Չվերաօծւած Եկեղեցում Պատարագ Մատուցելը Նոյնն է,

Ինչ Ես Փողոցում Բռնեմ Ու Որևէ Զոյգի Պսակեմ

Բանավէճ



15:46 • 16.08.10
Թուրքական կողմն իր քաղաքական նպատակներին հասնելու համար քարոզչական ոչ մի միջոց չի խնայում։ Սուրբ խաչ եկեղեցում Պատարագ մատուցելու վերաբերեալ տեղեկատւութիւնը հերթական քարոզչութեան ձև է , որի նպատակն աշխարհին երկու ժողովուրդների կեղծ բարեկամութիւնը ցոյց տալն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասեանը՝ նշելով, որ թուրքերը միշտ էլ կարողանում են պատեհ առիթն օգտագործել իրենց շահերի համար։
«Նրանց նպատակը պարզ է. շուտով՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բարձրացւելու է Թուրքայի անդամակցութեան հարցը Եւրամիութեանը, ԱՄՆ սենատում Հայոց Ցեղապանութեան հարցը դարձեալ քննարկւելու է։ Այս համատեքստում թուրքական կողմը շարունակում է իր շօուն՝ աշխարհի աչքին թոզ փչելով»,- ընդգծեց բանախօսը։
Նրա խօսքով՝ եկեղեցին այսօր վերածւել է թանգարանի. «Ես ինքս մի քանի օր է՝ վերադարձել եմ այնտեղից, եղել եմ եկեղեցում։ Եկեղեցու անունը Սուրբ խաչ է, սակայն գմբէթի խաչը չկայ, և, իմ տեղեկութիւններով, խաչը նրանք մէկ օրով են ուզում տեղադրել։ Եթէ հայկական եկեղեցի է, խաչը պէտք է մնայ և այն որպէս եկեղեցի ծառայի, բայց այսօր այն դարձրին թանգարան։ Մենք փորձեցինք նոյնիսկ այնտեղ աղօթք անել, բայց եկան ու արգելեցին»։
Ըստ Մինասեանի՝ եկեղեցում արձանիկներ, պեղումների արդիւնքում յայտաբերւած նմուշներ, կիսանդրիներ են ցուցադրւած, որոնք պատկանում են տարբեր ազգութիւններին։ Նրա խօսքով՝ հայկական յուշարձանների նկատմամբ վանդալիզմ դրսևորած Թուրքիան նաև այդ յուշարձանների սեփականաշնորհմամբ է զբաղւում։ «Թուրքերը պատմական յուշարձանները սեփականացնելու, հայկական արձանագրութիւնները վերացնելու գործում վարպետացել են»,- ընդգծեց բանախօսը։
Գրականութեան ինստիտուտի փոխտնօրէն Վարդան Դևրիկեանը, սակայն, կոչ է անում չքաղաքականացնել հարցն՝ ընդգծելով, որ սա հոգևոր հարց է, եկեղեցական արարողութիւն։ Ըստ նրա՝ հայկական կողմը պէտք է անպայման մասնակցի այդ պատարագին։ Թուրքիայի տարածքում այլ ազգութիւններին պատկանող եկեղեցիներ էլ կան, որոնց հանդեպ թուրքական իշխանութիւնները նոյն վերաբերմունքն են դրսևորում։ Միւս ազգերը մասնակցում են իրենց եկեղեցիներում պատուցւող պատարագներին, իսկ հայերը չմասնակցելով՝ կներկայանան որպէս անհարդուրժող և ագրեսոր։
Վարդան Դևրիկեանին մտահոգում է մի խնդիր, որին, ըստ նրա, հայկական կողմը չի անդրադարձել. Սուրբ խաչը չի վերաօծւել։ «Համաձայն հայանստանեան եկեղեցու կանոնների՝ մի եկեղեցի, որը որոշ ժամանակ չի գործում, անպայման պէտք է վերաօծւի։ Չվերաօծւած եկեղեցում պատարագ մատուցելը նոյնն է, ինչ ես փողոցում բռնեմ ու որևէ զոյգի պսակեմ»,- ընդգծեց նա՝ յաւելելով, որ չօծւած եկեղեցում հոգևոր արարողութիւնը հոգևոր խեղկատակութեան կվերածւի։
«Եթէ Վէմ-քարը չօծւի և Հայաստանից չտարւի, դարձեալ Պատարագի իմաստը կը կորի։ Եթէ Վէմ-քարը բացակայում է, եկեղեցին դադարում է եկեղեցի լինել»,- ասաց Դևրիկեանը՝ նշելով, որ Հայ հոգևոր առաջնորդների ուշադրութիւնը հրաւիրում է այս հարցերի վրայ։

Tert.am
**** Կարդալ նաեւ հետեւեալ յօդւածի յետ գրութիւնը.–
http://vartandavtian.blogspot.com/2010/08/blog-post_5501.html

0 Պատգամ: