարակութիւնում նման յօդւածները (Դինքի դատապարտման համար պատճառ դարձած յօդւածը) միտւած են սադրելու ժողովրդին և խախտելու հասարակական կարգը։ Եւրախորհրդի նախարարների կոմիտէն «ատելութեան խօսքը խոչընդոտելու» առնչութեամբ խորհրդատւական բնոյթի որոշում է կայացրել: Դինքի յօդւածում առկայ է «ատելութեան խօսք», իսկ նրա դէմ ներկայացւած մեղադրանքը նրա արմատների հետ որևէ առնչութիւն չունի»,- նշւում է թուրքական իշխանութիւնների ներկայացրած պաշտպանութեան տեքստում։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment