Թուրքիայում սպանւած յղի հայուհու մայրը դստեր դիակը

չի տեսել.

Դիակն արդէն թաղւած է եղել



Օգոստոս 16, 2010 15:37
Թուրքիայում անհետ կորած եւ ըստ նախնական տեղեկութիւնների՝ սպանւած ՀՀ քաղաքացի Աննա Դաւթեանի մայրը՝ տիկին Կարինէն, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նոր մանրամասներ է յայտնել դստեր հետ տեղի ունեցածի մասին: Նա հաստատել է լուրն այն մասին, որ դստեր ենթադրեալ դիակը յայտնաբերւել է Տրապիզոնի շրջակայքի ջրանցքներից մէկում: Դիակը եղել է նեխած եւ այլակերպւած: Այդ մասին նրան յայտնել է թուրքական ոստիկանութիւնը, նշելով, որ դիակը պատահաբար յայտնաբերել են ընկոյզ հաւաքողները՝ Աննայի կորելուց մօտ 10 օր անց:
Տիկին Կարինէն պատմեց, որ դուստրը Թուրքիայի Անթալիա քաղաք էր մեկնել հանգստանալու: Նա նշեց, որ վերջին անգամ դստեր հետ խօսել է յուլիսի 17-ին: «Մենք անընդհատ զանգում էինք, կապի մէջ էինք, ինքն էլ էր զանգում: Վերջին անգամ որ զանգեց, ասաց՝ գալիս եմ, մի քանի ժամից տանը կլինեմ: Իսկ դրանից յետոյ … կապը ընդհատւեց»,-նշեց Աննայի մայրը: Տեսնելով, որ Աննան ուշանում է, տիկին Կարինէն մեկնում է Թուրքիա՝ դստերը փնտրելու: Թուրքիայում նրան է միանում նաեւ դստեր ամուսինը (նրա անունը տիկին Կարինէն այդպէս էլ չասաց), ով բնակւում է Անգլիայում, եւ միասին սկսում են փնտրել Աննային:
Տիկին Կարինէն պատմեց, որ դստեր դիակն անձամբ չի տեսել, ինչպէս յայտնել էին որոշ լրատւամիջոցներ, այլ տեսել է միայն դիակի լուսանկարները: Իսկ լուսանկարում պատկերւած են եղել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը, իսկ դէմքը՝ ոչ: «Իմ տպաւորութեամբ, լուսանկարում պատկերւած ձեռքերն ու ոտքերը նման էին աղջկաս ձեռքերին ու ոտքերին»,-ասաց նա: (Տիկին Կարինէն, ի դէպ, Թուրքիայից վերադառնալուց յետոյ հարեւաններին պատմել էր, որ հարիւր տոկոսով համոզւած չէ, որ իր տեսած լուսանկարներում պատկերւած է եղել դուստրը եւ յոյս էր յայտնել, որ գուցէ իր աղջիկը ողջ է): Ի դէպ, երբ Աննայի մայրը ցանկացել է տեսնել իր դստեր ենթադրեալ դիակը, նրան յայտնել են, որ այն արդէն թաղւած է: Իսկ թէ որտեղ՝ գաղտնի են պահել: Ինչ վերաբերում է ԴՆԹ-ի անալիզին, որի միջոցով պէտք է տեղի ունենայ դիակի նոյնականացումը, տիկին Կարինէին յայտնել են, որ դիակից մասունքներ են վերցրել, որոնց հիման վրայ էլ անցկացւելու է անալիզը: Թէ ե՞րբ են յայտնի դառնալու անալիզի արդիւնքները՝ տիկին Կարինէն տեղեակ չէր: «Անընդհատ զանգում եմ, որ իմանամ, բայց ստոյգ բան չեն ասում»,-նշեց նա: (Սովորաբար նման անալիզների պատասխանները յայտնի են դառնում մէկուկես-երկու ամսում): Նա այլ մանրամասներ չհաղորդեց մեզ, քանի որ շատ յուզւած էր եւ զրոյցի ընթացքում արտասւում էր: Միայն նշեց, որ սեպտեմբերին պէտք է թոռնիկ ունենար. պէտք է ծնւէր Աննայի երեխան:


Հեղինէ Մանուկեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: