«Չի կարող անսահման լինել մեր սպասումը, Հայաստանը պէտք է վերջակէտ դնի ու յետ վերցնի իր ստորագրութիւնը արձանգրութիւնների տակից»
14:21 • 13.08.10
«Մի օրով սահմանը բացելը, կարծում եմ, իմաստ չունի միջպետական յարաբերութիւնների տեսակէտից, ինչ առիթով էլ, որ բացւելու լինի»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում յայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով այն տեղեկութեանը, որ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զօրավարժութիւնների համար թուրքական զինւած ուժերը հնարաւոր է՝ Հայաստան գան Վրաստանի սահմանով։
Ըստ Մանոյեանի, Հայ–թրքական սահմանի բացումը միջպետական յարաբերութիւնների տեսանկիւնից իմաստ չունի, եթէ անգամ այն բացւի 2, 3 օրով կամ էլ նոյնիսկ մէկ շաբաթով։
Անդրադառնալով Հայ–թրքական Արձանագրութիւններին՝ ՀՅԴ գործիչն ասաց. «Իսկապէս, այսօրւայ վիճակով մենք Թուրքիային ոչ մի շահագրգռւածութեան տեղ չենք թողել, որ նա վաւերացնի այդ անիծեալ արձանագրութիւնները, որովհետև ինքն արդէն այս արձանագրութիւններով ստացել է համարեա 80 տոկոսն այն ամէնի, ինչ որ պէտք է ստանար արձանագրութիւնների վաւերացման դէպքում։ Եւ 80 տոկոսը ստացել է՝ ոչինչ չտալով, քանի որ վաւերացման դէպքում պէտք է սահմանը բացի, շրջափակումը վերացնի»։Կիրօ Մանոյեանը վստահ է, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է փոխեն գործընթացը սառեցնելու կեցւածքը, քանի «որ չի կարող անսահման լինել մեր սպասումը»։ Ըստ նրա, Հայաստանը «պէտք է վերջակէտ դնի ու յետ վերցնի իր ստորագրութիւնը արձանգրութիւնների տակից»՝ գործընթացը շարունակելով միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում կլինեն առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորելու պատրաստ քաղաքական ուժեր։ Իսկ Հայաստան–Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը, Կիրօ Մանոյեանի համոզմամբ, կարելի է փաստել նաև «մի էջանոց արձանագրութիւնով»։
Պարզաբանելով, թէ ինչ 80 տոկոսի մասին է խօսքը, որ ստացել է Թուրքիան, Կիրօ Մանոյեանը նշեց, որ նախ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձև ընդունելուց հրաժարւեցին ԱՄՆ–ն, Անգլիան, Շւէդիան՝ ասելով, թէ կողմերը որոշել են խնդիրը քննարկել արձանագրութիւններով նախատեսւող ենթայանձնաժողովում։ Բացի այդ, միջազգային հանրութիւնը սահմանների ճանաչման հարցը սկսեց մեկնաբանել այնպէս, թէ Հայաստանը Թուրքիայից չունի պահանջներ։ Եւ երրորդ, ըստ Մանոյեանի, Թուրքիան հնարաւորութիւն ստացաւ ԼՂ խնդրում իր կարծիքը յայտնելու միջազգային հանրութեան առջև։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment